ԱՄՆ վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցման ազդեցութիւնը Ադրբեջանին տրամադրուող օգնութեան վրայ

ԱՄՆ վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևի շրջանցման ազդեցութիւնը Ադրբեջանին տրամադրուող օգնութեան վրայ

Ի՞նչ է իրենից ներկայացնում 907-րդ բանաձեւը

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանը եւ միւս նորանկախ հանրապետութիւնները կանգնեցին մի շարք խնդիրների առաջ, որոնք ինքնուրոյն յաղթահարելը չափազանց դժուար էր փլուզուած տնտեսութիւն եւ քաղաքական համակարգ ունեցող, ինչպէս նաեւ սոցիալական ծանր վիճակում գտնուող երկրների համար։ Որպէսզի նման պայմաններում այդ պետութիւնները ժողովրդավարական կառավարման մոդել որդեգրեին եւ ազատականացուած տնտեսութիւն կառուցեին, Միացեալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները 1992 թ. յուլիս-օգոստոս ամիսներին ընդունեցին «Ազատութեան աջակցութեան ակտը», որը 1992 թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշը ստորագրեց եւ օրէնքի ուժ հաղորդեց դրան : «Ազատութեան աջակցութեան ակտի» կարեւորութիւնը հայերի եւ Հայաստանի համար պայմանաւորուած էր 907-րդ բանաձեւի ներառմամբ։ Վերջինս սահմանում էր, որ «Միացեալ Նահանգները չի կարող այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում օգնութիւն տրամադրել Ադրբեջանի կառավարութեանը, քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի պարզել եւ զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարութիւնը ակնյայտ քայլեր է ձեռնարկում դադարեցնելու բոլոր շրջափակումները եւ ուժի կիրառման այլ ագրեսիւ ձեւերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Իսկ ինչպե՞ս 907-րդ բանաձեւը յայտնուեց «Ազատութեան աջակցութեան ակտում»: Այս հարցում մեծ դեր խաղացին ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպութիւնները եւ հայ համայնքը։ Այսպէս՝ Հայ դատի յանձնախմբի եւ Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով Սենատում հէնց ակտի ընդունման օրը դէմոկրատ սենատոր Ջոն Քերին առաջադրեց 907-րդ բանաձեւը որպէս «Ազատութեան աջակցութեան ակտի» լրացում, որն ակտի հետ մէկտեղ ընդունուեց նոյն օրը Սենատում։ Բանաձեւի հապճեպ ընդունումը պայմանաւորուած էր նրանով, որ ԱՄՆ-ի համար կարեւոր էր հնարաւորինս արագ ընդունել մի ակտ, որը նախատեսում էր նորանկախ պետութիւններին օգնութեան տրամադրում, ինչից եւ օգտուեցին հայ լոբբիստները։ 907-րդ բանաձեւը ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծագոյն ձեռքբերումներից մէկը դարձաւ, որը գործեց շուրջ 10 տարի՝ խոչընդոտելով ԱՄՆ-Ադրբեջան յարաբերութիւնները, քանի որ դրա առկայութեան պայմաններում Ադրբեջանը միակ նորանկախ պետութիւնն էր, որ ԱՄՆ-ից ուղիղ օգնութիւն չէր ստանում։
Իրավիճակը փոխուեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնից յետոյ, երբ Միացեալ Նահանգները ահաբեկչութեան դէմ գլոբալ պայքարի քաղաքականութիւն որդեգրեց։ Նման պայմաններում 907-րդ բանաձեւը արգելում էր Միացեալ Նահանգներին ռազմական օգնութիւն տրամադրել Ադրբեջանին՝ աջակցելու Աֆղանստանում իրենց հակաահաբեկչական պայքարին։ Ուստի սա է պատճառը, որ 2001 թ. հոկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց օտարերկրեայ յատկացումների 2002 թ. ակտը, որը հնարաւորութիւն տուեց ԱՄՆ նախագահին իւրաքանչիւր բիւջետային տարի շրջանցելու 907-րդ բանաձեւը՝ ռազմական օգնութիւն տրամադրելու Ադրբեջանին ազգային անվտանգութեանը սպառնացող ուղղակի վտանգի առկայութեան հիմքով, այն դէպքում, եթէ՝

1) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ին՝ միջազգային ահաբեկչութեանը հակազդելու համար,
2) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինուած ուժերին կամ կոալիցիոն գործընկերներին՝ միջազգային ահաբեկչութեանը հակազդելու համար,
3) կարեւոր է Ադրբեջանի սահմանային անվտանգութեան համար,
4) չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցութիւնները եւ չի օգտագործուի Հայաստանի դէմ յարձակողական նպատակներով:

Առաջին անգամ 907-րդ բանաձեւը շրջանցեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը 2002 թ. յունուարի 25-ին՝ այդպիսով վերացնելով ԱՄՆ կառավարութեան կողմից Ադրբեջանի կառավարութեանը օգնութեան տրամադրման արգելքը:

Յետաքրքրական է, որ 907-րդ բանաձեւի առնչութեամբ ԱՄՆ-ում հայկական երկու խոշորագոյն լոբբիստական կազմակերպութիւնները տարաձայնութիւններ ունէին։ Եթէ նախկինում երկուսն էլ պայքարում էին հնարաւոր շրջանցման դէմ, ապա Սենատի կողմից օտարերկրեայ յատկացումների 2002 թ. ակտի ընդունումից յետոյ հանդէս եկան տարբեր դիրքորոշումներով։ Այսպէս՝ Հայ դատի յանձնախումբը դէմ էր բանաձեւի շրջանցմանը՝ համարելով, որ այն ԱՄՆ նախագահին տալիս է «գրեթէ անսահմանափակ իշխանութիւն՝ ռազմական օգնութիւն տրամադրելու Ադրբեջանին» ։ Իր յայտարարութեան մէջ Հայ դատը նշում էր. «….ծայրաստիճան հիասթափուած ենք այս երեկոյ Սենատի քուէարկութիւնից եւ կը շարունակէնք օրէնսդիր գործընթացում մեր ջանքերն ուղղել ցոյց տալու Կոնգրեսի անդամներին 907-րդ բանաձեւի թուլացման բացասական ազդեցութիւնը Կովկասում ԱՄՆ շահերի վրայ» : Իսկ Ամերիկայի հայկական համագումարը դա որակեց «յաղթանակ Հայաստանի համար»: Իր յայտարարութեան մէջ կառոյցը ողջունում էր «սենատոր Մակքոնելի եւ վարչակազմի ջանքերը՝ 907-րդ բանաձեւի հարցում շրջանցման սահմանափակ եւ հաւասարակշռուած եղանակ գտնելու կապակցութեամբ, որը պաշտպանում է Հայաստանի եւ Ղարաբաղի լեգիտիմ անվտանգային շահերը՝ միեւնոյն ժամանակ ապահովելով, որ նախագահ Բուշն ունենայ գործիքներ՝ պայքարելու համաշխարհային ահաբեկչութեան դէմ»։ Այստեղ խօսքը նաեւ այն մասին էր, որ Մակքոնելն առաջարկել էր ներառել նաեւ դրոյթ, որը նախատեսում էր Հայաստանին տրամադրել 4 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնութիւն եւ եւս 600 հազար ԱՄՆ դոլար՝ միջազգային ռազմական կրթութեան եւ վերապատրաստման համար։ Համագումարի նման դիրքորոշումը պայմանաւորուած էր նրանով, որ վերջինս գիտակցում էր, որ ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ի դէպքերից յետոյ բանաձեւի շրջանցումը հանրային մեծ աջակցութիւն էր վայելում, եւ Սպիտակ տան նախաձեռնութեան կասեցումն արդէն անհնարին էր։ Ուստի «Հայաստանի եւ Ղարաբաղի համար հնարաւոր լաւագոյն արդիւնքն ապահովելու համար [համագումարը] սատարել է 907-րդ բանաձեւի հաւասարակշռուած եւ սահմանափակ շրջանցումը….»:

Ամերիկայի հայկական համագումարի նման դիրքորոշումը զարմանալի չէր, քանի որ 907-րդ բանաձեւի շրջանցումը թոյլ կտար ԱՄՆ-ին ռազմական օգնութիւն տրամադրել նաեւ Հայաստանին։ Այդ բանաձեւը խոչընդոտում էր ռազմական օգնութեան տրամադրումը նաեւ Հայաստանին՝ արտացոլելով ԱՄՆ-ի, այսպէս կոչուած, «անկողմնակալութեան» քաղաքականութիւնը, որը, սակայն, չպահպանուեց Հայաստանի դէպքում, քանի որ վերջինս սկսեց ստանալ զգալիօրէն աւելի փոքր օգնութիւն, քան Ադրբեջանը :

907-րդ բանաձեւի շրջանցումից յետոյ Ադրբեջանին տրամադրուած ռազմական օգնութիւնը

2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձութիւնները հնարաւորութիւն տուեցին ԱՄՆ վարչակազմին հեշտութեամբ շրջանցելու 907-րդ բանաձեւը, որից յետոյ Ադրբեջանը դարձաւ ԱՄՆ-ի կողմից զգալի ռազմական օգնութիւն ստացող պետութիւն։ Ջորջ Բուշ կրտսէրից յետոյ իւրաքանչիւր ֆիսկալ տարի ԱՄՆ վարչակազմերը շրջանցում են 907-րդ բանաձեւը եւ ռազմական օգնութիւն տրամադրում Ադրբեջանին։ Այն զգալի գումար է կազմում. 2001 թուականից ի վեր Ադրբեջանը ստացել է շուրջ 419 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնութիւն։ Այդ գումարը տրուել է անվտանգութեան ոլորտին վերաբերող 20-ից աւելի ծրագրերի միջոցով։ Դրանցից առաւել խոշորներից է «Սպառնալիքի համագործակցային նուազեցում» ծրագիրը (մօտ 146 մլն ԱՄՆ դոլար), որը նպատակ ունի կանխելու զանգուածային ոչնչացման զէնքի եւ դրա հետ կապուած ենթակառուցուածքների տարածման սպառնալիք ներկայացնող երկրներում։ Ինչ վերաբերում է ամերիկեան ռազմական արտադրանքի (defence article) եւ ծառայութիւնների ձեռքբերմանն Ադրբեջանի կողմից, այն իրականացւում է «Օտարերկրեայ ռազմական ֆինանսաւորում» ծրագրի (51 մլն ԱՄՆ դոլար) շրջանակում տրամադրուող վարկերի եւ դրամաշնորհների միջոցով։ Մեկ այլ ծրագիր էլ ուղղուած է զէնքի տարածումը կանխելու, հակաահաբեկչութեան, ականազերծման եւ դրանց հետ կապուած աշխատանքների իրականացմանը, որոնց համար ԱՄՆ-ն տրամադրել է մօտ 39 մլն ԱՄՆ դոլարի օգնութիւն :

2018-2019 թթ. տրամադրուած օգնութեան առիւծի բաժինը (101.5 մլն դոլար) ընկել է 333-րդ բանաձեւին՝ «Գործընկեր պետութեան հզօրութիւնների զարգացման» ծրագրին: Վերջինս դեռեւս 2006 թուականից գործող «Համաշխարհային վերապատրաստում եւ սպառազինում» ծրագրի ընդլայնուած տարբերակն է, որը ներառում է նաեւ հակաահաբեկչական, ծովային եւ սահմանային անվտանգութեան, ռազմահետախուզական օպերացիաների իրականացում եւ համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունէութեան իրականացումը : Յատկանշական է, որ հէնց այս ծրագիրն է խախտում ԱՄՆ-ի որդեգրած «անկողմնակալութեան» քաղաքականութիւնը եւ Ադրբեջանին Հայաստանից զգալիօրէն աւելի խոշոր ռազմական աջակցութիւն տրամադրում. այս տարիների ընթացքում նոյն ժամանակահատուածի համար Ադրբեջանը ստացել է 419 մլն ԱՄՆ դոլարի օգնութիւն, Հայաստանը՝ մօտ 189 մլն ԱՄՆ դոլարի:

Յատկապէս անհանգստացնող են այն ծրագրերը, որոնց շրջանակներում ռազմական ոլորտի ադրբեջանցի մասնագէտները վերապատրաստւում կամ կրթութիւն են ստանում ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատութիւններում։ Դրանցից խոշորագոյններն են «Միջազգային ռազմական կրթութիւն եւ վերապատրաստում» ծրագիրը եւ «Ահաբեկչութեան դէմ պայքարի կրթաթոշակային ծրագիրը»:

Չնայած այն հանգամանքին, որ 907-րդ բանաձեւի շրջանցման պայմաններից մէկն այն է, որ Ադրբեջանին տրամադրուելիք ցանկացած օգնութիւնը չպէտք է «խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղ բանակցութիւնները եւ …. օգտագործուի Հայաստանի դէմ յարձակողական նպատակներով», այնուամենայնիւ, 2016 թ. ապրիլեան պատերազմի ժամանակ եղան ապացոյցներ, որ ամերիկեան ռազմական օգնութիւնն օգտագործւում է Հայաստանի դէմ։ Այսպէս՝ ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաներ, որոնք սպանուեցին Թալիշի ուղղութեամբ Ադրբեջանի իրականացրած յարձակման ժամանակ, ուսանել էին ԱՄՆ-ում Ադրբեջանին տրամադրուած ռազմական օգնութեան շրջանակներում։ Մեկը փոխգնդապետ Մուրադ Միրզաեւն էր, ով ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտօնիոյի ռազմական լեզուաբանական ինստիտուտում եւ մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական յատուկ դասընթացնէրին, միւսը՝ փոխգնդապետ Վուգար Յուսիֆովը, ով ուսանել էր Արիզոնայ նահանգի ռազմական հետախուզութեան կենտրոնում։ Սա, ըստ էութեան, 907-րդ բանաձեւի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանութիւնների կողմից:

907-րդ բանաձեւը եւ Բայդենի վարչակազմը

2020 թ. արցախեան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում նախագահական քարոզարշաւ էր ընթանում, եւ նախագահի թեկնածուները չէին կարող ուշադրութիւն չդարձնել պատերազմին՝ հաշուի առնելով Միացեալ Նահանգներում հայկական մեծ համայնքը եւ նրա ձայների կարեւորութիւնը նախագահական ընտրութիւններում: Այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Ջոյ Բայդէնը հանդէս եկաւ մի շարք յայտարարութիւններով պատերազմի վերաբերեալ եւ, որն առաւել կարեւոր է, նշեց, որ ԱՄՆ վարչակազմը պէտք է ամբողջութեամբ կիրառի, այլ ոչ թէ շրջանցի «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ բանաձեւը՝ դադարեցնելու համար ռազմամթերքի հոսքը Ադրբեջան» : Դեռ աւելին՝ Ջոյ Բայդենի՝ նախագահ ընտրուելուց յետոյ՝ պէտքարտուղարի թեկնածու Էնթօնի Բլինկենի՝ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողւում լսումների ժամանակ, սենատոր Մենենդէզը բարձրաձայնեց 907-րդ բանաձեւի խնդիրը։ Ի պատասխան՝ Բլինկէնը նշեց, որ «եթէ հանգամանքները թոյլ տան, Բայդէն-Հարիս վարչակազմը պատրաստ է այլեւս չշրջանցելու «Ազատութեան աջակցութեան ակտի» 907-րդ բանաձեւը»:

Այս յայտարարութիւնները դիտարկուեցին որպէս ազդակ, որ նախագահի պաշտօնը ստանձնելուց յետոյ Բայդէնը հնարաւոր է չշրջանցի 907-րդ բանաձեւը։ ԱՄՆ-ում հայ համայնքն ու հայ լոբբիստները սկսեցին ակտիւօրէն պայքարել, որ 907-րդ բանաձեւը ուժի մէջ մնա եւ չշրջանցուի Բայդենի վարչակազմի կողմից։ Միեւնոյն ժամանակ ՀՀ իշխանութիւնների կողմից այս ուղղութեամբ ակտիւ քայլեր չձեռնարկուեցին։ ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում 907-րդ բանաձեւի վերագործարկման հարցը պաշտօնապէս չի բարձրաձայնուել ՀՀ իշխանութիւնների կողմից։ Միայն հայ լոբբիստների ջանքերը այս ուղղութեամբ բաւարար չէն, անհրաժեշտ է նաեւ այս խնդրի շուրջ աշխատանք պետական մակարդակով։ Ի վերջոյ, 907-րդ բանաձեւը շրջանցուեց ինչպէս 2021 թ. , այնպէս էլ 2022 թ.:

Այսպիսով՝ 907-րդ բանաձեւը եղել է ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ յաղթանակներից մէկը՝ գործելով շուրջ 10 տարի։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի դէպքերը հնարաւորութիւն տուեցին Բուշի եւ յաջորդ վարչակազմերին ամէն տարի շրջանցելու 907-րդ բանաձեւը։ Ադրբեջանական կողմը ձգտում է ընդհանրապէս բանաձեւի վերացմանը, բայց դա բարդ գործընթաց է, ուստի դրա ուժը չէզոքացւում է շրջանցումների միջոցով։ Միւս կողմից՝ հայ լոբբիստների եւ պետական ռեսուրսի հմուտ, ակտիւ եւ արդիւնաւետ համատեղ աշխատանքի պարագայում հնարաւոր է հասնել 907-րդ բանաձեւի վերանայմանը յատկապէս Բայդենի վարչակազմի օրօք։ Եւ եթէ Հայաստանը կարողանայ ապացուցել Միացեալ Նահանգներին, որ 907-րդ բանաձեւի շրջանցմամբ Ադրբեջանին տրամադրուած ռազմական օգնութիւնն օգտագործուել է իր դէմ, դա կարեւոր գործոն կարող է լինել վերանայման գործընթաց սկսելու համար։

«Դրօշակ» թիւ 7 (1668), 2022թ․

Share