Հրաչ Վարժապետեան. ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով Ֆրանսիայի հայ համայնքը պառակտուած չէ, բայցեւ կորցրել է իր երբեմնի միասնականութիւնը

Հրաչ Վարժապետեան. ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով Ֆրանսիայի հայ համայնքը պառակտուած չէ, բայցեւ կորցրել է իր երբեմնի միասնականութիւնը

Ֆրանսուա Բայրուն երբեք հայամէտ չի եղել, միշտ դէմ է քուէարկել պրոհայկական բոլոր բանաձեւերին. վերջերս մեղմացել են նրա այդ դիրքորոշումները.

Հրաչ Վարժապետեան

Մոտ 2 շաբաթ առաջ Ֆրանսիան նոր վարչապետ ունեցաւ՝ ի դէմս «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամէտ կուսակցութեան առաջնորդ Ֆրանսուա Բայրուի:

73-ամեայ Ֆրանսուա Բայրուն, ով փոխարինում է Միշել Բարնիեին (նա ստիպուած էր հրաժարական տալ վարչապետի պաշտօնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարութեան նկատմամբ արտայայտուած անվստահութեան քուէի արդիւնքում), համարւում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնի համախոհը:

Իսկ այսօր յայտնի է դարձել 73-ամեայ Ֆրանսուա Բայրուի ղեկավարած կառավարութեան նոր կազմը: Մի շարք առանցքային գերատեսչութիւնների՝ արտաքին գործերի, ներքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւնների ղեկավարները՝ Ժան-Նոել Բարոն, Բրիւնոյ Ռետաեօն եւ Սեբաստիէն Լըկորնիւն պահպանել են իրենց պաշտօնները։ ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն արդէն շնորհաւորել է իր ֆրանսիացի գործընկերոջը՝ Սեբաստիէն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինուած ուժերի նախարարի պաշտօնում վերանշանակուելու առթիւ՝ համոզմունք յայտնելով, որ նորացուած մանդատի ընթացքում կը շարունակէն համատեղ աշխատանքը Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանական համագործակցութեան ամրապնդման եւ յետագայ զարգացման ուղղութեամբ:


Թէ ի՞նչ սպասել հայ-ֆրանսիական յարաբերութիւնների համատեքստում Ֆրանսիայի նոր կառավարութիւնից, եւ, առհասարակ, ի՞նչ է տեղի ունենում Ֆրանսիայի ներքաղաքական կեանքում, 168.am-ը փորձել է պարզել ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանի հետ հարցազրոյցում:

– Նախ պէտք է ասեմ, որ Ֆրանսուա Բայրուն երբեք հայամէտ չի եղել, կարելի է նոյնիսկ ասել, որ հակահայ դիրքորոշումներ ունէր եւ խորհրդարանում միշտ դէմ է քուէարկել պրոհայկական բոլոր բանաձեւերին, այդ թւում՝ Ցեղասպանութեան ժխտման քրէականացման հարցին առնչուող: Նա լաւ կապեր ունի ադրբեջանական-թուրքական բլոկի հետ, եւ վճռորոշ պահերին միշտ հակահայ դիրքորոշում է ունեցել:

Վերջերս այդ իմաստով յայտնապէս մեղմացել են Բայրուի բացայայտ այդ դիրքորոշումները, բայց Ֆրանսիայի հայ համայնքը եւ հայութիւնը միշտ էլ առնուազն վերապահումով է մօտեցել նրա անձին:

Ի՞նչ սպասել Ֆրանսուա Բայրուի կառավարութիւնից, ես կասէի՝ յատուկ ոչինչ, որովհետեւ Ֆրանսիան քաղաքական տագնապ է ապրում, այսպէս ասած: Գիտեք, որ նախորդ կառավարութիւնը 3 ամիս դիմացաւ, քանի որ բիւջէի հարցով վստահութիւն քուէ չստացաւ, եւ, բնականաբար, կառավարութիւնը տապալուեց:

Ֆրանսուա Բայրուի այս նոր կառավարութիւնը, շատ հաւանական է, որ նոյն ճակատագիրն ունենայ, որովհետեւ խորհրդարանական երկու հիմնական ուժերը՝ ձախ միաւորումը եւ ծայրահեղ աջը, դուրս են մնացել կառավարութեան կազմից, աւելին՝ ձախ միաւորման հետ նոյնիսկ բանակցութիւններ տեղի չունեցան: Եւ սա կարող է պատճառ դառնալ, որ այս երկու ծայրահեղ կողմերը, որոնք խորհրդարանում երկու մեծ խմբակցութիւններն են, եւս մէկ անգամ տապալէն կառավարութիւնը վստահութեան քուէի հարցով:

Տեսնենք՝ ինչ կը լինի այս կամ բիւջէի իմաստով: Կան նաեւ մի քանի գլխաւոր հարցեր, որոնցից ամենահիմնականը հարկերի բարձրացման դէմ այս ծայրահեղ խմբակցութիւնների կեցուածքն է, նաեւ ծերութեան թոշակների խնդիրը կայ, որով նախորդ կառավարութիւնը տապալուեց: Եւ եթէ Բայրուի կառավարութիւնն այս հարցում նոյն կեցուածքը որդեգրի, շատ հաւանական է, որ նախորդ կառավարութեան ճակատագիրն ունենայ եւ տապալուի:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արտաքին քաղաքականութեանը, բնականաբար, կառավարութեան փոփոխութեամբ շատ հարց չի փոխուի, որովհետեւ, ինչպէս աւելի վաղ ասել եմ մի առիթով, Ֆրանսիայում նախագահն է արտաքին քաղաքականութեան հիմնական պատասխանատուն, նաեւ՝ արտաքին գործերի նախարարութիւնը, որը յաճախ «անկախ» կամ ինստիտուցիոնալ քաղաքականութիւն է վարել տասնամեակներ ի վեր 5-րդ հանրապետութեան մէջ: Բայց, կրկնում եմ, Ֆրանսիայի նախագահն է արտաքին քաղաքականութեան հիմնական պատասխանատուն, ուստի Ֆրանսուա Բայրուի այս նոր կառավարութեան օրօք Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցում խոչընդոտ չեմ տեսնում, յատկապէս, երբ Ֆրանսիայի զինուած ուժերի նախարարը մնաց նոյնը՝ Սեբաստիէն Լըկորնիւն, որի պաշտօնավարման ժամանակ ռազմական սերտ յարաբերութիւններ են ձեւաւորուել Հայաստանի հետ եւ զարգացման հեռանկարներ կան: Եւ սա բաւարար հիմք է՝ ասելու, որ նոր կառավարութեան օրօք Հայաստանի հետ յարաբերութիւններում խնդիրներ, ըստ էութեան, չէն լինի, թէպէտ, կրկնում եմ, որ Բայրուի նկատմամբ Ֆրանսիայի հայ համայնքն առնուազն վերապահում ունի, որոշների կողմից անգամ հակակրանք կայ:

– Եթէ Մակրօնը չլինի Ֆրանսիայի նախագահը, Հայաստանի հետ յարաբերութիւնները կփոխուե՞ն, եթէ հաշուի առնենք, որ նախագահն է արտաքին քաղաքականութեան հիմնական պատասխանատուն, իհարկէ, այստեղ նաեւ կարեւոր հարց կայ՝ նայած ով նրան կփոխարինի:

– Հայաստանի անկախացումից կամ վերաանկախացումից ի վեր 30 տարի Ֆրանսիայի եւ Հայաստանի յարաբերութիւնները միշտ էլ շատ լաւ են եղել: Այսինքն, ոչ հայկական կողմի ղեկավարներից, եւ ոչ էլ Ֆրանսիայի ղեկավարներից է կախուած եղել այդ յարաբերութիւնները, 2 երկրների յարաբերութիւններն ի սկզբանէ սերտ են եղել: Հայաստանի բոլոր ղեկավարների հետ Ֆրանսիան շատ լաւ յարաբերութիւններ է ունեցել, կամ՝ Ֆրանսիայի բոլոր նախագահների ժամանակ այդ յարաբերութիւնները չէն փոխուել, նոյնն են մնացել: Այնպէս որ, Մակրօնի նախագահ չլինելուց յետոյ Հայաստանի հետ յարաբերութիւնները չէն փոխուի:

