Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների հաւաքական դիրքորոշումը ներկայացուել է ս. թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի յայտարարութեամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցութիւնների օրակարգերը մէզ համար ընդունելի են միայն վերոնշեալ յայտարարութեամբ ազդարարուած դրոյթների հետ համադրելիութեան դէպքում:
Բրիւսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդիւնքները ներկայացնող Շառլ Միշելի յայտարարութիւնը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման էութիւնը նենգափոխելու եւ 30-ամեայ բանակցային գործընթացում կուտակած ժառանգութիւնը խեղաթիւրելու տեսանկիւնից: Առաջին անգամ բանակցային խօսոյթում փորձ է արւում հրաժարուելու «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական եւ աշխարհագրական հասկացութիւնից, եւ շրջանառութեան մէջ է դրւում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչութիւն» բառակապակցութիւնը: Այս ամէնը լիովին համահունչ է Բրիւսելի հանդիպումից առաջ եւ, ընդհանրապէս, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածուող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանութիւնների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
Եւրոպայի խորհրդի դերակատարութիւնը արագացուած տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ «խաղաղութեան դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթէ նոյնպիսի հետեւողականութեամբ արձագանքուեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգութեան ու իրաւունքների պաշտպանութեան մասին շեշտադրումը 44–օրեայ պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանութիւնը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
Ստեղծուած պայմաններում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են առաջնորդուել բացառապէս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը միջազգային ատեաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. յուլիսի 8-ի ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարւում միջազգային կամ ներպետական ամէն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշուած կը լինի Ադրբեջանի կազմում»:
Ե´վ Արցախում, եւ´ Հայաստանում գործող իշխանութիւնների համար առաջնահերթ պէտք է լինէն հայկական երկու հանրապետութիւնների կազմաւորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախութեան հանրաքուէով ամրագրուած արժէքները: Որեւէ պաշտօնեայ, որեւէ քաղաքական ուժ լիազօրուած չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարաւոր զաւակներ չէն խնայել իրենց կեանքը:
Մենք գտնւում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ, եւ ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատուութիւն կրելուց:
ք. Ստեփանակէրտ
24 մայիսի, 2022թ.
«Ազատ Հայրենիք –ՔՄԴ»
«Արդարութիւն»
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն»