«Եթէ չենք գնահատում մեր անցեալի պատմութիւնը, կարող ենք զրկուել նաեւ ապագայի պատմութիւնից»

«Եթէ չենք գնահատում մեր անցեալի պատմութիւնը, կարող ենք զրկուել նաեւ ապագայի պատմութիւնից»

Հայ ժողովրդի պատմութեան եւ նրա պետականութեան յարատեւ ընթացքում Հայաստանի առաջին հանրապետութեան դերի մասին «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթը զրուցել է  պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր Խաչատուր Ստեփանեանի հետ:

-Ի՞նչ էր առաջին հանրապետութիւնը ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովրդի համար:

-Ցեղասպանութիւնից յետոյ անկախ պետականութեան վերականգնումը, իրօք, հրաշք կարելի է համարել: Անասելի զրկանքներ կրած ժողովուրդը կարողացաւ իր մէջ ուժ գտնել: 1918 թ. մայիսեան հերոսամարտէրը բացառիկ նշանակութիւն ունեցան հայութեան համար: Դրանք փրկեցին հայ ժողովրդին սեփական հայրենիքում վերջնական բնաջնջումից, բարձրացրին նրա բարոյական ու մարտական կորովը, հերթական անգամ հաստատեցին, որ հաւաքական պայքարի դէպքում անկարելի է ընկճել մեր ժողովրդին, եւ հնարաւոր դարձրին Հայաստանի անկախութեան վերականգնումը:

Մենք հիմա ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն 104 տարի առաջուայ սխրանքը ցուցաբերած ժողովուրդը չի կարող հիասթափուել, պարտաւոր է հերթական անգամ միասնականութեամբ կանխել թշնամու ծրագրերի իրականացումը:

-Ո՞րն է առաջին հանրապետութեան դերը պետականաշինութեան գործընթացում:

-Առաջին հանրապետութեան պետականաշինութեան գործընթացը դժուար, բայց պատուաբեր առաքելութիւն էր, որը պատմական իրադրութեան բերումով եւ նախընթաց տասնամեակներում հայ ժողովրդի քաղաքական կեանքում ունեցած անուիճելի առաջատարութեան շնորհիւ վերապահուեց Հայ ցեղափոխական դաշնակցութեանը:

Չունենալով պետութիւն կառավարելու փորձ (հայ իրականութեան մէջ ոչ մի քաղաքական կազմակերպութիւն այդ փորձը, ցաւօք, չուներ)՝ Դաշնակցութիւնն արեց հնարաւոր եւ անհնար ամէն ինչ՝ զրոյից պետութիւն կառուցելու համար: Արեւելեան Հայաստանը Ցարական Ռուսաստանի ժամանակներում Անդրկովկասի ամենաետամնաց երկրամասն էր: Ցեղասպանութեան եւ Առաջին աշխարհամարտի ծանր հետեւանքներն աւելի էին քայքայել Արեւելեան Հայաստանը. գաղթականներ, որբեր, աւերածութիւններ, հարեւանների հետ պատերազմական վիճակ եւ շրջափակում, ներքին սահմանափակ ռեսուրսներ: Այս էր առաջին հանրապետութեան նորաստեղծ կառավարութեան ստացած ժառանգութիւնը, եւ ինչպէս տիպիկ բնութագրել է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին, իրենց կառավարութիւնը չէր յաջորդել նախորդ կառավարութեանը եւ ամէն ինչ պէտք է սկսէր չեղած տեղից:

Այս պայմաններում Արամ Մանուկեանի, Գարեգին Նժդեհի, Հովհաննես Քաջազնունու, Դրոյի, Ռուբէն Տեր-Մինասեանի եւ այլոց գործածն իսկապէս սխրանք էր: Արամը բառացիօրէն հիմնադրեց հանրապետութիւնը, Նժդեհը հանրապետութեան ղեկավարութեան յանձնարարութեամբ մեկնեց Սիւնիք եւ փրկեց այն, Հ. Քաջազնունին պարտադրեց ու կիրառեց պետութիւնը եւ կուսակցութիւնը տարբերելու սկզբունքը, Դրոն սաստեց վրացիներին, պարտութիւն չկրեց թուրքերի դէմ պատերազմում, Ռուբենը մաքրեց թուրք-թաթարական դաւադիր տարրերը Արարատեան դաշտավայրից: Երկար կարելի է թուարկել այս շարքը: Անհատ գործիչների ձեռքբերումները, անշուշտ, արդիւնք էին ոչ միայն իրենց նուիրումի, այլ նաեւ համաժողովրդական աջակցութեան: Ունեցանք նաեւ ձախողումներ, ցաւալի ձախողումներ, օրինակ՝ Կարսի անկումը, որը ճակատագրական եղաւ հանրապետութեան համար:

Հայաստանի առաջին հանրապետութեան պատմութիւնը պետութիւն կառուցելու դասական օրինակ է: Ձեռքբերումները՝ ոչ միայն հպարտութիւն, այլեւ դրանք զարգացնելու շարժառիթ, ձախողումները՝ նոր սխալներ թոյլ չտալու իւրայատուկ դաս: Այս տեսակէտից պէտք է իսկապէս քննադատաբար մօտենալ առաջին հանրապետութեան պատմութեանը: Ես վստահ եմ, որ շատ ժողովուրդներ նախանձով կուերաբերեին մեր անկախ պետականութեան այդ կարճատեւ, բայց հերոսական եւ ձեռքբերումներով լի պատմութեանը: Միայն այն, որ ներկայիս հանրապետութիւնը գոյութիւն ունի առաջին հանրապետութեան հիմքի վրայ, բաւարար է, որ մենք հպարտանանք առաջին հանրապետութեամբ եւ այն կերտողներով:

-Ո՞րն է առաջին հանրապետութեան այսօրուայ խորհուրդը:

-Արդէն նշեցի, որ առաջին հանրապետութեան տարիներին ունեցանք ձախողումներ, որը եւ պատճառ դարձաւ անկախութեան անկման: Սակայն երկուսուկէս տարուայ անկախութիւնը երաշխաւորեց Խորհրդային Հայաստանի, որպէս միութենական հանրապետութիւն, գոյութիւնը: Հայոց ազգային խորհրդի կողմից անկախութեան հռչակումը կարեւոր էր ոչ միայն պետականութիւնը վերականգնելու առումով: Եթէ այդ պահին չյայտարարուեր հայկական գաւառների հանդէպ ունեցած մեր իրաւունքների մասին, ապա այդ հայկական գաւառներն անմիջապէս կբաժանուեին թուրքերի, վրացիների եւ կովկասեան թաթարների միջեւ: Առաջին հանրապետութիւնն իր գոյութեամբ փաստեց մեր ժողովրդի՝ պատմութիւն ունենալու ձգտումը: Առաջին հանրապետութիւնն իր ամբողջ պատմութեամբ խորհուրդ է պարունակում: Այդ պատմութիւնից (դրական եւ բացասական օրինակներից) պէտք է սովորել՝ ինչպէս նուիրուել պետութեանը, ինչպէս չանտեսել թէ ներքին եւ թէ արտաքին թշնամուն: Պետութիւնը որպէս արժէք պաշտամունքի առարկայ եւ ոչ անձը: Եթէ չենք գնահատում մեր անցեալի պատմութիւնը, ապա կարող ենք զրկուել նաեւ ապագայի պատմութիւնից: Ահա սա, որպէս առաջին հանրապետութեան խորհուրդ, ընդհանրական իմաստով կառանձնացնեմ ես: Եւ վերջում՝ շնորհաւորում եմ բոլորիս Մայիսի 28-ի տօնի առթիւ:

Աղբիւր՝

Հայաստանի Հանրապետութիւն օրաթերթ

Հայաստանի Հանրապետութիւն՚ օրաթերթը ստեղծուել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակւում է «Արմենպրես» լրատուական գործակալութեան կողմից:  

https://hhpress.am/

Ստեփանեան Խաչատուր Ռոստոմի

Հայոց պատմութեան եւ հասարակագիտութեան ամբիոնի պ․ գ․ դոկտոր, պրոֆէսոր

Ծնուել է 1976 թ.  դեկտեմբերի 2-ին Ջաւախքի Ղադոլար գիւղում: 1993թ. աւարտել է միջնակարգ դպրոցը:

Կրթութիւն

1998ին աւարտել է Խաչատուր Աբովեանի անուան ինստիտուտի պատմութեան եւ աշխարհագրութեան ֆակուլտետի պատմութեան բաժինը: 1998-2001թթ. սովորել է նոյն բուհի  ասպիրանտուրայում` «Հայոց պատմութիւն» մասնագիտութեամբ:

2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախօսութիւն` «Ռուբէն Տեր- Մինասեան: Կեանքը եւ գործը» թեմայով եւ ստացել պատմական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. ստացել է դոցենտի գիտական կոչում (պատմագիտութիւն մասնագիտութեամբ):