– Ֆրանսիան շարունակում է իր ռազմական աջակցութիւնը Հայաստանին, դրա աշխարհաքաղաքական, այսպէս ասած, հետին մտքերին անդրադարձել ենք մի առիթով: Արդեօ՞ք այս առումով Հայաստանի կողքին լինելու՝ Ֆրանսիայի աշխարհաքաղաքական նպատակներում փոփոխութիւն կայ, մասնաւորապէս, ՌԴ-ին դուրս մղելու Հարաւային Կովկասից:

– Արեւմուտքի կողմից, առհասարակ, այդ ցանկութիւնը եւ փորձը միշտ էլ կայ, դժուար ընթացք է արեւմտեան այդ ուղղութիւնը: Իսկ Ֆրանսիան, աեօ, շարունակում է իր ռազմական օգնութիւնը, համագործակցութիւնը եւ Հարաւային Կովկասում այս ձեւով իր քաղաքականութիւնը եւ շահագրգռուածութիւնը: Կարո՞ղ է այդ իմաստով բան փոխուել, չեմ կարծում: Միւս կողմից, այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանային առումով՝ Սիրիայում վերջին զարգացումները՝ Ասադի վարչակարգի տապալումը եւ դրանից յետոյ տեղի ունեցողը, Լիբանանում վերջին իրադարձութիւնները Հըզբոլլահի հետ կապուած, այս բոլորը, բնականաբար, տարածաշրջանային քաղաքականութեան մէջ նոր իրավիճակ է ստեղծելու, արդէն ընթացքի մէջ է: Եւ բնականաբար, այս բոլորի մէջ Ֆրանսիան պիտի փորձի գտնել իր տեղը, եւ իր ռազմական քաղաքականութիւնը, որ Հայաստանի հետ իրականացնում է, անշուշտ, փորձելու է առաւել սերտացնել: Աեօ, միշտ էլ կայ ՌԴ-ի դէմ ուղղուած Արեւմուտքի այդ քաղաքականութեան փաստը՝ Հարաւային Կովկասում թէ մէկ այլ տեղ, այդ թւում՝ Ֆրանսիայի կողմից: Եւ այս բոլոր շարժումները, ընդարձակումները դէպի Հարաւային Կովկաս, Հայաստան, բնականաբար, նաեւ ՌԴ-ի դէմ ուղղուած քայլեր են: Սա պէտք է յստակ նկատի ունենալ:

– Ֆրանսիայ-Թուրքիայ յարաբերութիւններն այսօր ինչպե՞ս եք գնահատում, եւ Մակրօնն ու Էրդողանն այսօր ի՞նչ առաջնային թեմաներ ունեն խօսելու, հեռախօսազրոյցների միջոցով քննարկելու: Ի դէպ, վերջերս թուրքական եւ ադրբեջանական մամուլը գրել էր, որ Ֆրանսիան գաղտնազերծումներ է արել եւ արբանեակային լուսանկարներ հրապարակել Թուրքիայի կարեւոր ռազմավարական օբյեկտների վերաբերեալ: Եւ եթէ Ֆրանսիայ-Թուրքիայ յարաբերութիւնները կարգաւորուեն որոշ չափով, դա կարո՞ղ է ազդել Հայաստան-Ֆրանսիայ յարաբերութիւնների վրայ եւ Հայաստանին զէնք մատակարարելու պլանների վրայ:

