Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում

Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում

Յուլիսի 11-ին տեղի ունեցաւ Դիւանագէտների համահայկական խորհրդի կազմակերպած «Հայաստանի արտաքին քաղաքականութեան վերահաս վտանգները. ինչպէս չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ» թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիւանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիւ ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում տեղի ունեցաւ մտքերի ակտիւ փոխանակութիւն՝ հետեւեալ ուղղութիւններով՝

  • Հայաստանի համար չափազանց վտանգաւոր ու ռիսկային տարածաշրջանային զարգացումներ
  • Արտաքին քաղաքականութեան ձախողումներ
  • Ինչո՞ւ է Հայաստանն անընդհատ կորցնում բնական դաշնակիցներին
  • Ի՞նչ է պէտք անել վերականգնելու համար Հայաստանի անվտանգային, դաշնակցային միջավայրը
  • Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
  • Ռազմավարական յարաբերութիւնների վերագործարկման հնարաւորութիւնները Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ
  • Հայկական աշխարհի ներուժի օգտագործման կենսական անհրաժեշտութիւնը

Մասնակիցների գնահատմամբ գործող իշխանութիւնը վարում է անհեռատես եւ վտանգաւոր արտաքին քաղաքականութիւն, որի արդիւնքում Հայաստանը յայտնուել է չափազանց խոցելի վիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքը կարող է երկիրը տանել դէպի լիակատար մեկուսացում՝ առանց որեւէ դաշնակցի եւ անվտանգութեան մեխանիզմների՝ այն վերածելով ոչ կենսունակ պետութեան։

Հայաստանը պէտք է ակտիւացնի իր աշխատանքը գործող անվտանգային համակարգում՝ փորձելով գտնել առկայ տարաձայնութիւնների եւ խնդիրների լուծման ճանապարհները, ինչպէս նաեւ ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։

Հայաստանը պէտք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղութեան շուրջ բանակցութիւնները՝ դարձնելով այն փոխշայաւէտ, երկու երկրների միջեւ եւ ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատեւ խաղաղութեան հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապէս կարեւոր է բանակցութիւններում քաղաքական կարգաւորումը երաշխաւորող միջնորդի ինստիտուտի գործարկումը եւ Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։

Զուգահեռ անհրաժեշտ է հնարաւոր բոլոր ուղղութիւններով, այդ թւում միջազգային կառոյցների եւ հիմնական ուժային կենտրոնների հետ, աշխատանքներ տանել արցախահայութեան միջազգային ճանաչուած անքակտելի իրաւունքների վերականգնման համար՝ ներառեալ հայրենի հողում երաշխաւորուած եւ անվտանգ ապրելու իրաւունքը։

Դիւանագէտների համահայկական խորհուրդը արձանագրում է ժամանակի սղութիւնը՝ Հայաստանին սպառնացող արտաքին վերահաս վտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտայայտում, որ նպատակաուղղուած, ճիշտ, հետեւողական, համակարգուած, գրագէտ եւ սկզբունքային քայլերի արդիւնքում հնարաւոր է էապէս շտկել իրավիճակն՝ ի վերջոյ վերադառնալով երկրի անվտանգ, կայուն եւ տեւական զարգացման հուն։

Դիւանագէտների համահայկական խորհուրդ

Share