«Չնայած ՀՀ իշխանութիւնների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միեւնոյն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիեւը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիեւն ուզում է ամէն ինչ, այդ թւում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետութիւն ու շարունակուող հայատեացութեան քաղաքականութիւն՝ առանց պարտաւորութիւններ ստանձնելու»,- նշել է Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Բեգլարեանը։
Ըստ նրա, Ալիեւը մինչեւ հիմա ստացել է բազմաթիւ լրջագոյն զիջումներ (այդ թւում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որեւէ բան տալու:
«Վտանգը մեծ է, որ շուտով իշխանութիւնները զիջումներ են անելու նաեւ այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացուել է որպէս նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն):
Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանութիւններին եւ յատկապէս գլխաւոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինեանին, որ միջազգային ատեաններում հայցերից հրաժարուելու դէպքում բազմաթիւ հայեր, ներառեալ՝ ես, նոյն միջազգային ատեաններում դատի ենք տալու ՀՀ իշխանութիւններին՝ մեր իրաւունքները խախտելու համար: Աւելին, մենք հնարաւորինս պէտք է անենք, որ իւրաքանչիւր պաշտօնեայ կրի անյատական պատասխանատուութիւն «պետութեան» անուան տակ իրականացուած մարդու իրաւունքների խախտումների համար, որոնք, առաւել եւս, կարձանագրուէն ներպետական եւ ՄԻԵԴ դատական ակտէրով:
Աեօ, մենք խաղաղութեան կարիք ունենք, բայց առաջարկուող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղութիւն ու արդարութիւն, քանի որ ընդհանրապէս հաշուի չի առնում հակամարտութեան բազմաթիւ կենսական հիմնախնդիրներ եւ բոլոր կողմերի իրական իրաւունքներն ու շահերը: Մի ողջ ժողովրդի հիմնարար իրաւունքների, արժանապատուութեան ու ընդհանրապէս ճակատագրի հաշուին խաղաղութիւն չի կարող լինել, առաւել եւս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էութիւն ունի եւ պահում է իր իշխանութիւնը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախօսութեան յենասիւների վրայ»,- գրել է Ա. Բեգլարեանը:
Աղբիւր` Panorama.am