– Ֆրանսիայ-Թուրքիայ, Ֆրանսիայ-Ադրբեջան յարաբերութիւններն այսօր բարվօք վիճակում չէն, որովհետեւ ֆրանսիական կղզիներում Ֆրանսիայ պետութեան դէմ խժդժութիւնները, որոնք տեղի են ունենում, այդտեղ նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի մատն է խառը, ինչը, բնականաբար, Ֆրանսիայ-Թուրքիայ, Ֆրանսիայ-Ադրբեջան յարաբերութիւններում սեպ է խրում: Բայց նաեւ բնական է, որ քաղաքականութիւնը միշտ էլ փոփոխական է, եւ վաղը կարող է երկուստեք շահերը փոխուէն, եւ Ֆրանսիայ-Թուրքիայ յարաբերութիւնները կարող են բարելաւուել: Սակայն սա չի նշանակում, որ Ֆրանսիայ-Թուրքիայ, Ֆրանսիայ-Ադրբեջան յարաբերութիւնները եթէ մի օր բարելաւուէն, դա կազդի Հայաստան-Ֆրանսիայ յարաբերութիւնների վրայ, որովհետեւ Ֆրանսիայի նման պետութիւնները, մեծ պետութիւնները նմանօրինակ հարցերով շատ չէն տարւում, այսինքն, մի ուղղութեամբ տարուող քաղաքականութիւնը յաճախ միւսի վրայ, այսպէս ասած, ազդեցութիւն չի ունենում:

Աւելին, Ֆրանսիան Թուրքիայի հետ այլ յարաբերութիւն ունի, Ադրբեջանի հետ՝ բոլորովին այլ, Հայաստանի հետ՝ լրիւ տարբեր յարաբերութիւն: Այսինքն, մեծ պետութիւնների դէպքում սա յատուկ քաղաքականութիւն է, եւ չէն կարող այդքան «մանրանալ»՝ վերը նշուած մի յարաբերութիւնը միւսին կապելով: Եթէ յանկարծ այնպէս պատահի, որ Ֆրանսիայ-Թուրքիայ, Ֆրանսիայ-Ադրբեջան յարաբերութիւնները բարելաւուէն, դա չի կարող պատճառ դառնալ, որ Հայաստանի հետ յարաբերութիւնները վատանան: Իսկ այս պահի դրութեամբ, կրկնում եմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները բարվօք չէն, եթէ չասենք՝ յատկապէս Ադրբեջանի հետ յարաբերութիւնները Ֆրանսիայի բաւական լարուած են, պատճառների մասին արդէն խօսեցի:

– Ի դէպ, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ պնդում է, որ Մակրօնի ղեկավարած Ֆրանսիան ձախողուած է, թուլացած, որովհետեւ նաեւ Աֆրիկան է կորցնում:

– Մակրօնի Ֆրանսիան միջազգային քաղաքականութեան մէջ երբեմնի իր հեղինակութիւնը կորցրել է արտաքին քաղաքականութեան առումով, ինչպէս նաեւ իր ներքին պառակտուած վիճակով, ինչի ականատեսը եղանք վերջին մէկ տարում՝ կառավարութիւնների փոփոխութիւններ, Մակրօնը երկրի մէջ իրար յաջորդող ընտրութիւններում կորցրեց առաջատարի իր դիրքը, եւ, ըստ ընդդիմութեան, պարտութիւն է կրում, սա, իհարկէ, ազդում է Մակրօնի հեղինակութեան վրայ:

Աեօ, Ֆրանսիան Աֆրիկան սկսել է կորցնել, նախկին ֆրանսիական գաղութներում հետզհետէ իրենց դիրքերն են ամրապնդում Չինաստանը, որոշ չափով՝ Ռուսաստանը: Եւ Ֆրանսիան հետզհետէ սկսում է թուլանալ եւ կորցնել իր հիմնական աղբիւրներն Աֆրիկայում: Այս իմաստով, կարելի է ասել, որ Մակրօնի վարած քաղաքականութեան հետեւանքով աշխարհաքաղաքական առումով Ֆրանսիան առաջադիմութեան փոխարէն՝ հետընթաց է արձանագրել:

– Այս համատեքստում վերադառնանք Սիրիայում եւ Լիբանանում տիրող իրավիճակին, ի՞նչ պատկեր ենք ստացել այսօր:

