Կառավարութեան երէկւայ նիստում ձեր քաղաքական առաջնորդը շատ մանրամասն նկարագրեց իրավիճակը Արցախում, նշեց սպառնալիքների մասին, խօսեց Արցախի հայաթափման, էթնիկ զտման մասին եւ, ըստ էութեան, շատ ուղիղ ասաց, որ երկիրը կանգնած է պատերազմական իրավիճակի առջեւ: Դրանից ժամեր յետոյ խօսւեց արտահերթ նիստի մասին, եւ շատ տրամաբանական էր, որ այդ նիստը պէտք է լինէր երկրի անվտանգութեան, մեր երկրի պաշտպանութեան ու հնչած խնդիրների վերաբերդալ: Բայց ի՞նչ ենք այսօր քննարկում, ու այդ ֆոնին քաղաքական մեծամասնութիւնն ինչո՞վ է հանդէս գալիս` ՏԻՄ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելով: Մեր երկրի առաջնային մանդատով օժտւած խորհրդարանը, երկրի բարձրագոյն օրէնսդիր մարմինն արտահերթ նիստ է հրաւիրում Վանաձորի քաղաքապետարանը նւաճելու համար։ Այս մասին այսօր, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, ԱԺ ամբիոնից յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:
Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան 33 պատգամաւորների նախաձեռնութեամբ այսօր՝ ապրիլի 1-ին, արտահերթ նիստ է հրաւիրել, որի օրակարգում մէկ հարց է՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրէնքում փոփոխութիւնների նախագիծը, որով առաջարկւում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրւում, հնարաւորութիւն տալ վարչապետին՝ ժամանակաւոր պաշտօնակատարներ նշանակել։
Նախագիծը համարւել է հրատապ, ինչը նշանակում է, որ 24 ժամով երկրորդ ընթերցման է դրւելու:
«Թշնամական զօրքերը ներխուժել են Փարուխ, գրաւել են ռազմավարական նշանակութիւն ունեցող բարձունքներ, եւ ի՞նչով ենք մենք զբաղւած այս պահին խորհրդարանում: Ուզում եմ հասկանալ` ի՞նչ ուղերձ ենք տալիս մեր ժողովրդին: Հիմա Ստեփանակերտում, Կարմիր Շուկայում, Խրամորթում ապրող արցախցին, հայ մարդը ի՞նչ է մտածում այս խորհրդարանի ու քաղաքական մեծամասնութեան մասին:
Ես ձեզ ընդհանրապէս կարող եմ շատ լուսաւոր եւ գործնական առաջարկ անել. եկեք, փոխէք Սահմանադրութիւնը, մէկ է արդէն մեծամասնութիւն էք, ինչ ուզէք, կանէք, մէկ է, արդէն կարծես թէ սահմանադրական մեծամասնութիւն էք, փոխէք ու Սահամանդրութեան այն կէտը, որով ասւում է, որ ՀՀ-ում ՏԻՄ ընտրութիւնները պէտք է ձեւաւորւեն ընտրութիւնների միջոցով, փոխէք ու ասէք` «սրանից յետոյ, բոլոր գիւղապետերը, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները, չմոռանաք նաեւ Երեւանի քաղաքապետին, նշանակում է ՔՊ-ն»: Փակէք այդ հարցը: «Ժողովրդավարութեան բաստիոն» Հայաստանում դա լաւ արձագանգ կը գտնի ու միջազգային գործընկերները կողջունեն»,- հեգնեց Սաղաթելեանը:
«Այս խորհրդարանն ադեկւատ չի երկրում ստեղծւած իրավիճակին ու մարտահրաւէրներին:
Ինձ մօտ տպաւորութիւն է, որ դուք երկրի պաշտպանութիւնն ու անվտանգութիւնը պաշտպանելու ձեր առաջնային գլխաւոր պատասխանատւութիւնը թողած, մտածում էք ձեր իշխանութիւնը ամրապնդելու մասին, հաւանական կորուստների դէպքում, կարողանաք պահել ձեր իշխանութիւնը:
Այս խորհրդարանը պէտք է գումարեր արտահերթ նիստ` քննարկէր պատերազմական իրավիճակում պետական բիւջէի ծախսերը վերանայելու հարցը, ամբողջն ուղղէր երկրի պաշտպանութեանը, պէտք է գումարէր նիստ` քննարկելու երկրում ռազմաքաղաքական օպերատիւ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու եւ երկրի իրավիճակից դուրս բերելու համար, որովհետեւ դուք փաստել էք, որ անկարող էք մեր երկրի պաշտպանութիւնը կազմակերպել: Հետեւաբար, այս խորհրդարանը հեռու է այս երկրի իրական վտանգները գիտակցելուն, քննարկելուց եւ ելքեր փնտրելուց:
Ես ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում դուրս գալ փողոց, ամսի 5-ին` ժամը 18:30-ին Ազատութեան հրապարակում մենք միասին քննարկենք, ինչպէս պահենք Արցախը, ինչպէս պաշտպանենք Հայաստանը, յանուն Հայաստանի ու Արցախի անվտանգութեան քայլեր եւ գործողութիւններ ձեռնարկենք»,- եզրափակեց դաշնակացական գործիչը: