Հայաստանի Սիւնիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հիւպատոսութիւն ունենալու մասին իրանական եւ հայկական կողմերի միջեւ պետական մակարդակով համաձայնութիւն կայ: «Արմէնպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսուել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարեւորութիւնը Իրանի եւ Հայաստանի համար»,- յաւելեց նա:
Զոհուրիի ասութեամբ՝ դա շատ լաւ հնարաւորութիւն կը ստեղծի Հայաստանի սահմանակից մարզերի եւ Իրանի սահմանակից նահանգների` Թաւրիզի, Արեւմտեան Ատրպատականի հետ համագործակցութեան առումով, առեւտրաշրջանառութիւնը կարող է նոր թափ եւ նոր իմաստ ստանալ:
«Տարբեր ուղղութիւններով համագործակցութիւններ ենք նախատեսում սահմանակից նահանգների եւ մարզերի միջեւ` գիտական, համալսարանական, տնտեսական եւ այլ ոլորտներում, նաեւ զբօսաշրջութեան ոլորտում շատ լաւ նախագծեր ենք մշակում, որը մօտ ապագայում Սիւնիքում տեղի կունենայ, եւ դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմեանց հետ աւելի լաւ ծանօթանալու գործում»,- ասաց նա
2021 թւականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարութիւնը հաւանութիւն էր տւել Կապանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ երկրի Արտաքին գործերի նախարարութեան առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Վահան Յունանեանը «Արմէնպրես»-ին տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է փոխադարձութեան սկզբունքով Իրանում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու ուղղութեամբ:
«ԱԼԻՔ»