– Շատ յստակ քաղաքականութիւն էր վարուել Արեւմուտքի կողմից, եւ յատկապէս Թուրքիայի եւ Իսրայելի կողմից եւ միջոցով՝ Լիբանանում հասնելու Հըզբոլլահի ռազմական թուլացմանը, վերջինում յատկապէս պիտի շեշտենք Իսրայելի դերակատարումը, եւ այս համատեքստում, բնականաբար, Հըզբոլլահը ռազմական առումով կորցնում է իր հեղինակութիւնը տարածաշրջանում: Սրան անմիջապէս յաջորդեցին Սիրիայում հարուածները՝ Բաշար ալ-Ասադի իշխանութեան վերացումով, ինչն արդէն նոր իրավիճակ ստեղծեց, որից Իսրայելը եւ ԱՄՆ-ը, մասնաւորապէս, օգտւում են: Հարցն այն է, որ նախկինում Արեւմուտքի կողմից ահաբեկիչ համարուած մարդը, նրա խմբաւորումն այսօր արդէն Սիրիայում իշխանութիւն է, մինչ այդ ընդդիմութիւն էր դիտարկուել, ինչը խօսում է արեւմտեան «կեղտոտ» քաղաքականութեան մասին:

Եւ արդէն Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան փորձում են գործակցել նրանց իշխանութեան հետ, որոնց հէնց իրենք ժամանակին ահաբեկիչ էին համարում: Ե՛վ Լիբանանում, եւ՛ Սիրիայում ունենք հայ համայնք, եւ հայութեան առումով մտահոգող հարցեր կան, բնական է, որ իսլամիստների այս նոր ներկայութիւնն առնուազն հարցականներ է ստեղծում:

Եւ այս իմաստով պէտք է նոր դրուածքին վերապահումով մօտենալ եւ մեծ յոյսէր չկապել քարտէզի փոփոխութեան հետ, որը նոյնիսկ կարող է բացասական ազդեցութիւն ունենալ Հարաւային Կովկասում եւ Հայաստանի վրայ: Այսինքն, այս ամէնին պէտք է աչալրջութեամբ հետեւել: Յատկապէս Սիրիայում մեր մտահոգութիւններում նկատի պէտք է առնել նաեւ Թուրքիայի յաջողութիւնն այնտեղ, երբ փորձ արուեց իր կամքը պարտադրել Ռուսաստանին եւ Իրանին: Սա մէզ երկու իմաստով է մտահոգում. Թուրքիան մեր թշնամին է, եւ երկրորդ մեր դաշնակիցները՝ Իրանը եւ Ռուսաստանը, Սիրիայում չյաղթեցին եւ շրջանցուեցին:

– Հարցազրոյցն ամփոփենք Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում առկայ իրավիճակին առնչուող հարցով՝ արդեօ՞ք Ֆրանսիայում հայ համայնքը պառակտուած է, որքանո՞վ է այն պահանջատէր Ցեղասպանութեան ճանաչման հարցում: Ի դէպ, Ֆրանսիան ՄԽ-ի համանախագահող երկիր է, այսօր նաեւ այն լուծարելու ադրբեջանական պահանջ կայ, ինչպե՞ս է Ֆրանսիան եւ տեղի հայ համայնքը դրան վերաբերւում:

– Ֆրանսիայի հայ համայնքը պառակտուած չէ, բայցեւ կորցրել է իր երբեմնի միասնականութիւնը, որի գլխաւոր պատճառը ՀՀ իշխանութիւնների վարած քաղաքականութիւնն է, նրա՝ Սփիւռքը քանդելու, մասնատելու ապիկար, վտանգաւոր եւ ապազգային քաղաքականութիւնը: Եւ սա է պատճառը, որ այսօր Ֆրանսիայի հայ համայնքը կորցրել է իր միասնականութիւնը, պառակտուած բառը ճիշտ չեմ համարում տուեալ դէպքում: Սա յստակ է: Բայց պէտք է ասել, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցում հայ համայնքը, բարեբախտաբար, իր միասնականութիւնը պահում է, եւ համայնքի բոլոր տարրերը միշտ էլ բացասաբար են վերաբերւում ՀՀ իշխանութիւնների կողմից վարուող քաղաքականութեանը՝ Հայոց ցեղասպանութեանն առնչուող: Կրկնում եմ, Ֆրանսիայի հայ համայնքը Ցեղասպանութեան հետ կապուած՝ պահում է իր միասնականութիւնը:

Share