Կնեազ Մելքումեանի կեանքի պատմութիւնը սկսւում է Մարտակերտի շրջանի Գառնաքար գիւղից, հասնում մինչեւ Նոր Ջրաբերդ, ապա նորից Գառնաքար, իսկ Արցախի տեղահանութիւնից յետոյ՝ Զորաւան․․․ Հաւատում է՝ վերադարձ Արցախ լինելու է․․․
-Արցախեան շարժմանն ու ազատագրական պայքարին Ձեր մասնակցութիւնը…
-Արցախեան շարժման ծիլերին ծանօթ եմ 1965 թուականից։ Յունիսին Ստեփանակերտի աւտօկայանից մեկնում էի Բաքու՝ ԱՊԻ-ում ընդունելութեան քննութիւններ յանձնելու համար։ Կայարանում ինձ մօտենում է մի երիտասարդ, ծանօթանում եւ սկսում ենք զրուցել։ Իմանալով, որ մեկնում եմ Բաքու՝ ասում է՝ գիտես, որ Ղարաբաղ անունը ուզում ենք փոխել պատմական Արցախ անունով, ու հարցնում է իմ կարծիքը։ Ես դրական եմ պատասխանում, ու նա ինձ մի փոքրիկ գրքոյկ է տալիս՝ ասելով, որ տանեմ ու բոլոր ուսանողներին ծանօթացնեմ։ Զորի Բալայանի Արցախի մասին գրքոյկն էր դա, ու ես այդ յանձնարարութիւնը մեծ սիրով կատարեցի՝ շատ հպարտ զգալով ինձ։
Արցախեան շարժումը միշտ էլ ծիլարձակել է տարբեր ժամանակներում։ Դրանցից էր նաեւ մարզային դատարանի առջեւ տեղի ունեցածը։ 80-ականներին, երբ սկսուեցին ստորագրահաւաքները, անմիջապէս մասնակցեցի, իսկ յետոյ նաեւ մասնակցում էի գործադուլներին ու հանրահաւաքներին։ 1988 թուականից Գառնաքարի կոլտնտեսութեան նախագահն էի եւ մեր ենթաշրջանի Արցախեան շարժման կազմկոմիտէի անդամ։ Մինչեւ 2000 թուականը աշխատել եմ այդ պաշտօնում։
-Առաջին պատերազմից յետոյ որոշում կայացրիք տեղափոխուել ու գործունէութիւն սկսել Նոր Ջրաբերդում․․․
— 2000 թուականի վերջերին թողել եմ ղեկավարչական աշխատանքս Գառնաքարում եւ երկու տղաներիս հետ տեղափոխուել եմ Ակնայի շրջանի գոյւղերից մէկը՝ մտածելով, որ կարեւոր է ազատագրուած տարածքները վերաբնակեցնելու ծրագիրը։ Միշտ աչքիս առաջ է եղել Իսրայելի օրինակը, երբ իր ազատագրած տարածքները անմիջապէս բնակեցրել է, ու այսօր ինքն է այդ հողերի տէրը։ Իմ ընտանիքով սկսել եմ աշխատել հողի հետ, զբաղուել նաեւ անասնապահութեամբ։ Իհարկէ, սկզբում դժուար էր, ապրում էինք աւերակների մէջ, սակայն հետզհետէ բարելաւեցինք մեր պայմանները։ Կառուցեցինք տներ, անասնաֆերմաներ։ Շատ կարճ ժամանակահատուածում, համարեայ հինգ տարուայ ընթացքում իմ շուրջը հաւաքուեցին աւելի քան 20 ընտանիքներ՝ Արցախից ու ՀՀ-ից։ Ստեղծուեց նոր բնակավայր ու անուանուեց Նոր Ջրաբերդ։ 2008 թուականին նշանակուեցի գիւղի ներկայացուցիչ, իսկ 2010-ին գիւղն արդէն ունէր տարրական դպրոց՝ 12 աշակերտով։ Մինչեւ 2020 թուականը դպրոցի տնօրէնն էի, միաժամանակ երեխաներին դասաւանդում էի։ Այդ ընթացքում գիւղում կար արդէն 30 ընտանիք՝ 105 բնակիչներով։
Այդ տարիներին մեր գիւղացիները հիմնականում զբաղւում էին անասնապահութեամբ, մարդիկ ունէին եկամտի մեծ աղբիւր՝ առանց պետութեան կողմից որեւէ վարկաւորման ու օգնութեան։ Իմ ընտանիքը ձեռք էր բերել ահագին գիւղտեխնիկայ, հիմնականը՝ արտասահմանեան։ Շրջանում ՄՏԿ-ից յետոյ երկրորդն էինք՝ թէ՛ քանակով, եւ թէ՛ հզօրութեամբ։
2020 թուականի սեպտեմբերին, երբ սկսուեց պատերազմը, գիւղի աշխատող տղամարդիկ անմիջապէս մեկնեցին մարտի դաշտ, իսկ գիւղում մնացած մեծահասակներս հերթապահութիւն էինք իրականացնում, միաժամանակ գիւղատնտեսական աշխատանքներ կատարում։ Պատէրազմի դաշտում էին երեք տղաներս, երեք թոռներս ու երկու փեսաներս։ Ցաւօք, մեր գիւղն ունեցաւ երկու զոհ։ Նոյեմբերի 23-ին շրջանից յայտնեցին, որ երկու օր անց պէտք է թողնենք գիւղը։ Այդ երկու օրերը մեր գիւղացիների կեանքում մի նոր ճակատամարտ բացուեց։ Ցաւալիօրէն ծանր էր։
Ընտանիքս հետ տեղափոխուեցի իմ հարազատ Գառնաքար գիւղը, որտեղ ապրում էր տղաներիցս մէկը, եւ նորից շարունակեցինք մեր աշխատանքը հողի հետ։ Եղած տեխնիկայով եւ ունեցուածքով աւելի մեծ եռանդով կցուեցինք գործին։ Գիւղի վարելահողերը քիչ էին, ու մտածեցի զբաղուել ջերմոցային տնտեսութեամբ։ Ջերմոցներ կառուցեցի՝ յոյս փայփայելով, որ կը կարողանանք ապրել մեր հողում ու վայելել մեր ունեցածը․․․
-2023-ին Արցախը հայաթափուեց․․․
-Սեպտեմբերի 19-ին, երբ թշնամու կողմից սկսուեց արկերի ու ռումբերի որոտը, հասկացանք, որ այս անգամ աւելի սարսափելի է լինելու։ Այդ օրը ոչ մի րոպէ չդադարեցին հրետակոծութիւնները։ Երիտասարդները դիրքերում էին։
Մեր համայնքի ղեկավար Էրիկ Մարտիրոսեանը ինձ նշանակեց գիւղի պաշտպանութեան եւ բնակչութեան անվտանգութեան ապահովման շտաբի պետ։ Շատ արագ ու կազմակերպուած գիւղի բնակչութեանը կարողացանք տարհանել ու տեղափոխել մօտակայ անտառները։ Հերթապահութիւն սահմանեցինք գիւղի մօտակայքում։ Սեպտեմբերի 20-ին զինադադար յայտարարուեց ու հրահանգուեց բնակչութեանը տեղափեխել Ստեփանակերտի օդանաւակայան՝ ռուսական ռազմաբազայի մօտ։ Բնակչութիւնը կազմակերպուած տեղափոխուեց՝ իր հետ վերցնելով ընդամէնը մի երկու օրուայ սնունդ։ Այլ հրահանգ չկար։ Վերջում համայնքի ղեկավարի հետ շրջեցինք տուն առ տուն, համոզուեցինք, որ մարդ չի մնացել ու հեռացանք հազարամեայ պատմութիւն ունեցող մեր գիւղից։ Ես չեմ կարող նկարագրել այն ապրումներն ու կորստի ցաւը, որ ունեցայ այդ պահին։ Վերջին անգամ հրաժեշտ տուեցի Մեծ Հայրենականի եւ Արցախեան բոլոր պատերազմներում զոհուածների յուշակոթողներին, մեր գերեզմանոցներին ու դրախտային՝ աշխարհում ոչ մի տեղ չկրկնուող մեր բնութեանը։ Հետս մի բուռ հող վերցրի՝ որպէս ամենաթանկ սրբութիւն։
Սեպտեմբերի 26-ին հեռացանք Արցախից ու մեծ գերդաստանիս հետ անցանք դժոխքից չտարբերուող ճանապարհը։ Հայաստանում հաստատուել ենք Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորաւան գիւղում։ 5 երեխաներս, 15 թոռներս ու 9 ծոռներս ապրում են Հայաստանում։ Իմ ընտանիքն իմ հպարտութիւնն ու հարստութիւնն է եղել միշտ, եւ համոզուած եմ՝ ցանածիս պտուղները միշտ առատ ու բերրի կը լինէն։
Ցաւօք, առողջական վիճակիս ու հոգեբանական ծանր ապրումներիս պատճառով չեմ կարողանում ակտիւ զբաղուել հասարակական ու քաղաքական գործերով։ Զբաղմունքիս հիմնական առարկան վարձակալած մեր տան փոքրիկ այգին է, որի միջոցով փորձում եմ մի փոքր կտրուել ցաւոտ մտքերից ու խօսել հողի հետ։ Նա լաւ է հասկանում ինձ․․․
-Ձեր կարծիքը ՀՀ կառավարութեան ընդունած բնակարանային աջակցութեան ծրագրի շուրջ․․․
-Այդ ծրագիրը արցախահայութեան դաւաճանութեան շղթայի մի օղակն է, դա Արցախի ժողովրդի ինքնութեան ոչնչացման մի միջոց է։ Կցանկանայի, որ մեր հայրենակիցները երբեք չյուսահատուէն, մշտարթուն պահէն պայքարի ոգին, չկորցնեն վերադարձի յոյսն ու հաւատը։ Այսօր մեր ժողովրդին համախմբում է պէտք։ Կարեւոր եմ համարում, որ ձեւաւորուի բանիմաց մարդկանց մի խումբ, որը կշրջի արցախցիների տներով, մարդկանց կբացատրի ստեղծուած իրավիճակի մասին։ Խոսքս կաւարտեմ մեծն Սեւակով․ «Մենք ամիոբայ չենք, որ կիսուենք, շատանանք, պիտի միանանք, որ շատանանք»․․․
Կարինէ ԲԱԽՇԵԱՆ
«Ապառաժ»