Իրանի փոխարտգործնախարար. «Մեր ջանքերը պէտք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական յարաբերութիւնների փաստաթուղթ ստորագրելու ուղղութեամբ»

Իրանի փոխարտգործնախարար. «Մեր ջանքերը պէտք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական յարաբերութիւնների փաստաթուղթ ստորագրելու ուղղութեամբ»

Մեր ջանքերը պէտք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական յարաբերութիւնների փաստաթուղթ ստորագրելու ուղղութեամբ: Այս մասին յայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետութեան արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտէ Ռաւանչին՝ Regionmonitor.com-ին տւած բացառիկ հարցազրոյցում:

«Յարգելի պարոն Ռաւանչի, ինչպէ՞ս կը գնահատէք Իրան-Հայաստան յարաբերութիւնների ներկայ մակարդակը։ Ի՞նչ նոր ծրագրեր էք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդեօ՞ք կայ հեռանկար համագործակցութիւնն աւելի բարձր մակարդակի հասցնելու եւ այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

– Իրանը եւ Հայաստանը երկու լաւ հարեւաններ են: Մենք վայելում ենք երկու երկրների միջեւ պատմականօրէն գոյութիւն ունեցող լաւ յարաբերութիւնները: Երկու երկրների ժողովուրդներն աւանդաբար լաւ յարաբերութիւններ են ունեցել: Մենք կարծում ենք, որ առկայ է մեծ ներուժ, որը պէտք է օգտագործւի երկու երկրների կողմից՝ երկկողմ յարաբերութիւնները բարելաւելու համար: Կարծում ենք, որ առեւտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել երկու կողմերի համար՝ տնտեսական յարաբերութիւններն ընդլայնելու տեսանկիւնից: Կարծում ենք, որ մշակոյթի ոլորտում կան շատ լաւ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ երկու երկրների միջեւ, ինչպէս Երեւանում եւ Թեհրանում, այնպէս էլ երկու երկրների միւս քաղաքներում: Համագործակցութեան մասով այդպիսի օրինակներ կարող են լինել համալսարանների փոխանակման, ուսանողների փոխանակման, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը եւս: Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պէտք է լրացուցիչ ուսումնասիրել: Ինչպէս օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարեւանների հետ: Իմ կարծիքով կայ մեծ ներուժ, որը կարող է օգտագործւել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, եւս մէկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիւ հարցեր, բազմաթիւ ոլորտներ, որոնց վրայ պէտք է ուշադրութիւն դարձնեն երկու երկրները՝ որպէսզի կողմերի միջեւ առկայ լաւ յարաբերութիւններն աւելի զարգանան եւ ընդլայնւեն: Տեսնում ենք, որ երկու կողմերի մօտ առկայ է հետաքրքրութիւն եւ կան շփումներ երկու երկրների պաշտօնեաների՝ արտաքին գործերի նախարարների եւ նախագահների միջեւ: Երկու ազգերի բարձրաստիճան պաշտօնեաները հետաքրքրւած են փոխանակելու իրենց տեսակէտներն տարբեր առիթներով: Այսպիսով, ամէն ինչ պատրաստ է երկկողմ յարաբերութիւնները բարելաւելու համար, եւ ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարէզում եւս կարող ենք աւելի մեծ համագործակցութիւն ունենալ Միաւորւած ազգերի կազմակերպութեան եւ այլ միջազգային ֆորումների շրջանակներում: Մենք հաւատում ենք, որ կան շատ հնարաւորութիւններ, որոնք պէտք է բացայայտւեն, եւ ինչպէս ասացի, Իրանը եւ Հայաստանը ցոյց են տւել իրենց վճռականութիւնը տարբեր ոլորտներում իրենց յարաբերութիւնները զարգացնելու հարցում:

Արդեօ՞ք հնարաւոր է ռազմավարական յարաբերութիւնների վերաբերեալ փաստաթղթի ստորագրում, կա՞յ այդպիսի հնարաւորութիւն:

– Ըստ իս՝ ինչու ոչ: Մենք կարծում ենք, որ պէտք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղութեամբ, եւ կարծում եմ, որ այդ միտումը կայ, երկու կողմերն էլ ցոյց են տւել հետաքրքրութիւն այդ փաստաթղթի ուղղութեամբ շարժւելու համար: Ես կարծում եմ, որ մենք պէտք է աշխատենք լաւ փաստաթղթի վրայ, որը երկու կողմերի համար կարող է լինել աւելի լաւ յենակէտ՝ ռազմավարական յարաբերութիւններ ունենալու համար: Գուցէ եւ ժամանակ պահանջւի լաւ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հաւատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցոյց են տալիս իրենց հետաքրքրւածութիւնը, մենք պէտք է աշխատենք աւելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար»:

Share