Յունիսի 29-ին, մայրաքաղաքի Սուրբ Աստուածածին առաջնորդանիստ եկեղեցում, հաւարտ երեկոյեան ժամէրգութեան, Տեր Մատթէոս քահանայ Դրաւանցի ձեռամբ կատարուել է հոգեհանգստեան կարգ՝ յունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետեւանքով նահատակուած հերոսների հոգիների խաղաղութեան համար։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 յունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Տեր Մատթէոս քահանայ Դրաւանցը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին հոգեհանգստեան կարգը նախ եւ առաջ կատարում է բոլոր իր այն զաւակների համար, ովքեր ժամանակաւոր կեանքը թողեցին պատերազմի, վթարների, հիւանդութեան, դժբախտ պատահարների պատճառով։
«Ապրողները պարտաւոր են ննջեցեալների համար աղոթել, որ Աստուած իրենց մեղքերին թողութիւն տա եւ հոգուն հանգստութիւն պարգեւի: Հոգու համար շատ կարեւոր է աղոթողների բանակը, դրա համար մենք հաւաքուել ենք այստեղ այդ հոգեգանգստեան կարգ կատարելու մեր նոր զոհուած տղաների համար, եւ ոչ միայն։ Մենք հաւատում ենք, որ տղաները, միանշանակ, տեղափոխուեցին երկնային արքայութիւն, քանի որ Քրիստոսն ասել է՝ չկայ մեծ սէր, քան այն, որ մէկը կեանքը տալիս է իր ընտանիքի, հարազատի, երկրի, ժողովրդի համար»,- նշել է հոգեւոր հայրը՝ ընդգծելով, որ տղաները գիտակցաբար գնացել են դիրքեր պահելու, որպէսզի իրենց ընտանիքները հանգիստ քնէն, Քրիստոս եկել է հէնց այդ բեռն ու ցաւն իր վրայ վերցրել՝ խաչի միջոցով:
«Սուրբ Հոգին պէտք է գործի ընտանիքների վրայ, ծնողների մէջ, որ իրենք յոյսը չկտրէն, որ իրենց որդիները գնացել են երկնքի արքայութիւն։ Թողել են այս մեղսաւոր աշխարհը եւ տեղափոխուել ամենամաքուր տեղը, որտեղ Քրիստոսն Է իր հոծ բազմութեամբ՝ ամբողջ հաւատացեալների հետ միասին»,- ընդհանրացրել է Տեր Մատթէոս քահանայ Դրաւանցը: