Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուին դարձեալ անհանգստացնում է հայկական Սփիւռքը. այս անգամ նրան մտահոգել է Ֆրանսիայի հայ համայնքի գործունէութիւնը, որը, ըստ նրա, խոչընդոտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին։
Մտահոգութիւնների մասին թուրք պաշտօնեան պատմել է Ստրասբուրգում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ապա Ֆրանսիայում բնակուող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել այդ երեւոյթի դէմ՝ յիշեցնելով, որ թուրք-ամերիկեան համակարգող կոմիտէն եւս յաջողութեամբ պայքարել է ԱՄՆ-ի հայկական սփիւռքի դէմ։
Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը շեշտում է՝ Սփիւռքը պատմականօրէն դէմ է այդ յարաբերութիւնների կարգաւորմանը, որովհետեւ յստակ է՝ ՀՀ-ն պատրաստ չէ գործընթացին, որը ղեկավարում է Թուրքիան:
«Այսօր պարտուող Հայաստանը, դժբախտաբար, ի վիճակի չէ ստորագրել որեւէ համաձայնագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որովհետեւ այս վիճակում անխուսափելիօրէն մեր դէմ կշրջուի ցանկացած պայմանագիր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կգրէն, որովհետեւ իրենք գրիչն ունեն իրենց ձեռքում. ՀՀ-ն, ցաւօք, իր ձեռքում չունի գրիչ: Դրա համար է, որ Սփիւռքը եւ մասնաւորապէս ֆրանսահայութիւնը դիմադրում ենք այս ամէնին:
Չաւուշօղլուն առաջին անգամը չէ, որ նման յայտարարութիւններ է անում Սփիւռքի դէմ. եթէ յիշում եք՝ յուլիսի 3-ին նոյն յայտարարութիւններն էր արել, եւ 10 օր անց ինձ արգելեցին մտնել Հայաստան Նիկոլ Փաշինեանի հրահանգով. սա, կարծում եմ, լուրջ կապ ունի, եւ պէտք է տեսնենք այդ կապը»,- 168.am-ի հետ զրոյցում մանրամասնեց Մուրադ Փափազեանը:
Հարցին՝ արդեօ՞ք Չաւուշօղլուին անհանգստացրել է նաեւ Ձեր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատութիւնը, որով, կարելի է ասել, դուրս եք եկել Էրդողանի ռեժիմի դէմ, սփիւռքահայ գործիչը պատասխանեց. «Այս գիրքն ուղղակի Էրդողանի դէմ է եւ բաւական լուրջ արձագանք է գտել ֆրանսիական մեդիաների եւ քաղաքական միջավայրների մօտ, եւ յստակ է, որ այս գիրքը խանգարում է Թուրքիային: Տեղեակ ենք արդէն, որ Թուրքիայի դեսպանը շատ մօտից է հետեւում այս գրքի մասին հրապարակումներին եւ արձագանքներին: Վստահ եմ, որ թուրքական կառավարութեանը զայրացրել է Ֆրանսիայում նման գրքի հրապարակումն ու յաջողութիւնները. սա յստակ է:
Բայց յստակ է նաեւ, որ Թուրքիան կարողացաւ ճնշել ՀՀ կառավարութեանը, եւ ՀՀ կառավարութիւնն ու մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանը շատ տկար դիրքի վրայ են Թուրքիայի դէմ եւ ի վիճակի չէն պաշտպանել Հայաստանը. Արցախի մասին արդէն չեմ խօսում, Հայաստանի մասին եմ խօսում, որովհետեւ Հայաստանն է այսօր վտանգի տակ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:
Թուրք ղեկավարները հասկացել են, որ Փաշինեանն արդէն իրենց գրպանի մէջ է, ու այժմ խնդիրը Սփիւռքն է, որը կարող է իր լծակներով խանգարել ՀՀ-ի դէմ թուրքական ծրագրերը, որովհետեւ լուրջ պանթուրքական ծրագրեր կան ՀՀ-ի եւ Հայաստանի ժողովրդի դէմ: Ու որովհետեւ մենք ազատօրէն, անկախորէն նշում ենք դրանց մասին Սփիւռքում, Չաւուշօղլուն կոչ է արել Ֆրանսիայում թուրքական սփիւռքին հակազդելու, ընդդիմանալու հայկական սփիւռքին»:
Արդյօք Չաւուշօղլուի այս կոչին կը յաջորդի՞ նաեւ անհատների, այդ թւում՝ Ձեր թիրախաւորումը՝ մեր վերջին հարցադրումին ի պատասխան էլ՝ Մուրադ Փափազեանը նկատեց.
«Վստահ եմ, որ դա է նպատակը. այսինքն՝ երբ հանրային ձեւով շատ յստակ թիրախաւորում են, անունս տալու կարիքը չունեն. թուրքական միջավայրները շատ լաւատեղեակ են, որ ես եմ առաջին գծի վրայ եւ,անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ»: