ՄԻՊ-ը Գառնիկ Դանիելեանին սպառնո՞ւմ է քրէական վարոյթով

ՄԻՊ-ը Գառնիկ Դանիելեանին սպառնո՞ւմ է քրէական վարոյթով

Մարդու իրաւունքների պաշտպան Անահիտ Մանասեանին բարկացրել է ԱԺ պատգամաւոր ընդդիմադիր պատգամաւոր Գառնիկ Դանիելեանի գրառումը ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին։ Անահիտ Մանասեանը նոյնսիկ սպառնացել է օրէնսդիր մարմնի ներկայացուցչին։

Պատգամաւորը ֆեյսբուքեան իր էջում ահազանգել է.

«ՀՀ քրէակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է։

Տարրական պայմանների բացակայութիւնն ու ոչ պատշաճ վերաբերմունքը դրդում են ազատազրկուած անձանց դիմելու ծայրահեղ միջոցների՝ հացադուլի, ինքնաւնասման, ինքնասպանութեան։

Վերջին տարիներին ՔԿՀ-ներում մահուան եւ ինքնասպանութեան բազմաթիւ դէպքերը պէտք է ընդունել ահազանգ։

Բազմիցս խօսել եմ այն մասին, որ կարիքի դէպքում ազատազրկուածներին շատ յաճախ չէն տրամադրւում անհրաժեշտ դեղորայք եւ բժշկական ծառայութիւն, ինչն էլ յանգեցնում է ծանր հետեւանքների։ Տպաւորութիւն է, որ որեւէ մէկին հետաքրքիր չէ այս անձանց առողջական վիճակը։
Քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիւ չլուծուած խնդիրներ՝ կապուած ջրի որակի, դարակաշարերի, եւ ընդհանրապէս՝ կահոյքի բացակայութեան հետ։
Այս ամէնի մասին բարձրաձայնել եմ դեռեւս ամիսներ առաջ․ աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել Արդարադատութեան արդէն իսկ նախկին փոխնախարարի հետ, որին փոխանցել ենք մեր առաջարկութիւնները։ Նորանշանակ նախարարի ներկայութեամբ եւս խօսել եմ այս խնդիրների մասին։
Այստեղ իր անելիքը պէտք է ունենար ՄԻՊ-ը, որը շրջայցերի արդիւնքում անձամբ պէտք է արձանագրեր այս բոլոր խնդիրները՝ պահանջելով իշխանութիւններից հրատապ լուծումներ։
Ցաւօք, ո՛չ սոյն անձնաւորութիւնը, ո՛չ էլ Արդարադատութեան նախկին եւ ներկայ նախարարները որեւէ քայլ չէն ձեռնարկում իրավիճակը շտկելու, ազատազրկուած անձանց հանդէպ վերաբերմունքը վերանայելու ուղղութեամբ»։

ՄԻՊ աշխատակազմը պատգամաւորի գրառումից յետոյ տարածել է հաղորդագրութիւն, որտեղ ասուած է.

«Ազգային ժողովի պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը ֆեյսբուքեան իր էջում գրառում է կատարել ՀՀ քրէակատարողական հիմնարկներում առկայ մի շարք խնդիրների վերաբերեալ՝ Մարդու իրաւունքների պաշտպանի հասցէին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ, իբր «վերջինս քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղութեամբ»:

Սոյն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է,  այլ  իր իրականացրած մնացեալ քայլերի համատեքստում առերեւոյթ կարող է պարունակել նաեւ քրէական օրէնսգրքով սահմանուած արարքի յատկանիշներ: Սոյն պատգամաւորին յորդորում ենք ծանօթանալ Մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնական հարթակներում ազատութիւնից զրկման վայրեր, այդ թւում՝ քրէակատարողական հիմնարկներ անձամբ Մարդու իրաւունքների պաշտպանի եւ նրա յանձնարարութեամբ` իր ներկայացուցիչների կողմից իրականացուող պարբերական այցերի, դրանց արդիւնքում արձանագրած խնդիրների վերաբերեալ հրապարակումներին, Պաշտպանի` որպէս կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկոյցներին, որոնք, ի դէպ, իւրաքանչիւր տարի քննարկւում են Ազգային ժողւում, արտահերթ զեկոյցներին, որոնցից մէկը հրապարակուել է նախորդ տարուայ աւարտին, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների պաշտպանի հրապարակային բազմաթիւ ելոյթներին եւ զերծ մնալ  հասարակութեան շրջանում թիւր կարծիք ձեւաւորելու փորձերից:

Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոնշեալ խնդիրների վերաբերեալ Պաշտպանի կողմից պարբերաբար կազմակերպւում են քննարկումներ, որոնց հրաւիրւում են ինչպէս իրաւասու գերատեսչութիւնների ներկայացուցիչներ, այնպէս էլ Ազգային Ժողովի պատգամաւորներ:
Ազատութիւնից զրկման վայրերում տեղի ունեցած բազմաթիւ դէպքերի հետ կապուած հէնց Մարդու իրաւունքների պաշտպանն է հաղորդում ներկայացրել, ինչի արդիւնքում այժմ առկայ են նաեւ քրէական վարոյթներ: Բացի այդ, ազատութիւնից զրկուած անձանց իրաւունքների հետ կապուած բազմաթիւ խնդիրներ ամենօրեայ ռեժիմով լուծում են ստանում հէնց Պաշտպանի միջամտութեան արդիւնքում:

Աւելին, այժմ հրապարակային քննարկուող խնդիրների մեծ մասը նոյնիսկ հասանելի չի եղել դրանք այսօր հրապարակային քննարկող դերակատարներին` մինչեւ Մարդու իրաւունքների պաշտպանի կողմից տարբեր ձեւաչափերով դրանք հրապարակային դարձնելը, քանի որ նման բնոյթի խնդիրներն արձանագրելու լայն մանդատ եւ հնարաւորութիւն ունի հէնց ՄԻՊ-ը:

Ազատութիւնից զրկուած անձանց իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութեան եւ խթանման հետ կապուած հարցերը գտնւում են Մարդու իրաւունքների պաշտպանի ամենօրեայ ուշադրութեան ներքոյ:

Յորդորում ենք պահպանել պատգամաւորական էթիկայի կանոնները եւ ձեռնպահ մնալ ՄԻՊ հաստատութիւններին վերաբերելի միջազգային չափանիշների խախտումներից»։

Share