Մտահոգութիւն ունեմ, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիեւ-Փաշինեան կուլիսային պայմանաւորուածութիւն կայ

Մտահոգութիւն ունեմ, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիեւ-Փաշինեան կուլիսային պայմանաւորուածութիւն կայ

Իրանն ուշի-ուշով հետեւում է տարածաշրջանում դէպքերի զարգացմանը. մէզ համար կարեւոր է թոյլ չտալ, որ Հարաւային Կովկասում տարածաշրջանից դուրս գտնուող այլ պետութիւններ գան ու այստեղ ներկայութիւն ունենան. Սա իրանի համար «կարմիր գիծ» է: Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում նշեց Իրանի մէջլիսի հայ պատգամաւոր Արա Շահուերդեանը:

Նա յիշեցրեց, որ օրերս Հայաստանի ԱԽ քարտուղար Արմէն Գրիգորեանն է այցելել Իրան, հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ Իրանական կողմը եւս մէկ անգամ իր «կարմիր գծերի» մասին յստակ ասել է. «Ակնկալիքն այն է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, ի մասնաւորի Հայաստանն ու Ադրբեջանը, իմանան եւ յարգէն Իրանի կարմիր գծերը: Իրանը թոյլ չի տա, որ որեւէ պետութիւն տարածաշրջանում խախտի եւ հարցականի տակ դնի Իրանի անվտանգութիւնն ու սահմանները»,-ընդգծեց Արա Շահուեդրեանը:

Անդրադառնալով տեսակէտին, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ալիեւի եւ Փաշինեանի միջեւ կուլիսային ինչ-որ պայմանաւորուածութիւն կայ, Իրանի խորհրդարանի պատգամաւորն ասաց. «Գոնէ ինձ մօտ այդ մտահոգութիւնը կայ, որովհետեւ տեսնում ենք, թէ ինչպէս միանգամից փոփոխութիւններ եղան տարածաշրջանում, Ղարաբաղից տեղահանուեցին 100 հազարից աւելի հայեր, յետոյ եղաւ ԼՂՀ-ի կազմալուծման յայտարարութիւնը: Հետոյ տեսնում ենք, որ ձերբակալուեցին Արցախի նախկին նախագահները: Այս ամէնը մտահոգիչ է եւ ես յոյս ունեմ, որ կուլիսներում էլ որոշումներ չլինէն, այդ թւում Զանգեզուրի հետ կապուած»,-ասաց հայ պատգամաւորը:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահի յայտարարութեանը, որ եթէ Հայաստանը միջանցք չտրամադրի, այդ միջանցքը կանցնի Իրանի տարածքով, Արա Շահուերդեանն ասաց. «20 տարուց աւելի է, որ այդ միջանցքը, աւելի ճիշտ ճանապարհը կայ, որով Ադրբեջանը կապւում է Ադրբեջանի հետ: Դրանով կարծես Թուրքիան ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին ասում է, որ եթէ դուք ինձ նեցուկ չկանգնեք «Զանգեզուրի միջանցքի» հարցում, մենք Իրանի ճանապարհից կօգտուենք: Միւս կողմից էլ Հայաստանին են ասում, որ եթէ միջանցքը Իրանով անցնի, Հայաստանը տնտեսական շահից կզրկուի: Ես յուսով եմ, Հայաստանի իշխանութիւնն աւելի ուշադիր կը լինի այս տեսակի քայլերի հարցում եւ թոյլ չի տա, որ «Զանգեզուրի միջանցք» միջանցքը իրականան, քանի որ դա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի անվտանգութեան համար:

Share