Երկխօսութեամբ պէտք  ամրապնդել ներքին անդորրը.  Զարմիկ Պողիկեան

Երկխօսութեամբ պէտք ամրապնդել ներքին անդորրը. Զարմիկ Պողիկեան

«Հրապարակի» զրուցակիցը Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկեանն է : 
— Բազմաթիւ զոհեր, վիրաւորներ եւ գերիներ. Սիրիայից ստացուող լուրերը կրկին խիստ մտահոգիչ են: Տապալուած նախագահի՝ Ասադի կողմնակիցները զինուած ապստամբութիւն են սկսել Լաթաքիայ նահանգում եւ այլ բնակավայրերում, ինչի հետեւանքով երկուստեք ցաւալի կորուստներ կան: Ի՞նչ է կատարւում իրականում, արդեօ՞ք ընդվզողներն ալաւիներն են, որոնց պատկանում է Ասադների ընտանիքը:

— Զինեալ բախումները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն ծովափի շրջանի արովարձաններում, այլեւ անցեալ շաբաթ Դամասկոսի Ժարամանայ շրջանի մէջ, ինչ-որ երկխօսութեան պակասի եւ երբեմն զինեալների անօրինական ընթացքի հետեւանք է, ինչը, ցաւօք, թէ՛ կառավարական պաշտպանական ուժերի, թէ՛ զինեալների կամ սովորական քաղաքացիների շարքերում զոհերի է յանգեցրել:

— Մարդու իրաւունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տուեալներով՝ Ասադի բանակի նախկին զինուորները հիմնականում գործում են գիւղական շրջաններում։ Քարդահան եւ Լաթաքիայ նահանգի որոշ այլ քաղաքներ եւս նրանց վերահսկողութեան տակ են: Իսկ ի՞նչ վտանգներ կան հայաշատ բնակավայրերում, արդեօ՞ք հայութեան շրջանում կորուստներ կան:

— Հայաշատ շրջանների մէջ էլ կրակոցների ձայներ են լսւում։ Զգուշութիւն է դրսեւորում, մարդիկ այդ պահերին դուրս չէն գալիս բնակարաններից, մինչեւ կացութեան հանդարտուելը։ Շրջանի ապահովական ուժերը պարէտային ժամ են յայտարարում մինչեւ դրութեան մեղմացումը:

— Այս իրադարձութիւններն անսպասելի՞ էին, եթէ աեօ՝ ինչու նոր իշխանութիւնները կանխարգելիչ քայլեր չէն արել:

— Իշխանութիւններին ժամանակ է պէտք երկրի ներսում ապահւութեան ամբողջական հաստատման համար, անցումային կառավարութեան ընտրութիւնը. կառավարութիւն, որը պէտք է ընդգրկի Սիրիայի տարբեր բաղադրիչներով գործելու արժանիքներով օժտուած ներկայացուցիչներ։ Քայլեր են ձեռնարկւում այդ ուղղութեամբ։ Անցնող օրերին ազգային երկխօսութեան գագաթնաժողով տեղի ունեցաւ։

— Որքա՞ն կը շարունակուեն այս արիւնալի բախումները, եւ ի՞նչ սցենար եք կանխատեսում:

— Սիրիայի ժողովուրդը յոգնել է արիւնալի բախումներից։ Կարծում եմ՝ երկխօսութեամբ հարցերը արդարօրէն լուծելու ուղին դուրս կը բերի երկիրը լարուածութիւններից: Արտաքին գործերի նախարարութիւնն ակտիւ գործունէութիւն է իրականացնում արտաքին ճակատում՝ Սիրիայի յարաբերութիւնները կարգաւորելու տարբեր երկրների հետ։ Մնում է՝ երկխօսութեամբ ամրապնդել ներքին անդորրը։

Share