Վահէ Սարգսեան
Յուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկայ համաձայնեցուած կանոնակարգի նախագիծըՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական յանձնաժողովների ութերորդ հանդիպման արդիւնքների վերաբերեալ մամուլի հաղորդագրութեան կէտէրից մէկում նշուած է հետեւեալը. «Զուգահեռաբար պայմանաւորուածութիւն են ձեռք բերել աւարտին հասցնել Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովի եւ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական յանձնաժողովի համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024 թ. յուլիսի 1-ը եւ մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետութիւնների օրէնսդրութեամբ սահմանուած կարգով եւ պահանջների համաձայն»:
Փաստենք, որ ոչ միայն մինչեւ յուլիսի 1-ը, այլեւ մինչ օրս տեղեկութիւն չկայ այն մասին, որ «սահմանազատող-սահմանագծող» կողմերը յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքներն աւարտին են հասցրել եւ սկսել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը:
Չկայ՛ նման բան: Ապրիլի 19-ից յետոյ՝ մայիսի 15-ին, եղել է եւս մէկ՝ 9-րդ հանդիպումը, որտեղ կրկին քննարկել են կատարուած աշխատանքները կամ, աւելի ճիշտ, Ադրբեջանին հայրենիք յանձնելու դաւադիր գործարքը, եւ վերջ:
Ինչու՞ կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024 թ. յուլիսի 1-ը տեղի չունեցան, ո՞րն է պատճառը: Արդեօ՞ք յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի եւ դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայութեան պայմաններում մինչ օրս տեղի ունեցած սահմանազատումն ու սահմանագծումը, որի արդիւնքում թշնամուն յանձնուեց 4 գիւղատեղի, չի համարւում ապօրինի եւ յանցաւոր արարք:
Արդեօ՞ք յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի եւ դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացի բացակայութեան պայմաններում թոյլատրելի է եւ հնարաւոր է շարունակել այսպէս կոչուած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ինչի մասին յայտարարում է Նիկոլ Փաշինեանը: Պարզ է՝ նշուած ժամկէտների ու պայմանաւորուածութիւնների մասին յայտարարութիւնները հայ հասարակութեան աչքին թոզ փչելու համար են, խաբելու, որ գործընթացը, իբր, ընթանում է քաղաքակիրթ աշխարհում ընդունուած նորմերի եւ ձեւաչափերի հիման վրայ, եւ, որ ամէն ինչ երկկողմանի է: Իրական գէտնի վրայ, ինչպէս տեսնում ենք, գործընթացը, որն իրականում ՀՀ տարածքների դաւաճանաբար յանձնում – շանտաժներով զաւթում է, ընթանում է այնպէս, որ շահում է միմիայն Ադրբեջանը: Տպաւորութիւն է՝ Ալիեւի դիմաց կանգնածը ոչ թէ ինքնիշխան պետութեան ղեկավարն է, այլ Մինգեչաուրի քաղաքագլուխը, ով հլու-հնազանդ կատարում է Բաքուի որոշումները:
Յաւելենք, որ նշուած հարցադրումներն ուղարկել ենք փոխուարչապետ Մհեր Գրիգորեանին, եւ պատասխաններն ստանալուն պէս կը ներկայացնենք: Մհեր Գրիգորեանին հարցրել ենք նաեւ, թէ նշուած գործընթացները «Պետական սահմանի մասին» ՀՀ օրէնքի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրէնքի ո՞ր յօդուածներով են կարգաւորւում:
Եւ վերջում ապագայի համար հռետորական հարցեր. արդեօ՞ք Ադրբեջանի՝ օրաւուր աւելացող նախապայմանների ու շանտաժների պայմաններում թոյլատրելի է իրականացնել սահմանազատում-սահմանագծում, եւ արդեօ՞ք նման պայմաններում իրականացուող գործընթացն ունի իրաւական ուժ: