«Զարեհ Սինանեանը նուէր է մատուցել Թուրքիային», — Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ընդգծել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը` մեկնաբանելով Սփիւռքի գործերով յանձնակատար Զարեհ Սինանեանի յայտարարութիւնը, թէ աւարտուել է Հաեօց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը:
Փափազեանը շեշտել է` Թուրքիան վաղուց յոյս ունէր, որ մի օր Հայաստանում կը լինի մի իրաւասու քաղաքական գործիչ, որը կասէր այդ նախադասութիւնը: Թուրքիան երազել է այդ օրուայ մասին, աշխատանք է տարել, որ հայկական Սփիւռքը դադարեցնի արդարադատութեան հասնելուն ուղղուած իր աշխատանքները:
Մուրադ Փափազեանը խօսել է նաեւ յունիսի 4-ին Փարիզում սպասուող մեծ հանրահաւաքից` ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման: Կազմակերպան հարցում մեծ է նաեւ նրա ներգրաւուածութիւնը: Փափազեանի կարծիքով` որեւէ մէկն իրաւունք չունի խօսել Արցախի ժողովրդի ու Արցախի կառավարութեան անունից, նոյնիսկ ՀՀ վարչապետը.
«Աւելի լաւ է լռի Փաշինեանը, քան իր կարծիքը յայտնի, քանի որ իր կարծիքը նոյն Ալիեւի, Ադրբեջանի տեսակէտն է: Երբ Փաշինեանի կարծիքը համապատասխանում է Ալիեւի կարծիքի հետ, երբ Սինանեանի տեսակէտը համապատասխանում է Էրդողանի տեսակէտին, սա նշանակում է, որ այսօր Հայաստանում ունենք մի կառավարութիւն, որն ամբողջովին հայկական շահերի դէմ է աշխատում», — այս համոզմունքն է յայտնել ֆրանսահայ գործիչը:
Յունիսի 4-ի հանրահաւաքին ֆրանսահայերը պիտի նաեւ կոչ անէն Ֆրանսիայի իշխանութեանը, որ շարունակի պահպանել արդարութեան ճամփան, քանի որ Ֆրանսիան, ըստ Փափազեանի, միշտ ունեցել է պրոյ-հայկական դիրքորոշում, բայց այսօր, երբ նկատում է, որ միջազգային գագաթնաժողովներին Հայաստանի վարչապետը չի պաշտպանում հայկական կողմի շահերը, երբ տեսնում է, որ Ալիեւը ուժեղ է, իսկ Փաշինեանը` թոյլ, Ֆրանսիան շփոթուել է:
«Պիտի սատարէնք Ֆրանսիային, որ կանգնի Արցախի եւ Հայաստանի անկախութեան եւ անվտանգութեան կողքին», — պնդել է Մուրադ Փափազեանը եւ յաւելել` եթէ Արցախը Ադրբեջանի մաս դառնայ, կնշանակի ՝Հայաստանի օրերը հաշուած են: