Մարզային այցելութիւնների շրջանակում, Բագրատ Սրբազանն ու «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժաման ակտիւիստները երէկ՝ յուլիսի 13-ին այցելել են Կոտայքի մարզ, որտեղ հանդիպել են Հրազդանի եւ Չարենցաւանի բնակիչների հետ:
Հրազդանում անցկացւած հանդիպման ժամանակ, Բագրատ Սրբազանը նշել է, որ այցելութիւնները վերստին մարդկանց տեսնելու առիթ են. «Այս շրջանը, պայքարի ամբողջ ընթացքը ոմանց համար տեսանելի է, ոմանց համար՝ ոչ։ Այս փուլը պէտք է լինի մեր մտքերի պատրաստութեան փուլը, երբեք թոյլ չտալու, որ բարիքի տեսքով չարիքը ներխուժի մեր մտածողութեան մէջ։ Շատ հարցերի պատասխան մենք գուցէ չունենք, բայց մի հարցի պատասխան ունենք՝ մեր երկիրն ու մեր պատիւը վերականգնելն է, միջոցներն ու հնարաւորութիւնները մեր ձեռքում են։ Յաղթանակը պէտք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ յաղթանակը, եւ այդ ժամանակը շատ էլ հեռու չէ»,- ասել է նա։
Անդրադառնալով յունիսի 12-ի դէպքերին Սրբազանն ասել է, որ այդ օրը մնալու է որպէս սեւ գիծ, որը վերջնական կէտն է յստակօրէն տեսնելու դահիճի եւ դահիճների թաքնւած դէմքը. «Մեր ջանքերով իրենց ուզածը չեղաւ։ Քաղաքական արկածախնդիրների, պատեհապաշտների, երեսպաշտների ուզածն էլ չեղաւ, եթէ գնար իրենց ուզած սեցնարով, գնար բախման, արեան, մնացած գծած սցենարները հեշտութեամբ կիրականացնեին»,- նշել է նա։
Մի վայր այցելեց, յաջորդելու է աղէտը. դրա մեծագոյն վկայութիւնը Վարդենիսն է
Ինձ համար անհասկանալի է՝ ինչպէ՞ս կարող էին տարիներով գնալ Արցախ, մեծ-մեծ բրդել, մարդկանց հացն ուտել ու այդ հացն ուրանալ: Այս մասին Չարենցաւանում ասել է Բագրատ Սրբազանը:
«Մայր Հայաստանում արցախցիները գոնէ ամոքում չեն գտնում։ Պատճառն այս չարիքն է՝ դէմքով, տեսքով, ատլետիկ կազմւածքով նեռն է, որը մահ է բերում, դժբախտութիւն ու ողբերգութիւն։ Բարեւ տւեցիր՝ կրակն ես ընկնելու, շփւեցիր, կողքը կանգնեցիր՝ հաստատ մի բան պատահելու է։ Մի վայր այցելեց, յաջորդելու է աղէտը։ Դրա մեծագոյն վկայութիւնը Վարդենիսն է, երբ Նոր տարւայ գիշերը տղաներին պարացնում էր, իսկ 15-16 օր յետոյ այս տղաներն այրւում էին։ Ու երբ ծնողները սպասում էին իրենց զաւակների մոխրացած մարմինների վերադարձին, այս չարիքն Իջեւանում խրախճանքի մէջ էր, պարեկային ծառայութիւն ընդունելով։ Սրանց սիրտն արիւն ու զոհ է ուզում»,- նշել է նա։
Խօսելով Սրբազան պայքարի ընթացքի մասին, Բագրատ Սրբազանն ասել է, որ պայքարը երկրորդ փուլ կամ երկրորդ շրջան ենք անցել, որը շատ աւելի կազմակերպւած աշխատանք է պահանջում:
Նա ներկայացրել է ապագայ անելիքների յաջորդականութիւնը. «Չարիքին հեռացնելուց յետոյ արդարութեան ու ճշմարտութեան սկզբունքի հիմա վրայ ձեւաւորւելու է հաշտութեան կառավարութիւն, որը բոլոր ջանքերը կը ներդնի, որպէսզի աշխարհաքաղաքական բախումներից Հայաստանը հեռու պահի։ Ունենք մի շատ կարեւոր հարց եւս՝ մեր գերիների ու արցախցիների վերադարձն իրենց տներ։ Իսկ որոշ ժամանակ յետոյ պատրաստւել ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւնների, որպէսզի այլեւս որեւէ հոգեւորական դուրս չգայ պայքարի»,-ասել է Սրբազանը: