Ի հակազդումն տգիտութեան. Հայ դատի կեդրոնական գրասենեակի յայտարարութիւնը

Ի հակազդումն տգիտութեան. Հայ դատի կեդրոնական գրասենեակի յայտարարութիւնը

Օրեր առաջ զուիցերիահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարութեան ղեկավարն իրեն թոյլ է տուել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էութեամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականութեան այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամեակներ շարունակ մերժուել են ոչ միայն Հայաստանի եւ համայն հայութեան, այլեւ միջազգային առաջադէմ հանրութեան, տասնեակ պետութիւնների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպութիւնների, եւ նոյնիսկ բազմաթիւ թուրք մտաւորականների կողմից։

Հայոց ցեղասպանութեան էութեան նենգափոխումը, կատարուած ոճրագործութեան մասշտապների մեղմացումը, Հայոց ցեղասպանութեան խնդրի միջազգայնացման դէմ արշաւը եւ տարատեսակ այլ շահարկումները նախ եւ առաջ անարգանք են անմեղ զոհերի յիշատակին։ Հայաստանի կառավարութեան ղեկավարի ցնորամիտ ելոյթները անարգանք են նաեւ Հայոց ցեղասպանութիւնը տասնամեակներ շարունակ հետազօտող հայ եւ օտար գիտնականների, Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարիւրաւոր մարդասէրների, այդ ոճրագործութիւնն ընդունած տասնեակ պետութիւնների համար։

Ակնյայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդէն ոչ թէ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումից հրաժարուելու, այլ Հայոց ցեղասպանութեան ուրացման քաղաքականութիւն։

Եթէ չլինէր մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական եւ ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը յիշեալ պնդումների նկատմամբ, գուցէ անհրաժեշտ լինէր, իբրեւ հակազդում փաշինեանական տգիտութեան, անդրադառնալ 1939 թ․ «ցեղասպանութիւն» տերմինի բացակայութեանը, կամ աւելի ուշ, 1943-1944 թթ․ Ռաֆայէլ Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտութիւն դեռ 1921 թուականից՝ էապէս ազդուած Սողոմոն Թեհլերեանի դատավարութիւնից եւ նկարագրելու հենց հայութեան դէմ կատարուածը։ Առաւել, Լեմկինի իսկ վկայութեամբ, հայկական մի շարք կազմակերպութիւններ եւ հայ անհատներ կարեւոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձեւաւորուած ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 1948 թ.-ին որդեգրման, եւ ապա՝ տարբեր պետութիւնների կողմից վաւերացման գործում։ Եթէ Փաշինեանի նկատմամբ լրջութեան որեւէ նշոյլ մնացած լինէր, գուցէ անհրաժեշտութիւն լինէր ընդգծել Հայոց ցեղասպանութեան բացառիկ փաստագրուածութիւնը, անդրադառնալ նաեւ այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչեւ երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից յետոյ կատարուել են հայկական ջարդերի ուսումնասիրութեան, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղութեամբ, սկսուած 1890-ական թթ․ համիտեան ջարդերից, քանի որ արդէն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նոյնիսկ մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը, եւրոպական բազմաթիւ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խօսում էին իր հայրենիքում հայութեան դէմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականութեան մասին։ Նաեւ հե՛նց այդ պայքարի արդիւնքում էր, որ միջազգային յարաբերութիւններում հայութեանն առնչուող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցութիւնը Ֆրանսայում, Զուիցերիայում, Միացեալ Թագաւորութիւնում, ԱՄՆ-ում եւ այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպութիւնների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։

Կիսագրագիտութեամբ համեմուած տգիտութեան հերթական դրսեւորման ընթացքում, Փաշինեանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թէ իբր մենք դրսից, «ինչ որ մէկի միջոցով ենք ընկալել» մեր պատմութիւնը։

Աւելին, երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ ձեւաւորուած միջազգային յարաբերութիւնների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմեայ ժամանակահատուածից եւ տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտուելով ստեղծուած իրավիճակից աւելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանութեան միջազգայնացման խնդիրը՝ թէ՛ հայրենիքում, թէ՛սփիւռքում։ Եթէ Հայաստանի առաջին Հանրապետութեան օրօք եւ առաջիկայ տասնամեակներին, միջազգային իրաւունքում ցեղասպանութեան յանցագործութեան որակման բացակայութեան պայմաններում հայութեան աշխատանքը կեդրոնացել էր Թուրքիայի կողմից գրաւուած եւ միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրայ, ապա յատկապէս 1952 թ.-ից յետոյ, երբ արդէն ուժի մէջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923 թթ. հայութեան նկատմամբ գործուած մարդկութեան դէմ յանցագործութիւնները ժխտելու քաղաքականութիւնը, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւս դարձաւ հայութեան օրակարգի հարց։
Ակնյայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանութեան երկարաձգման գործում հիմնականում յենւում է տարբեր ուժային կեդրոնների վրայ, վերջիններիս աջակցութեան կորստի մօտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտռել թշնամական շրջանակներում եւ ներհայկական խօսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպէս վերը նշեցինք, տասնամեակներ շարունակ մերժուած է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Փաշինեանի անցած վեց եւ աւել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրաւական եւ / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայութեան ու Հայաստանի դէմ թշնամական վարքագծով պետութիւնների նկատմամբ իր հաւատարմութիւնը կարելի է բնորոշել նաեւ «ստոկհոլմեան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հաւանական բացատրութիւնը չի մեղմացնում Փաշինեանի յանցագործութիւնը հայոց պետականութեան ու պետութեան նկատմամբ, այլ յաւելեալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինեանը սխալ տեղում է։

Միջանկեալ նշենք, որ Հայաստանը տեւական ժամանակահատուած, սկսած 1990-ականների վերջից, բայց յատկապէս ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային յարաբերութիւններում դիրքաւորուել է որպէս ցեղասպանութեան յանցագործութեան դէմ պայքարի առաջամարտիկ պետութիւն՝ էականօրէն բարելաւելով այդ յանցագործութեան վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրաւաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս եւ նման յայտարարութիւնները նաեւ այդ աշխատանքին են հարուածում։

Հայաստանի իշխանութիւնների կողմից նման յայտարարութիւնների պայմաններում Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսւում է յաւելեալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանութեան ուղղութեամբ աշխատանքներն էապէս դժուարանում են։ Պէտք է նկատել, որ նման յայտարարութիւնները Հայ դատի ցանցին խանգարում են աւելի շատ, քան ատրպէյճանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամէնուր տարածուող հակաքարոզչութիւնը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
27 Յունուար 2025 թ․

Share