Ի՞նչ ազդեցութիւն ունեն քրիստոնեայ-ազգայնականները ԱՄՆ Հանրապետական կուսակցութիւնում

Ի՞նչ ազդեցութիւն ունեն քրիստոնեայ-ազգայնականները ԱՄՆ Հանրապետական կուսակցութիւնում

Ամերիկացի ընտրողների մի զգալի մասը կարծում է, որ ԱՄՆ օրէնքները պէտք է համահունչ, անգամ ենթակայ լինէն քրիստոնեական գաղափարներին, սակայն նման մօտեցումը բաժանարար գծեր է ստեղծում ազատականների ու պահպանողականների, դէմոկրատների ու հանրապետականների միջեւ:

ԱՄՆ-ում նախընտրական շրջանները, կարծես, յարմար պահ են տարաբնոյթ գաղափարների շուրջ բանաւէճերը շարունակելու առումով։ Ձեր առջեւ երկու հանրահաւաքներ են։

Մեկը՝ «Հանուն ժողովրդաւարութեան հանրահաւաքն» է, որի կարգախօսն է՝ բոլոր կրօնները հաւասար են:

Միւսը՝ «Վերածնուած Ամերիկան» է՝ այսպէս կոչուած, քրիստոնեայ-ազգայնականների շարժումը:

«Հիսուսն իմ փրկիչն է, Թրամփը՝ նախագահը»։

Արդէն երրորդ տարին է, ինչ շարժումը առաջ է տանում այն գաղափարը, որ Միացեալ Նահանգները քրիստոնեական երկիր է եւ քրիստոնեական դաւանանքը պէտք է արտացոլուի երկրի օրէնքներում:

Հանրահաւաքի մասնակից Դիանայ Բոլինգերն ասում է․ «Քրիստօնեայ-ազգայնական եմ, եւ ի՞նչ կարող եք ասել քրիստոնեութեան դէմ։ Հաւատում եմ Աստծուն եւ սիրում եմ իմ երկիրը: Կողմ եմ, որ կրկին հզօրացնենք Ամերիկան: Ի՞նչ վատ բան կայ դրա մէջ»:

«Մենք արդար շարժման մարտիկներ ենք՝ կանգնեցնելու աթեիստներին, գլոբալիստներին եւ մարքսիստներին: Եւ մենք կը վերականգնենք հանրապետութիւնը՝ բոլորին տալով ազատութիւն եւ արդարութիւն»,- յայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։

Փենսիլուանիայի բնակիչ Փեթի Քինզինգերը նշում է․ «Մեր երկիրը կառուցուել է քրիստոնեական արժէքների եւ սկզբունքների վրայ: Այդպէս են գրել սահմանադրութիւնում»։

Ամերիկայի սահմանադրութիւնը, սակայն, յղում չի կատարում քրիստոնեութեանը։ Փոխարէնը՝ երաշխաւորում է դաւանանքի ազատութիւն։ Անկախութեան հռչակագրում ասուած է, որ մարդու իրաւունքները շնորհուել են Արարչի կողմից, եւ խօսք է գնում «Բնութեան Աստծու» մասին (Nature’s God):

Այնուամենանիւ, «Վերածնուած Ամերիկայ» շարժման մասնակիցները յայտարարում են, թէ քարոզում են աստուածապաշտ թեկնածուների օգտին:

Դեմոկրատների համոզմամբ՝ այդ ամէնը պարզապէս խախտում է պետութեան եւ եկեղեցու միջեւ սահմանադրական տարանջատման սկզբունքը։ Այս տեսակէտին են նաեւ «Հանուն ժողովրդաւարութեան հանրահաւաքի» մասնակիցները:

Ջորջթաունի համալսարանի ներկայացուցիչ Ջիմ Ուոլիսն ասում է․ «Նա, ով ցանկանում է թիրախաւորել ներգաղթեալներին, տառապանք պատճառել աղքատներին, խոցելի մարդկանց, [իրականում], դէմ է գնում քրիստոնեութեանը»:

Այս ամէնին գումարւում է նաեւ աբորտի շուրջ բանաւէճը։

«Եկեք համաձայնուենք, որ պէտք չէ հրաժարուել հաւատքից կամ խորը համոզմունքներից, որպէսզի հասկանալ, որ կառավարութիւնը չպէտք է որոշի, թէ ինչ պէտք է անի յղի կինը»,- յայտարարել է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցութեան թեկնածու Քամալայ Հարիսը:

Pew Research-ի սոցհարցման համաձայն՝ ամերիկացիների գրեթէ կէսը կարծում է, որ աստուածաշնեան դրոյթները պէտք է իրենց արտացոլումը գտնէն ԱՄՆ օրէնքներում, բայց ըստ նոյն հարցման՝ միաժամանակ, քչերն են այն կարծիքին, որ քրիստոնէութիւնը պէտք է դառնայ ԱՄՆ պաշտօնական կրօն:

Share