«ԱԼԻՔ» –Իրանի Պաշտպանութեան նախարար գեներալ Մոհամմադռեզա Աշթիանին, Իրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քերլանգիչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Սիոնիստական ռեժիմը Գազայում չի հասնելու իր նպատակներին եւ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի միջամտութիւնը եւ հովանաւորութիւնն սիոնիստական մանկասպան ռեժիմի ոճրագործութիւնների նկատմամբ աւելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգութեան պայմանները»:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ Պաշտպանութեան նախարարը նշել է, որ Պաղեստինի ռազմիկների ու Դիմադրութեան շարժման գործողութիւնները կատարելապէս արդիւնքն են՝ նրանց դիմադրական ոգու եւ տեղայնական կարողականութիւնների, եւ արձագանգն է մի քանի տասնամեակների ճնշումների ու նւաստացման: Նա յաւելել է. ««Ալ-Աքսայի փոթորիկ» գործողութիւնը, որպէս պաղեստինեան կատարեալ յաջող եւ մեծ նւաճումներով մի գործողութիւն, լաւապէս բացայայտել է սիոնիստական ռեժիմի սին հզօրութիւնը»:
Իրանի Պաշտպանութեան նախարարը իր արտայայտութիւնների այլ բաժնում անդրադառնալով Կովկասի իրադարձութիւններին ընդգծել է, որ տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքային քաղաքականութիւնը՝ տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականութեան ու միատարրութեան պահպանումն է, եւ շեշտել է. «Պէտք է յարգւի տարածաշրջանի երկրների ինքնիշխանութիւնը, եւ անտարակոյս Իրանի ու Թուրքիայի համագործակցութիւնը կարող է արդիւնաւէտ եւ օգտակար հանդիսանալ տարածաշրջանում կայունութիւն եւ անվտանգութիւն ստեղծելու եւ անջատողական քայլերին դիմակայելու հարցով»: