Արցախի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտաւորութիւնների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցութեամբ․
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Յայտարարութիւնում ասւում է.«Յունիսի 15-ից ի վեր՝ արդէն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջութեամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զօրակազմի (ՌԽԶ) եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացուող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառեալ պարենի եւ դեղորայքի մատակարարումներն Արցախի Հանրապետութիւն՝ դրանով իսկ միտումնաւոր զրկելով Արցախի 120 հազար բնակչութեանը, այդ թւում՝ երեխաներին, կանանց եւ ծերերին, գոյատեւման նուազագոյն միջոցներից։
Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական եւ կամայական արգելափակումը, մասնաւորապէս, ՌԴ խաղաղապահ զօրակազմի եւ ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարուած ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսուած մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնաւոր խոչընդոտելը, միջազգային իրաւունքում դիտարկւում է որպէս պատերազմական յանցագործութիւն։ Ըստ էութեան, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթների աղաղակող խախտումներից եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրուարի 22-ի իրաւաբանօրէն պարտաւորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական յանցագործութիւն հանդիսացող գործողութիւնների։
Յիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսուած է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ, որով, մասնաւորապէս, սահմանւում է ՌԴ խողաղապահ զօրակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողութիւնը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ եւ կամայական սահմանափակումներով եւ օգտագործուել միայն ԿԽՄԿ-ի եւ ՌԴ խաղաղապահ զօրակազմի աւտօմեքենաների անցման համար։
Յունիսի 15-ին Հակարիի կամրջի վրայ ադրբեջանական դրօշի հետ կապուած կանխամտածուած սադրանքից յետոյ Ադրբեջանն ամբողջութեամբ արգելափակել է միջանցքը, այդ թւում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղութիւններով երթեւեկութիւնն արդէն փակ է նաեւ ԿԽՄԿ-ի եւ ՌԴ խաղաղապահ զօրակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտութեան ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետութիւն։
Արցախի Հանրապետութեան լիակատար շրջափակումը եւ արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը եւ բարէնպաստ հող նախապատրաստում, որպէսզի մարդկութեան դէմ ուղղուած Ադրբեջանի շարունակական յանցագործութիւնները վերաճէն ցեղասպանութեան յանցագործութեան։
Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կեանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման եւ որպէս այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղուած քաղաքականութիւնը։
Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողութիւն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա յետագայ արգելափակումը եւ շրջափակման օգտագործումը որպէս Արցախի ժողովրդի դէմ ագրեսիւ եւ ցեղասպան քաղաքականութիւն վարելու միջոց։ Ըստ էութեան, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանէ նախատեսուած էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար եւ հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունէութեան երաշխիքներից մէկը, Ադրբեջանի կողմից օգտագործւում է որպէս ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների դէմ ագրեսիւ գործողութիւններ իրականացնելու համար:
120 հազար մարդկանց, այդ թւում՝ կանանց, ծերերին եւ երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրեայ անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպէս նաեւ ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը, միջազգային հանրութիւնից պահանջում են ձեռնարկել հրատապ եւ արդիւնաւետ հարկադրական բնոյթի միջոցներ՝ ուղղուած Արցախի ժողովրդի իրաւունքների զանգուածային խախտումները կանխելուն։
Խստօրէն պահանջում ենք, որպէսզի միջազգային հանրութեան բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկէն անհրաժեշտ հաւաքական եւ անյատական միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացուող շարունակական միջազգային յանցագործութիւնները, ինչպէս նաեւ կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանութեան աղէտը: Ժամանակն է նաեւ, որպէսզի ԿԽՄԿ-ն եւ այլ համապատասխան միջազգային կառոյցները եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնները պատշաճ եւ համարժէք գնահատէն ստեղծուած իրավիճակը եւ յորդօրէն Ադրբեջանի իշխանութիւններին յարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնութեան եւ միջազգային պաշտպանութեան իրաւունքը։
Ընդգծում ենք, որ անգործութիւնը եւ անտարբերութիւնը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնները»։