Խոր ցաւով տեղեկացնում ենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, կեանքից անժամանակ հեռացել է ՀՅԴ Երեւանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսեան» կոմիտէի նախագահ Հովհաննես Մեծ Գեւորգեանը:
Վաստակաշատ ընկերը ծնուել է 1963 թ. մայիսի 20-ին Երեւանում: Հասակ է առել եւ դաստիարակուել 1946 թուականից հայրենիքում հաստատուած՝ Ադանայի հայութեան ժառանգ, յայտնի քարագործ վարպետ Մովսեսի ընտանիքում: Մանուկ հասակից ունեցել է արուեստագէտ նկարչի անուրանալի ձիրք ու տաղանդ: Ծառայել է խորհրդային բանակում: Սովորել եւ աւարտել է Երեւանի Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ-ն՝ նկարիչ-մանկավարժի որակաւորումով:
Աշխատանքային գործունէութիւնը սկսել է պատանի հասակից՝ օգնելով հորը՝ վարպետ Մովսեսին: 1990-ական թթ. աշխատել է Երեւանի մետրոպոլիտենում՝ որպէս ձեւաւորող նկարիչ: Այնուհետեւ աշխատել է Քանաքեռաւանի Արուեստի դպրոցում՝ որպէս նկարիչ-մանկավարժ: Երեւանի Մ. Աւէտիսեանի անուան կերպարուեստի դպրոցի հիմնադիր – տնօրէնն է:
Հովհաննես Մեծ Գեւորգեանը 1992 թուականից ՀՅ Դաշնակցութեան երդվեալ ու նուիրեալ անդամ էր, անդամակցել է իր բնակավայրի՝ Երեւանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսեան» կոմիտեութեանը, իսկ մահուանից առաջ նոյն կոմիտէի նախագահն էր:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ Հայաստանի պատանեկան միութիւնների Կենտրոնական վարչութիւնների անդամ էր, ներկայումս արդէն աւանդական դարձած եւ համահայկական բնոյթ ստացած Ջահերով երթի նախաձեռնողներից, համահեղինակներից ու կազմակերպիչներից էր:
Հովհաննես Մեծ Գեւորգեանը տաղանդաւոր եւ իւրայատուկ նկարիչ ու քանդակագործ էր, բազմաթիւ աշխատանքների հեղինակ, որոնք ներկայացուել են անյատական ու այլ ցուցահանդէսներում: Նա ճանաչուած ու գնահատուած էր արուեստագէտ հանրոյթի կողմից:
Հովհաննես Մեծ Գեւորգեանն ամուսնացած էր, ունի 3 որդի եւ 1 դուստր: Որդիներից Մովսեսն Արցախեան 44-օրեայ պատերազմի մասնակից է, վիրաւորուել է Վարնկաթաղի ինքնապաշտպանութեան ժամանակ:
Գաղափարական ու հաւատաւոր ընկերոջ, բազմազաւակ հոր, տաղանդաւոր նկարիչ-մանկավարժի յիշատակը միշտ վառ կը մնա հազարաւոր սաների, երիտասարդ սերնդի դաշնակցականների, կուսակցական ընկերների եւ նրան ճանաչողների սրտէրում:
Հովհաննես Մեծ Գեւորգեանի հոգեհանգիստը տեղի կ’ունենայ մայիսի 24-ին՝ ժամը 18:00-ից, Երեւանի Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան, Հասրաթեան 9/1 հասցէում (Միքայելեան հիւանդանոցի հարեւանութեամբ): Յուղարկաւորութիւնը՝ մայիսի 25-ին՝ ժամը 13:00-ին, նոյն հասցէից:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտէ
ՀՅԴ Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանի «Արամ Պողոսեան» կոմիտէ