Ցանկացած սցենարի դէպքում տեսնում եմ վատ հետեւանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից

Ցանկացած սցենարի դէպքում տեսնում եմ վատ հետեւանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից


Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դէմ գործողութեան հետեւանքով զոհեր ու վիրաւորներ չկան։ Panorama.am-ի հետ զրոյցում ասաց Պետահ-Տիկուայի «Նաիրի» միութեան նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխաւոր խմբագիր Արտեօմ Չերնամորեանը։

«Հայկական համայնքը զոհեր ու վիրաւորներ չունի, չնայած հրթիռները թռչում էին Երուսաղեմի վրայ, այնտեղ տագնապ հնչել է»,- նշեց նա։

Նրա փոխանցմամբ, այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց երկրում գործում են սահմանափակումներ՝ դպրոցներում արձակուրդ է, ճամբարներն արգելուած են, ցոյցեր անցկացնելու իրաւունք չկայ, հաւաքները՝ սահմանափակ թուով։

«Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Թել-Աւիւում հազիւ թէ ցոյց կազմակերպենք։ Այս տարի կսահմանափակուենք պատարագով ու Պետահ-Տիկուայում յուշարձանի մօտ ծաղիկներ կդնենք ու կը կազմակերպենք մոմավառութիւն։ Երկիրն  ամսիներ շարունակ պատերազմի մէջ է, մարդկանց մի տեղ հաւաքելը մեծ պատասխանատուութիւն է ենթադրում։ Անվտանգութեան հետ կապուած լուրջ խնդիրներ կան»,- ասաց Արտեօմ Չերնամորեանը։

Ինչ վերաբերում է Իրանի գործողութիւններին ու Իսրայելում դրա արձագանքներին, նա պատասխանեց. «Շատ վերլուծաբաններ ասում են՝ դժուար թէ Իսրայելը ռազմական օպերացիայ ձեռնարկի կամ հարուածի Իրանին։ Այս ամբողջն Իսրայելը չէր անի, եթէ վստահ չլինէր, որ Իրանը կը յարձակուի։ Այս անգամ Իրանը խայծը կերաւ, որովհետեւ Իրանը կարող էր շատ հանգիստ Իսրայելին պատասխանել իր պրօքսիներով՝ յանձինս Եմենի հութիների եւ «Հզբոլայ»-ի։

Իրանը կարող էր ասել «Հզբոլայ»-ին կրակի իր տարածքից, բայց չարեց ու ինքն անցաւ գործի։ Սա հակահարուած չէր, թեթեւ, ուղղակի ուժի ցուցադրութիւն էր, առաջին անգամ էր Իրանն իր տարածքից յարձակում կատարում Իսրայելի վրայ։

Ապրիլի 1-ին, երբ Իսրայելը հարուածում էր Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան վրայ, ԱՄՆ-ին տեղեակ պահեց հարուածը սկսելու ժամանակ, ոչ թէ դրանից առաջ, այսինքն ԱՄՆ-ին յանկարծակիի բերեց։ Իհարկէ, ԱՄՆ նաագահ Ջոյ Բայդէնը խօսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանեահուի  հետ, որ  այժմ ռազմական գործողութիւններ չսկսէն, Իսրայելը չպատասխանի, բայց, վստահ եմ, որ այստեղ ռազմաքաղաքական կաբինետը խօսում է  Իրանին հարուած հասցնելու մասին։

Քանի որ արդէն պատերազմը սկսուել է՝ մի կողմից կռւում են հութիների, միւս կողմից «Հզբոլայ»-ի, Համասի դէմ, անմիջապէս առիթը ստեղծուել է Իրանի միջուկային ծրագրերի հարցը փակելու համար։

Ես ցանկացած սցենարի դէպքում տեսնում եմ վատ հետեւանքներ Հայաստանի համար։ Եթէ հարուածէն, պատերազմ սկսուի, չսկսուի, եթէ Իսրայելը օգտագործի Ադրբեջանի կողմից գրաւուած հայկական հողերի վրայ կառուցած իրենց յենակէտէրը, եթէ Ադրբեջանը թոյլ տա, կամ չտայ, ցանկացած դէպքում Հայաստանի կառավարութիւնը պէտք է ունենայ սցենար, թէ որ դէպքում ինչ հնարաւոր բացասական հետեւանքներ կարող է կրել Հայաստանը։ Պետք է կոնկրէտ դաշինք կնքել արեւմտեան պետութիւնների հետ, որոնք, իրօք, կարող են սատար կանգնել Հայաստանին,  եւ ոչ Ռուսաստանը»։

Նա ասաց, որ Իրանի ռազմական գործողութիւնների հետեւանքով Իսրայելում շէնք-շինութիւններ չէն վնասուել, հարաւում մի զարամասի տարածքում օդանաւակայան կայ, այնտեղ մեծ փոս է գոյացել, բայց օդանաւերի թռիչքներին, վայէջքների չի խանգարել։

Չերնամորեանը նաեւ յայտնեց, որ Իսրայելը մէկ օրուայ պաշտպանութեան համար ծախսել է 1,3 միլիարդ դոլար. «Ամբողջ գիշեր օդանաւերն աշխատում էին, պտտւում էին օդում, որպէսզի որեւէ մի տեղ որեւէ ԱԹՍ կամ  հրթիռ բաց չթողնէն։ Հիմնականում ԱԹՍ-ները խոցուել են Յորդանանի տարածքում, Իսրայելի սահմանը չէն անցել»։

Մանրամասն՝ ձայնագրութեամբ։ 

Share