Թուրքիան այս ամենն անում է արաբական աշխարհին սիրաշահելու համար
«Թուրքիան այս ամենն անում է արաբական աշխարհին սիրաշահելու համար, սակայն իրականում ես կարծում եմ, որ ներքին համաձայնութիւն կայ, որովհետեւ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ հրադադարից ընդամէնը ժամէր անց սկսուեց այս յարձակումը, որը վստահաբար նախապատրաստուած էր»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, NEWS.am–ի հետ զրոյցում ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը՝ խօսելով այն մասին, որ նոյեմբերի 27-ին թուրքամէտ ահաբեկչական խմբաւորումները Հալեպի շրջանում յարձակում են գործել սիրիական բանակի եւ դաշնակից ուժերի դիրքերի վրայ։
«Ես հաւատում եմ, որ Իսրայելն ու Թուրքիան դաշնակիցներ են՝ չնայած նրան, որ հանրայնօրէն միմեանց դէմ արտայայտութիւններ են հնչեցնում»,–յաւելեց նա։
«Զինեալ ահաբեկիչների կողմից չորեքշաբթի օրը սկսուած յարձակումը մեծ թափ ունէր, նրանք լաւ նախապատրաստուած էին։ Սիրիական բանակը սկզբում հակադարձեց, այժմ էլ պատրաստւում է շրջանների ազատագրման համար հակայարձակման։ Անշուշտ, սիրիական բանակին օգնում է ռուսական օդուժը։ Թեեւ սկզբում զինեալ ահաբեկիչները բաւական շատ գիւղեր էին գրաւել Հալեպի արեւմտեան շրջաններում, բայց դրանք սակաւ բնակչութիւն ունեցող գիւղեր էին։ Մի քանի գիւղեր զօրքն արդէն ազատագրել է, այժմ բախումներ են տեղի ունենում Հալեպի արովարձաններում՝ քաղաքից մօտ 5 կմ հեռաւորութեան վրայ»,–նշեց «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը։
Հարցին, թէ արդեօ՞ք կարող է պատերազմ սկսուել, Զարմիկ Պողիկեանը պատասխանեց.
«Այն շրջանը, որի վրայ այս պահին յարձակում է տեղի ունենում, այդքան էլ մեծ չէ։ Փորձում են յարձակուել եւ գրաւել Մ5 կոչուող միջպետական ճանապարհը։ Նրանց զօրակցողը հիմնականում Թուրքիան է։ Նրանք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ թուրքական զօրքերի մուտքն այդ տարածք դիւրին լինի։ Մինչ այժմ քաղաք մտնել չէն կարողացել, սակայն հրթիռներ են նետում, բնակելի վայրերն են ռմբակոծում։ Այսօր օրինակ, հրթիռակոծեցին Հալեպի պետական համալսարանի հանրակացարանը. չորս զոհ եւ տասնեակ վիրաւորներ կային»։
Հարցին, թէ ո՞րն է Թուրքիայի նպատակը, Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիրը պատասխանեց. «Ըստ երեւոյթին, Թուրքիան փորձում է զիջումներ կորզել Սիրիայից, որովհետեւ Սիրիայի կարծիքը յստակ էր. պատրաստ է բանակցութիւնների եւ յարաբերութիւնների վերականգնման՝ մի պայմանով, որ թուրքական ուժերը դուրս գան Սիրիայի տարածքներից։ Սիրիայի պայմանը սա էր, եւ եթէ այն իրագործուեր, երկխօսութեան հարթակ կստեղծուեր, սակայն, ըստ երեւոյթին, Թուրքիան ցանկացաւ շրջանցել այդ պայմանը, եւ Սիրիային ստիպողաբար բերել բանակցութեան սեղանի մօտ»։
Խոսելով դէպքերի յետագայ հնարաւոր զարգացումների մասին, Զարմիկ Պողիկեանն ասաց.
«Հիմա, եթէ նկատի ունենանք զինեալ ահաբեկիչների ձեռքի տակ եղած զէնքերը, քաղաք մտնելու կարողութիւն չունեն, կարող են քաղաքի ծայրամասէրը թափանցել, հրթիռակոծել։ Հաշուի առնենք նաեւ, որ Սիրիայի եւ Ռուսաստանի օդային ուժերն արդէն գործի են դրուել, եւ պատրաստւում են հակայարձակման։ Բայց չենք կարող ասել, թէ ինչպէս կզարգանան իրադարձութիւնները, կարող են տարածաշրջանային այլ զարգացումներ լինել, կարող է Թուրքիան մասնակցել ուղղակի բախումներին։ Կարծում եմ՝ բանակցութիւնների ենք գնում, բայց կողմերն իրար վրայ փորձում են ճնշում գործել»։