Եթէ չէն յստակեցնում` որն է սահմանը, ի՞նչն են դիտարկելու. Ռուստամեանը` դիտորդների մասին

Եթէ չէն յստակեցնում` որն է սահմանը, ի՞նչն են դիտարկելու. Ռուստամեանը` դիտորդների մասին

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական նեչկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան տեղակայման հարցին եւ խօսել այդ ֆոնին ստեղծուող մարտահրաւէրներից։
Վատ չէ, որ սահմանին դիտորդներ լինէն եւ իրականում ճշտէն, թէ որ կողմն է խախտում հրադադարը, բայց դիտորդների գալուց առաջ նախ պէտք է հասնել նրան, որ Ադրբեջանն իր զօրքերը դուրս բերի Հայաստանի տարածքից։ Եթէ չէն պահանջում, որ յստակեցուի` ինչ սահմանների մասին է խօսքը, ի՞նչն են դիտարկելու։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսելով Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան տեղակայման մասին` նման կարծիք յայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
Նրա խօսքով` գլխաւոր հարցը չլուծելու դէպքում կարող է անուղղակիօրէն լեգիտիմացուի ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի գտնուելը։
Նշէնք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանը հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսում յայտարարեց` Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին` Հայաստան–Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելութեան տեղակայման հարցով։
««Հայաստան» խմբակցութեան համար անընդունելի է արտաքին քաղաքականութեան ոլորտում ՀՀ իշխանութեան գործելաոճը։ Այն համակարգուած չէ, այլ տարերային բնոյթ է կրում։ Պահի տակ կայացւում են որոշումներ, որոնք չէն համադրւում այլ կողմերի որոշումների հետ»,–ասաց Ռուստամեանը։
Պատգամաւորի կարծիքով` անհրաժեշտ է իրականացնել հայեցակարգային, յստակ եւ սկզբունքային քաղաքականութիւն, որպէսզի հայկական կողմի տեսակէտները հասկանալի լինէն բոլոր կողմերի, առաջին հերթին` մեր ռազմավարական գործընկերների համար։
Կայ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը, որի վերականգման մասին վաղուց խօսւում է։ Հասկանալի է, որ համանախագահող երկրների միջեւ խնդիրներ են առաջացել, բայց ոչ ոք չի խանգարում, որ նրանց հետ տարուի այնպիսի աշխատանք, որպէսզի նրանք եթէ ոչ համատեղ, գոնէ առանձին յայտարարէն նոյն բանը։
«Միւս կողմից ունենք անվտանգութեան այլ համակարգեր։ Լաւ, թէ վատ` գոյութիւն ունի ՀԱՊԿ–ը, որտեղից նոյնպէս յայտարարում են դիտորդական առաքելութիւն ուղարկելու պատրաստակամութեան մասին։ Հետեւաբար քայլերը պէտք է այնպէս համադրուեն, որ ունկը սարքելու տեղը, աչքը չհանուի։ Հայաստանից ադրբեջանական զինուժի դուրսբերումը կ’իրականացուի ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, թէ որեւէ այլ կազմակերպութեան միջոցով, այդտեղ խնդիր չկայ, բայց հիմնահարցը չլուծած` միւս հարցերի մէջ մտնելը նշանակում է ինչ-որ խառնաշփոթ առաջացնել, որի պարագայում յայտնի չէ, թէ դրա հետեւանքները մէզ ինչ օգուտ են բերելու»,– նշեց մեր զրուցակիցը։
ԱՄՆ–Եւրոպայ–Ռուսաստան եռանկիւնու մէջ կան տարաբնոյթ խնդիրներ, ուստի այդ ֆոնին հայկական կողմը, Ռուստամեանի դիտարկմամբ, պէտք է իր հարցը ձեւակերպի այնպէս, որ Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու տրամաբանութեամբ համագործակցենք որեւէ մէկի հետ, եւ այդ ժամանակ մէկին միւսով փոխարինելու խնդիր չի առաջանայ։ Մեկը պէտք է փոխլրացնի այն, ինչը միւսը չի կարողանում անել։
Յիշեցնենք, որ արդէն Հայաստանում է ԵՄ առաքելութեան դիտորդական խմբին սպասարկող տեխնիկական անձնակազմը։ Սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելութեան տեղակայման որոշումն ընդունուել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինեան–Մակրօն–Միշել–Ալիեւ քառակողմ հանդիպման ժամանակ։
Պաշտօնական յայտարարութեան համաձայն` առաքելութեան նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան վերականգնմանը, վստահութեան ամրապնդմանը եւ երկու պետութիւնների միջեւ միջազգային սահմանի սահմանազատմանը։

Share