2018 թ. պաշտպանել է դոկտորական ատենախօսութիւն՝ «Հայաստանում խորհրդային իշխանութեան հաստատման հիմնահարցը սփիւռքահայ հասարակական-քաղաքական մտքի գնահատմամբ (1920-1930-ական թթ.)» թեմայով եւ ստացել պատմական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան: 2019 թ. ստացել է պրոֆէսորի գիտական կոչում (պատմագիտութիւն մասնագիտութեամբ):

2004թ. մասնագիտական վերապատրաստում է անցել Սանկտ-Պետէրբուրգի համալսարանում:

2009-2010թթ. սովորել է Եւրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացնէրի երեւանեան դպրոցում:

2010թ. լիդերութեան դասընթացնէր է անցել Եւրոպայի խորհրդի ամառային համալսարանում (Ստրասբուրգ):

2011, 2012 թուականներին երկու անգամ մասնագիտական վերապատրաստում է անցել Կենտրոնական Եւրոպական համալսարանում (Բուդապեշտ):

2017 թ. մասնակցել է Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ պատմութեան գծով վերապատրաստման դասընթացին:

2001թ. ասպիրանտական ուսումն աւարտելուց յետոյ վերադարձել է հայրենի Ջաւախք:

2001-2006 թթ. Ախալքալաքում հիմնել եւ ղեկավարել է` «Ա-ԻՆՖՈ» լրատուական կենտրոնը:  Նոյն տարիներին եղել է Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգող-ներկայացուցիչը:

Աշխատանքային փորձ

2000-2001 թթ. աշխատել է ՀՀ Կառաւարութեանն առընթեր տարածաշրջանային ինտեգրման վարչութիւնում որպէս լրատուական-վերլուծական բաժնի առաջատար մասնագէտ:

2006 թ. սեպտեմբերից դասաւանդում է Խաչատուր Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմութեան ամբիոնում (դասախօս, դոցենտ, պրոֆէսոր):

2009 – 2011 թթ. եղել է Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սփիւռքի գիտաուսումնական կենտրոնի սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատմութեան ուսուցիչների վերապատրաստող-մասնագէտ:

2016 թ.-ից Բուդապեշտի Պիտէր Պազմանի Կաթոլիկ համալսարանի հայագիտութեան ամբիոնի հրաւիրուած դասախօս է:

2019 թ.-ից դասաւանդում է Երեւանի պետական համալսարանուի Իջեւանի մասնաճիւղում, իսկ 2021 թ.-ից՝ նաեւ Սփիւռքագիտութեան ամբիոնում:

2019-2021 թթ. եղել է հանրակրթական դպրոցների «Հասարակագիտութիւն» առարկայի ուսուցիչների վերապատրաստող-մարզիչ:

2021 թ.-ից հանրակրթական դպրոցների «Հայոց պատմութիւն», «Համախշարհային պատմութիւն» առարկաների ուսուցիչների վերապատրաստող-մարզիչ է:

2020 թ. սեպտեմբերից մինչ օրս Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոն վարիչն է:

Պարբերաբար դասախօսական եւ գիտահետազօտական աշխատանքներ է իրականացնում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Լեհաստանի մի շարք համալսարաններում:

ՀՀ ԿԳՄՍՆ ԲՈԿ-ի գիտական աստիճաններ շնորհող 004 մասնագիտական խորհրդի անդամ է:

Հայաստանի պատմագէտների միութեան անդամ է: Արտասահմանեան մի շարք հեղինակաւոր գիտական հանդէսների խմբագրական խորհուրդների անդամ է:

Զբաղւում է 19-րդ դ. վերջի եւ 20-րդ դ. սկզբի հայ ազգային-ազատագրական շարժման, Հայաստանի առաջին Հանրապետութեան (1918-1920թթ.), հայ-վրացական փոխյարաբերութիւնների, Խորհրդային Հայաստանի, 1920-1930-ական թուականների սփիւռքահայ հասարակական-քաղաքական մտքի պատմութեան, ինչպէս նաեւ պատմագիտութեան տեսութեան եւ մեթոդաբանութեան, պատմութեան դասաւանդման մեթոդիկայի հիմնահարցերով:

Հեղինակ է 6 մենագրութեան, շուրջ 100 գիտական եւ մեթոդական յօդուածների: Խմբագրել եւ հրատարակութեան է ներկայացրել առաջին հանրապետութեան գործիչների աշխատութիւններ: Հեղինակ է բուհական մէկ դասագրքի, համահեղինակ է երեք ուսումնական ձեռնարկների: Մասնկացել է բազմաթիւ հանրապետական եւ միջազգային գիտաժողովների:

Տիրապետում է անգլերեն, ռուսերէն լեզուներին, հաղորդակցւում է վրացերէնով, գերմաներէնով:

Ամուսնացած է, ունի երկու երեխայ:

Share