Եւրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել մարդու իրաւունքներն Արցախում քննարկում

Եւրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել մարդու իրաւունքներն Արցախում քննարկում

Եւրոպական Խորհրդարանի պատգամաւոր Փիթր Վան Դալենի նախաձեռնութեամբ եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի համակազմակերպմամբ Եւրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 7-ին անցկացուել է «2020թ․ պատերազմը եւ մարդու իրաւունքներն Արցախում» խորագրովխոր հրդաժողով։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը եւ Մարդու Իրաւունքների Եւրոպական Դատարանում հայ ռազմագերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը։

Միջոցառմանը ներկայ են գտնուել Եւրոպական Խորհրդարանի բազմաթիւ պատգամաւորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիւ քաղաքական գործիչներ, դիւանագէտներ եւ հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Եւրոպական Խորհրդարանի պատգամաւոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է իր պատրաստակամութիւնը՝ օժանդակել Արցախին, նշելով․ «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կեանքը եւ նրանց մշակութային ժառանգութիւնը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թէ պէտք է ընդունենք որեւէ «ստատուս-քուոյ», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը, բացման խօսքում շնորհակալութիւն յայտնելով խորհրդաժողովի մասնակիցներին եւ խորհրդաժողովը նախաձեռնող պատգամաւոր Փիթեր Վան Դալենին, շեշտել է․ «2020 թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծուած Արցախեան երկրորդ պատերազմը Արցախի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտումների ենթարկելու նոր փորձ էր։ Իր հայրենիքում հայ ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրաւունքը հիմնարար մարդկային իրաւունք է։ Եւրոպական Խորհրդարանն արդէն իր հրատապ բանաձեւով դատապարտել է Ադրբեջանում պետական մակարդակով հովանովորուող հայատեացութեան քաղաքականութիւնը, որն ինքնին այն փաստի ճանաչումն է, որ Արցախի ժողովրդի գոյութիւնն Ադրբեջանի տիրապետութեան տակ անհնարին է»։

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողները խօսել են Արցախեան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրան յաջորդող ժամանակահատուածում մարդկային իրաւունքների եւ միջազգային կոնուենցիաների կոպիտ խախտումների վերաբերեալ։

Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը մասնաւորապէս նշել է․ «Էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականութիւնը, սպառնալիքների եւ բռնութիւնների կիրառումն ու բնակչութեան վրայ հոգեբանական գրոհները միտուած են խաթարելու բնականոն կեանքը, ինչպէս նաեւ նպատակ ունեն առաջացնել Արցախում հայ ժողովրդի գոյատեւման նկատմամբ անվստահութիւն։ Այս անվստահութիւնը գնալով աճում է, յատկապէս այն դէպքում, երբ Արցախի կարգավիճակի հարցը բանակցութիւնների քննարկման նիւթ չի դառնում, մասնաւորապէս նաեւ Եւրոպական Միութեան միջնորդութիւնների ժամանակ»:

ՄԻԵԴ-ում հայ գերիների պաշտօնական ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանն Ադրբեջանի դէմ միջազգային դատարանների համապատասխան որոշումներն իրաւական տեսանկիւնից ներկայացնելուց բացի, ընդգծել է. «Հակահայ այլատեացութիւնը դարձել է Ադրբեջանի որոշիչ յատկանիշը, որն արտայայտւում է խօսքի ատելութեան, հայազգի բանտարկեալների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հայերի նկատմամբ էթնիկ բռնութեան հերոսացման, էթնիկ զտումների, պատմութեան ժխտման ձեւերով»։

Զեկոյցներին յաջորդել է հարց ու պատասխան, այդ թւում միջոցառմանը ներկայ ադրբեջանցիների մասնակցութեամբ։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
08.09.2022 թ.

Share