Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը 2010 թուականին սահմանուել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից՝ որպէս բռնի եւ հարկադրուած անհետացումների հետեւանքով մարդու իրաւունքների սարսափելի ոտնահարումների մասին յիշեցում: Գրում է Yerkir.am-ը:
Օրուայ վերաբերեալ յայտարարութիւն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը:
«Մարդկանց հարկադրուած կամ բռնի անհետացումն իր բնոյթով մարդու հիմնարար իրաւունքների խախտում է. այն ոտնահարում է մարդու իրաւունքների մի ամբողջ շարք՝ հաստատուած Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրով, Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանութեան միջազգային կոնուենցիայով, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքների միջազգային դաշնագրերով եւ մարդու իրաւունքների այլ միջազգային հիմնական փաստաթղթերով:
Այս համալիր ոճրագործութիւնը խախտում է մարդու բոլոր իրաւունքները, ներառեալ կեանքի իրաւունքը, խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նուաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկուելու իրաւունքը, ազատութեան եւ անվտանգութեան իրաւունքը, արդար դատաքննութեան իրաւունքը, իրաւական պաշտպանութեան արդիւնաւէտ միջոցների եւ անհետացման հանգամանքների վերաբերեալ ճշմարտութիւնն իմանալու իրաւունքը։ Միջազգային իրաւունքը որոշակի հանգամանքներում բռնի անհետացումը մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն է համարում:
Միջազգային մարդասիրական իրաւունքը նպատակ ունի զերծ պահելու մարդկանց կամայական ձերբակալութիւնների, կալանքի ու գերութեան ընթացքում այլ խախտումների հետեւանքով անհետացումներից: 2020 թուականի նոյեմբերի 9-ին ստորագրուած հրադադարից յետոյ Ադրբեջանը շարունակում է պատանդառութեան մէջ պահել հայ ռազմագերիների, այդ թւում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղեան առաջին եւ 44-օրեայ պատերազմների հետեւանքով հարիւրաւոր անյայտ կորածների եւ բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզուած։
Ադրբեջանի իշխանութիւնների կողմից համագործակցութեան բացակայութիւնն անհնարին է դարձնում անյայտ կորած անձանց թուի ճշգրիտ գնահատումը, եւ անհետացածների ճակատագրի կամ գտնուելու վայրի եւ ողջ լինելու վերաբերեալ հաւաստի տեղեկութիւնների ձեռքբերումը։
Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերեալ տեղեկատւութեան տրամադրման միջանկեալ միջոցների կիրառման վերաբերեալ, ինչպէս նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից 2021 թուականի դեկտեմբերի 7-ին ներկայացուած հրատապ միջոցները, որոնք պարտաւորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական եւ խտրական քաղաքականութիւնը։