«Փաստ». Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»

«Փաստ». Զարեհ Սինանեանին ԱՄՆ-ում ասել են, որ ներդրում կը լինի միայն «ապազգային իշխանութեան հեռանալու պարագայում»

Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ-ում է գտնւում Սփիւռքի գործերով Փաշինեանի յանձնակատար Զարեհ Սինանեանը։ Համացանցում տեսանիւթեր են հրապարակուել, թէ ինչպէս է Գլենդելում նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ տապալուել, քանի որ դեռ հանդիպումը չսկսած՝ նրանք պաստառներ են պարզել, Արցախի դրօշներ ու վանկարկել՝ «Նիկոլ դաւաճան», «Զարեհ դաւաճան»։

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, Զարեհ Սինանեանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել, կամ գոնէ խոստումներ ստանալը։ Սակայն, մեր աղբիւրների փոխանցմամբ, տապալուել են նաեւ այս նպատակով հանդիպումները։ Զարեհ Սինանեանը թէ՛ անյատական, թէ՛ խմբային հանդիպումներ է ունեցել գործարարների հետ՝ Հայաստան որոշ ներդրում բերելու համար։ Ցանկացած գումարի ներդրման խոստում փորձել է կորզել՝ ոչ միայն արդիւնք ցոյց տալու համար, այլեւ ներկայացնելու, թէ իբր Հայաստանի իշխանութիւնը սփիւռքում ունի վստահութիւն։

Սակայն, մեր տեղեկութիւններով, սփիւռքի ներկայացուցիչները կտրականապէս մերժել են։ Մեծ մասը պարզապէս ասել է, որ չէն վստահում Հայաստանի իշխանութեանը եւ մանաւանդ Համահայկական հիմնադրամին փոխանցուած գումարների մեծ մասի՝ 107 մլն դոլարի՝ բիւջէ փոխանցելուց եւ, ըստ իրենց, «փոշիացնելուց» յետոյ չէն պատրաստւում որեւէ բան անել։

Share