Իրանը պատրաստ է «Չաբահարի» մուտք տրամադրել ոչ միայն Հայաստանին, այլեւ ԵԱՏՄ միւս երկրներին

Իրանը պատրաստ է «Չաբահարի» մուտք տրամադրել ոչ միայն Հայաստանին, այլեւ ԵԱՏՄ միւս երկրներին

Իրանը պատրաստ է «Չաբահար» նաւահանգիստ մուտք տրամադրել Եւրասիական տնտեսական միութեան բոլոր երկրներին։ Այս մասին յայտարարել է Իրանի արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը՝ Եւրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Երեւանում անցկացուող «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխօսութիւն» պանելային քննարկման ժամանակ:

Ինչպէս նշել է նախարարը, Իրանի աշխարհագրական դիրքը նպաստում է դէպի Եւրոպայ բեռների տարանցիկ փոխադրմանը: Նշուած տարանցմամբ անցնում են տարբեր տրանսպորտային միջանցքներ, որոնք կապում են Սեւ ծովը Կասպից ծովի եւ Հնդկական ովկիանոսի հետ։Նրա խօսքով՝ Հնդկական ովկիանոսում իրանական «Չաբահար» նաւահանգիստ մուտք գործելը ԵԱՏՄ-ի հետ համագործակցութեան ուղղութիւններից մէկն է:«Մուտքն արդէն տրամադրուել է Հայաստանին։ Մենք լիովին աջակցում ենք այս նախագծին։ Աւելին` նաւահանգստային ենթակառուցուածքը ԵԱՏՄ բոլոր երկրների համար արդէն պատրաստ է», – նշել է Աթաբակը։

Յիշեցնենք` Հայաստանը, Իրանը եւ Հնդկաստանը ծրագրում են առեւտրային երթուղի գործարկել իրանական «Չաբահար» նաւահանգստի մասնակցութեամբ։Երթուղին նախատեսուած է Պարսից ծոցի երկրներից եւ Հնդկաստանից դէպի ԵՄ եւ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար։

Այսպէս, հնդկական Մումբայ նաւահանգստից բեռները կարող են առաքուել «Չաբահար» նաւահանգիստ (Իրանի հարաւ-արեւելք), որից յետոյ ցամաքային ճանապարհով՝ Հայաստան (կայ՛մ աւտօճանապարհով, կայ՛մ երկաթուղով), այնուհետեւ Վրաստան, եւ արդէն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նաւահանգիստներ, կամ էլ Ռուսաստան (ծովային նաւահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակէտով)։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարեւոր է Իրանի եւ Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիւերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։

Share