Արցախի ժողովրդի վիճակը բնականոն հուն չուերադառնալու դէպքում՝ դիմելու ենք աւելի կոշտ գործողութիւնների. Արայիկ Յարութիւնեան

Արցախի ժողովրդի վիճակը բնականոն հուն չուերադառնալու դէպքում՝ դիմելու ենք աւելի կոշտ գործողութիւնների. Արայիկ Յարութիւնեան

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը հանդէս է եկել տեսաուղերձով:

https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=3650202738541253

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 յուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ուղերձը ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի՛ հայրենակիցներ,Արդէն եօթ ամսից աւելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկութեան դէմ ադրբեջանական նոր յանցագործութեան՝ շրջափակման դէմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մէկ ամսում նոյնիսկ հումանիտար բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչութիւնը նպատակ ունեն ճնշելու եւ կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրաւունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան եւ, վերջիվերջոյ, յանգեցնելու էթնիկ զտման:Արցախի Հանրապետութեան ժողովուրդն ու իշխանութիւնները բազմիցս արտայայտել են իրենց դիրքորոշումները, որոնցից կ’ուզէի առանձնացնել հետեւեալները՝

  1. Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիւ կեանքի եւ ինքնորոշման անօտարելի իրաւունքի իրացման, ճանաչման ու պաշտպանութեան համար, իսկ այդ իրաւունքը բնական է եւ ենթակայ չէ սակարկման ու զիջման:
  2. Ադրբեջանում տիրող՝ հայ ժողովրդի դէմ էթնիկ ատելութեան ու խտրականութեան համակարգային քաղաքականութեան պայմաններում յատկապէս Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջեւ, որի յստակ ապացոյցներից են 2020թ. պատերազմով եւ ընթացիկ շրջափակմամբ դրսեւորուած մարդկութեան դէմ յանցագործութիւնները: Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրաւունքի ճանաչումն ու պաշտպանութիւնը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլեւ՝ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյութիւնը երաշխաւորելու համար:
  3. Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման յանցաւոր մեթոդները եւ հետեւանքները՝ միեւնոյն ժամանակ մենք ստիպուած հաշուի ենք նստել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ձեւաւորած նոր իրողութեան հետ՝ յոյս ունենալով, որ գոնէ դա տեւական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիւ գոյութեան համար: Այնուամենանիւ, մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի աւարտից երկու տարի անց՝ արդէն շրջափակում, այնուհետեւ՝ լրիւ պաշարում՝ ոտնահարելով ոչ միայն միջազգային իրաւունքի հանրայայտ նորմերը, այլեւ՝ Եռակողմ յայտարարութեան բազմաթիւ դրոյթներ՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի, ՌԴ խաղաղապահ զօրակազմի երաշխիքների եւ այլ առումներով:
  4. Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանայ-ղարաբաղեան հակամարտութեան բոլոր բաղադրիչները եւ կողմերի մտահոգութիւնները, մշտապէս դրսեւորել ենք մէզ որպէս կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայցեւ ձգտելով պահպանել մեր կենսական իրաւունքներն ու շահերը: Սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխօսութիւն ունենալ մէզ հետ՝ միջազգային անպատժելիութիւնից խրախուսուած ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը:

 Շրջափակման ողջ ընթացքում մենք յոյս ենք ունեցել, որ միջազգային հանրութեան տարբեր դերակատարներ կուերացնեն շրջափակումը, կը կանխէն դրա յետագայ խորացումը: Սակայն մենք լսել ենք միայն բարի խօսքեր, բայց ո՛չ Եռակողմ յայտարարութեան, ո՛չ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպութիւնների, առանձին պետութիւնների եւ այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպէս էլ չտեսանք:

Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է աւելի ու աւելի սանձարձակ, ինչը նշանաւորում է միջազգային իրաւակարգի հոգեւարքը:Դեկտեմբերից յունիս տեւած հիւծող շրջափակումից եւ վերջին մէկ ամսուայ լրիւ պաշարումից յետոյ այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտութեան պարագաների մեծ սղութիւն, գիւղատնտեսական աշխատանքների գրեթէ ամբողջութեամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունէութեան ծաւալների խստիւ կրճատում, ջրի ու կապի ենթակառուցուածքների շարունակական խափանումներ, հիւանդանոցների, հացի արտադրամասէրի ու այլ կենսական օբյեկտների աշխատանքի խափանումներ՝ էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայութեան պատճառով, երեխաների, յղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարիւրաւոր բաժանուած ընտանիքներ եւ այլն, եւ այլն: Մի քանի օրուայ մէջ այս վիճակը շատ աւելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետեւանքներով հանդերձ:Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից բազմաթիւ միջոցներ են ձեռնարկուել թէ՛ միջազգային հարթակներում եւ թէ՛ տեղում՝ ապահովելու համար պատշաճ դիմադրութիւն ադրբեջանական ոտնձգութիւններին: Դրանց հիմնական մասը տեսանելի չէ՝ հաշուի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, եւ նաեւ այդ ջանքերի շնորհիւ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրաւէրներին: 

Սիրելի՛ հայրենակիցներ,Հաշուի առնելով առկայ ծանրագոյն իրավիճակն ու վերահաս հումանիտար ու անվտանգային աղէտը՝ ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հէնց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիւ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացոյցին: Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրութիւն գրաւելու, յորդորելու միջազգային հանրութեանը կատարել իր ստանձնած պարտաւորութիւնները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիւ ու անյապաղ գործողութիւնների:Այս նստացոյցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եւրամիութիւնը, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն ու այլ լիազօր մարմիններ, ինչպէս նաեւ բոլոր մնացած առնչուող դերակատարները զերծ կը մնան առաջին հերթին Ադրբեջանի յետագայ ագրեսիւ ու յանցաւոր գործողութիւնները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետեւ՝ կը կատարեն իրենց պարտաւորութիւնները Եռակողմ յայտարարութեան, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանների եւ միջազգային այլ ակտէրի ու պայմանաւորուածութիւնների պատշաճ կատարման ուղղութեամբ:

Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփիւռքում բնակուող հայ ժողովրդի բոլոր հատուածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարաւոր գործողութիւնների դիմէն որոշում կայացնողների ուշադրութիւնը հրաւիրելու եւ Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղութեամբ: Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը, այն բոլոր արցախցիների սրտէրից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակութեանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի շրջանում: Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացոյցների եւ բողոքի ու իրազեկման այլ զանգուածային արշաւների միջոցով հնարաւոր է շօշափելի արդիւնք ապահովել այս պայքարում: Միջազգային հանրութիւնը պէտք է զգայ հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումն Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիւ ապագայի բանալին հէնց հայ ժողովրդի ձեռքերում է:

Մեկնարկած նստացոյցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտաւորութիւնների կատարմանն ուղղուած ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես աւելի արդիւնաւետ այլ տարբերակ չեմ գտել: Այն որեւէ կերպ էականօրէն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունէութեան վրայ, եւ բոլոր մարմիններն ու պաշտօնեաները շարունակելու են իմ գլխաւորութեամբ կատարել իրենց ծառայողական պարտականութիւնները:Այս օրերի ընթացքում ես հնարաւորութիւն կ’ունենամ Վերածննդի հրապարակում շփուել համաժողովրդական շարժման, հասարակութեան եւ քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները եւ միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել եւ իրականացնել դրանք:

Եթէ մէկ շաբաթուայ ընթացքում միջազգային միջամտութեամբ Արցախի ժողովրդի վիճակը չուերադառնայ քիչ թէ շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից յետոյ մենք դիմելու ենք աւելի կոշտ գործողութիւնների եւ՛ Արցախում, եւ՛ դրանից դուրս:Աստուած պահապան Արցախին եւ ուժ ու կորով մեր ժողովրդին»:

Share