Վերեւից թելադրուած որոշման տակ մարդկային կեանքեր են

Վերեւից թելադրուած որոշման տակ մարդկային կեանքեր են

Էլինար Վարդանեան

Այլընտրանքային նախագծեր խումբ, ՀՀ ԱԺ պատգամաւոր

Երեկ, չորս տարի մէկ ամիս կալանքից յետոյ, Վահագն Վերմիշեանի խափանման միջոցը փոխարինուեց տնային կալանքով, գրաւով եւ հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշեանի վերաբերեալ մեղադրական դատաւճիռը դեռեւս ուժի մէջ չի մտել, սակայն Վերմիշեանը չորս տարուց աւելի է, ինչ պահւում էր կալանքի տակ։ Ընդ որում, եթէ լինէր օրինական ուժի մէջ մտած դատաւճիռ, վերջինս արդէն հնարաւորութիւն կ’ունենար դիմելու վաղաժամկէտ ազատման համար։ Մի պահ վեր կանգնեք իրաւական ձեւակերպումներից, ուղղակի հասկանանք, որ խօսքը գնում է մարդու մասին. 4 տարի մարդուն կալանք են տալիս, պահում անազատութեան մէջ՝ առանց օրինական ուժի մէջ մտած դատաւճիռ։ Սա սովորական ինկուիզիցիայ է։

«Ինձ 50 հոգի է ձերբակալուել, թէ 100, էական չէ: Էականն էն է, թէ քանի հոգու նկատմամբ է մեղադրական դատաւճիռ կայացուել… Մեզ պէտք են մեղադրական դատաւճիռներ»՝ այսպիսին էր գերագոյն, գլխաւոր «իրաւապահի» նախորդ տարուայ վերջին հնչեցուած ցանկութիւնը։
Ի պատասխան վարչապետի ցանկութեան իրաւապահները հասկացրել էին, որ «մենք ունենք իրավիճակ, երբ որպէս պրակտիկայ՝ կալանքի տակ չգտնուող մեղադրեալների դէպքում դատական նիստէրը տարիներով ձգձգւում են: Դա պրոբլեմ է»։ Դէ ուրեմն պրոբլեմը լուծելու ճանապարհը իրենք լաւ գիտէն՝ մարդուն տարիներով պահել կալանքի տակ։

Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, աւելի կոմպրոմիսային սարքել: Եւ ամենեւին կարեւոր չէ՝ կալանքի հիմք կայ, թէ ոչ։ Ճնշող մեծամասնութեամբ հիմքեր չէն էլ լինում, կամ էլ այդ հիմքերը շատ արագ վերանում են։ Արմէն Աշոտեանի արդէն երկար ամիսներ ձգուող կալանքը դրա ապացոյցն է։ Զաւեշտը հասնում է նրան, որ դատաւորը անձնական երաշխաւորութիւն ներկայացնողներին մերժում է՝ նշելով, որ անձնական երաշխաւորութիւնը մարդիկ ներկայացնում են Աշոտեանի հեղինակութեան ազդեցութեան տակ, հետեւաբար, եթէ նա կարողանում է ազդել երաշխաւորութիւն ներկայացնող պատգամաւորի կամ բարձրաստիճան հոգեւորականի վրայ, ապա պատկերացնում եք ինչպէս կազդի վկաների վրայ։ Աշոտեանի գործով տուժող չէն կարողանում գտնել, բայց մարդուն պահում են անազատութեան մէջ՝ որպէս անձնական վրէժ. ուրիշ ոչ մի իրաւական բացատրութիւն չկայ։

Շուրջ երկու տարի է կալանքի տակ է Մամիկոն Ասլանեանը, ում կալանաւորեցին Վանաձորի աւագանու ընտրութիւններից անմիջապէս յետոյ։ Պետք էր, որ նա չլինէր աւագանու նիստէրին, եւ համակարգը նրան ուղարկեց բանտ. էլի ուրիշ բացատրութիւն չկայ՝ եւ սա գիտէն բոլորը։ Մամիկոն Ասլանեանի դէպքում եւս, եթէ տեսականօրէն արդէն առկայ լինէր օրինական ուժի մէջ դատաւճիռ, ապա նա կարող էր դիմել վաղաժամկէտ ազատման հարցով։

Կալանքի տակ է պահւում Նարեկ Մալեանը՝ շուրջ 6 ամիս՝ հրապարակային խօսքի համար։ Խափանման միջոցի փոփոխութեան վերջին միջնորդութիւնը մերժուեց, քանի որ դատարանը գտաւ, որ մնալով ազատութեան մէջ` Մալեանը, ուշադրութիւն, կը կատարի հնարաւոր յանցաւոր նոր արարք։ Սա նշանակում է, որ երկրագնդի վրայ ապրող 8 միլիարդ մարդու կարելի է այս ձեւակերպմամբ կալանք տալ։

Բոլորի աչքի առջեւ ոստիկանական մեքենայում իրաւապահների կողմից բռնութեան ենթարկուած Լեւոն Քոչարեանը մի քանի ամիս կալանքի տակ մնաց ճիշտ հակառակի համար՝ պաշտօնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունէութեանը միջամտելու համար։ Վստահ եմ, եթէ չլինէր պատգամաւորական անձեռնմխելիութիւնը, Քոչարեանը դեռ կը շարունակեր մնալ կալանքի տակ։ Իսկ շոուն արդէն շարունակւում է դատարանում։ Մեզ համոզում են, թէ այն ինչը մենք մեր աչքերով տեսել ենք՝ իրականում չենք տեսել։ Եւ քննիչը, դատախազը, կալանք տուող դատաւորը «նոյնպէս չէն տեսել»։

Ֆեյսբուքեան գրառման համար կալանքի տակ պահուեց անչափահաս երեխաների մայր՝ Տաթեւիկ Վիրաբեանը։ Երեւի Տաթեւիկին պատժելու իրենց դրդապատճառներն ունէին։

Նախորդ տարուայ աշնանը Արցախի եւ արցախահայութեան կեանքի իրաւունքի համար ակցիաների ընթացքում կալանաւորուեց գրեթէ հինգ տասնեակ մեր հայրենակից։

Շատ երկար կարելի է թուարկել մարդկանց անուններ, ովքեր անցնում են տարբեր քրէական գործերով։ Երեկ, օրինակ, Հրանտ Բագրատեանի գործով նիստն էր, որտեղ վկայ ոստիկաններն արդէն չէին էլ յիշում, թէ նախաքննական ցուցմունքներում ինչ են գրել կամ աւելի ճիշտ իրենց ինչ էին թելադրել։

Պատահական չէ, որ Freedom House-ն իր զեկոյցում արձանագրել է, որ դատարաններն առնչւում են համակարգային քաղաքական ազդեցութեան, եւ դատական ատեաններն ախտահարուած են կոռուպցիայով: Դատարանները ենթարկւում են ճնշումների դատախազների կողմից՝ հօգուտ մեղադրական դատաւճիռների։

Ինտենսիւ գնում է դատակաիրաւական համակարգի դեգրադացիայ։ Ոչ թէ բոլորն են հաւասար օրէնքի առաջ, այլ բոլորը հաւասարապէս անպաշտպան են իրաւական կամայականութիւններից, անօրինականութիւններից:

Ուզում եմ մէկ կարեւոր բան արձանագրել. Դատաիրաւական համակարգը շատ հեշտ է խաղում մարդկային կեանքերի, ճակատագրերի հետ։ Ամէն մի անօրինական, վերեւից թելադրուած որոշման տակ մարդկային կեանքեր են։ Անկասկած մի օր գալու է պատասխան տալու ժամանակը։

Share