Հայաքուէն եւ իշխանութեան «հակաքուէն»

Հայաքուէն եւ իշխանութեան «հակաքուէն»

Այլընտրանքային նախագծեր նախաձեռնութեան համահիմնադիր Վահէ Հովհաննիսեանը գրում է.

«Իհարկէ, շատերը հասկանում են, որ ստորագրութիւնների թուով չէ, որ որոշուելու է Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։ «Հայաքուէն» էականօրէն կարեւոր է նախ որպէս պրոցես։ Այս իմաստով գաղափարի հեղինակները անում են կարեւոր գործ։ Ինչ կը լինի արդիւնքում՝ ես չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Բայց սա մի պրոցես է, որը տասնեակ հազարաւոր մարդկանց թոյլ է տալիս ինչ-որ մի օգտակար բան անել, իրենց զգալ քաղաքացի, իրենց զգալ արժանապատիւ պրոցեսի մի մաս։ Սա թոյլ է տալիս յիշել, որ Հայաստանը միայն գործող իշխանութիւնը չէ։ Սա պրոցես է, որը կարող է ունենալ հետաքրքիր զարգացումներ։ Բնականաբար, իշխանութիւնը հակազդելու է, եւ առաջին քայլը հիմա անում են՝ քարոզչամեքենայի միջոցով, թէ՝ Հայաքուէն կը բերի պատերազմի։

Սա թոյլ գաղափար է, որովհետեւ մի իշխանութիւն, որը երկիրը բերեց պատերազմի եւ արդէն չորրորդ տարին է՝ չի կարողանում փակել պատերազմի էջը, չի կարող մեղադրել այլոց՝ պատերազմի վտանգ ստեղծելու մէջ։ Աւելին, իշխանութիւնից դուրս բոլոր հանրային պրոցեսներն այսօր ուղղուած են հէ´նց նոր պատերազմ թոյլ չտալուն։

Այնուամենանիւ պէտք է նկատի ունենալ, որ այս իշխանութիւնը այսուհետ հասարակութեանը միշտ պատերազմով է վախեցնելու՝ ամէն հարցում, իրենց իւրաքանչիւր տապալումից յետոյ։
Բայց նրանց հիմնական հակաքայլը դա չէ։

Իշխանութիւնը գիտի, որ միշտ աւելի ազդեցիկ են լինում քաղաքական պատասխանները։ Իշխանութեան ամենաազդեցիկ քայլը լինելու է Երեւանի ընտրութիւններում ՔՊ-ի յաղթանակը։ Ընդ որում, կարեւորը յաղթողի անձը չէ, այլ՝ իշխող ուժի։ Նիկոլն անմիջապէս այդ յաղթանակը վերագրելու է իրեն եւ իր գործունէութեանը։ ՔՊ-ի յաղթանակը նշանակելու է բոլոր առողջ շրջանակների հաւաքական պարտութիւնը։

Դեռ ժամանակ կայ՝ դա թոյլ չտալու, բայց ես վստահ չեմ, որ արւում է ամէն անհրաժեշտը։
Շաբաթներ առաջ առաջարկել էի «Հանրութեան թեկնածու»-ի կարգավիճակով ու կոնսօլիդացիայով գնալ Երեւանի ընտրութիւններին (առնուազն 2-3 թեկնածու կայ, որ յաջողութեամբ դա կ’անի)։ Հիմա էլ վստահ եմ՝ դա միակ տարբերակն է էլեկտորալ ակտիւութեան եւ հանրային առողջացման համար։ Թէ ինչո՞ւ չի ստացւում, այս հարցը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. պատճառները տարբեր են։
Հնչում է մի հակափաստարկ, թէ՝ հիմա Երեւանի ընտրութիւնների ժամանակը չէ։ Բայց այստեղ նոյնպէս կարեւորը նախ պրոցեսն է՝ էլեկտորալ արթնացման եւ առողջ կոնսօլիդացիայի՝ աւելի կարեւոր նպատակների համար։ Հարիւր հազարաւոր մարդիկ ուզում են մի օգտակար քայլ անել՝ այս վիճակից դուրս գալու համար, բայց նրանց ոչ ոք ցոյց չի տալիս այդ քայլը, եւ չէն ստեղծում քայլի հնարաւորութիւնը։ Սա է խնդիրը։

Իսկ Երեւանում ՔՊ յաղթանակը իսկապէս լինելու է իշխանութեան «հակաքուէն»՝ ուղղուած հանրութեանը։ Կարո՞ղ ենք դա թոյլ չտալ. միանշանակ՝ աեօ։ Առողջ տրաբանութիւնը յուշում է, որ լաւ տեմպ առնող «Հայաքուէն», որպէս հանրային շարժում, պէտք է ստանայ էլեկտորալ շարունակութիւն։ Հանրային շարժումը, որն այս ընթացքում հասցնում է իր շուրջ հաւաքել ամենատարբեր քաղաքական հայեացքների ու պատկանելութեան, լայն շառաւղով շրջանակների, կարող է բնականօրէն ծնունդ տալ իր թեկնածուին՝ քաղաքապետի ընտրութիւնների հանրութեան թեկնածուին։ Դա կը լինի հանրային պրոցեսի բնական շարունակութիւն։ Իրօք, կայ լաւ տարբերակների հնարաւորութիւն։ Մինչ այս արդէն իրենց մասնակցութեան մասին ազդարարած թեկնածուները եւս պէտք է հաշուի առնէն այս հնարաւորութիւնը եւ գուցէ դառնան հէնց այս պրոցեսի մի մաս։ Այս միաւորումը եւս կը դառնայ ընդհանուր հանրային պրոցեսի մի բաղկացուցիչը։ Հանուն Արցախի, հանուն պատերազմի էջը փակելու, հանուն ներքին հաշտութեան պէտք է գնալ այս ուղղութեամբ։

Հակառակ դէպքում ակտիւացուած, մօտիւացուած տասնեակ հազարաւոր ընտանիքներին մենք հերթական անգամ ուղարկում ենք տուն»։

Share