«Տաք» փողերը փախչում են Հայաստանից․ հետեւանքները չէն ուշանում

«Տաք» փողերը փախչում են Հայաստանից․ հետեւանքները չէն ուշանում


Թադեւոս Աւէտիսեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Ռուս-ուկրաինական հակամարտութեամբ եւ արտաքին գործոններով պայմանաւորուած՝ նախորդ երկու տարիներին մեր երկրի տնտեսական բարձր աճի շրջանն արդէն աւարտւում է՝ բերելով ապագայ նոր ռիսկեր ու մարտահրաւէրներ։

Աւելին՝ արձանագրուած բարձր տնտեսական աճն այդպէս էլ չկապիտալացուեց, չեանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցուածքի բարելաւման եւ չուերածուեց տեսական երկարաժամկէտ կայուն աճի ներուժի։ Այս ամէնին էլ գումարած տնտեսական անվտանգութեան աւելացող սպառնալիքները։

Բերեմ պաշտօնական վիճակագրութեան վերաբերելի որոշ ցուցանիշներ։

Տնտեսական ակտիւութեան ցուցանիշի աճը 2022թ․-ին կազմել է 14,2%, որը 2023թ․-ի երկրորդ եռամսեակից սկսած կայուն նուազում է եւ տարին փակուեց 9,4% ցուցանիշով։

2023թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտէրկրից ստացուել է (մեր երկիր է մտել) շուրջ 2,23 տրիլիոն դրամ, ինչն ընդամէնը 2%-ով է աւել 2022թ.-ի ցուցանիշից։ 2023թ.-ին նոյն ձեւով արտէրկիր է փոխանցուել (մեր երկրից դուրս է եկել) 1,6 տրիլիոն դրամ, ինչն արդէն շուրջ 483 միլիարդ դրամով կամ 44%-ով է աւել 2022թ.-ի ցուցանիշից։

Փաստօրէն, նախորդ տարուայ համեմատ՝ 2023թ․-ին Հայաստանից դրամական միջոցների արտահոսքի աճը տոկոսային արտայայտութեամբ 22 անգամ գերազանցում է դէպի մեր երկիր դրամական ներհոսքի աճի ցուցանիշին։

Հետեւանքը՝ 2023թ.-ին արտէրկրից դրամական մուտքերի եւ ելքերի չափերի դրական տարբերութիւնը (զուտ ներհոսքը) կազմել է 649 միլիարդ դրամ, ինչը շուրջ 441 մլրդ դրամով կամ 41%-ով պակաս է 2022թ.-ի ցուցանիշից։
Դասական իմաստով սա բնութագրում է հէնց «տաք» փողերի փախուստը։

Յատկանշական է նաեւ այն, որ 2022թ․-ի 47 տոկոս թռիչքաձեւ աճից յետոյ, 2023թ․-ին ֆինանսական ծառայութիւններն գրանցել են երկնիշ անկում։ Եւ սա հէնց պայմանաւորուած է արտաքին առեւտրաշրջանառութեան աճի տեմպերի, ինչպէս նաեւ օտարերկրեայ դրամական միջոցների փախուստով։

Այսինքն՝ արտաքին, պատահական գործոններով պայմանաւորուած բարձր տնտեսական աճի «փուչիկը պայթում է»։ Իսկ տնտեսութեան պատասխանատուները կասկածի տակ էին դնում օտարերկրեայ դրամական զուտ ներհոսքի ծաւալների թռիչքաձեւ աճի ազդեցութիւնը գրանցուած բարձր տնտեսական աճի վրայ։

Յաջորդը՝ ՀՆԱ-ի երկնիշ աճերի պայմաններում նախորդ երկու տարիներին եւս շարունակաբար եւ առաջանցիկ աճել է պետական պարտքը։ Մասնաւորապէս, 2024թ․-ի յունուարի 1-ի դրութեամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,85 միլիարդ ԱՄՆ դոլար՝ 2023թ. յունուարի 1-ի նկատմամբ աճելով 11,5%-ով, իսկ 2022թ․-ի յունուարի 1-ի նկատմամբ՝ 28,5%-ով։

2018թ․-ի մայիսից յետոյ՝ այս իշխանութեան կառավարման նախորդ հինգուկէս տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: Այնսինքն՝ այս իշխանութեան օրօք ՀՆԱ-ի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմել է 5,5%, իսկ երկրի պետական պարտքի տարեկան աճը՝ դրանից շուրջ 2,5 անգամ աւել՝ 14%։

Այսինքն՝ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացու հաշուով այս իշխանութիւնը պետական պարտքն աւելացրել է շուրջ 1800 ԱՄՆ դոլարով։

2023թ.-ին միայն ՀՀ կառավարութեան պարտքի գծով վճարուած տոկոսավճարները կազմել են 253,4 մլրդ դրամ, ինչը 2022թ.-ի համեմատ աւել է 55,1 մլրդ դրամով կամ շուրջ 28%-ով, իսկ 2021թ․-ի համեմատ՝ 72,6 միլիարդ դրամով կամ շուրջ 40%-ով։

Կառաւարութեան պարտքի գծով վճարուած տոկոսավճարները եւս գրանցում են բարձր աճի խիստ մտահոգիչ միտումներ եւ, գնալով՝ էլ աւելի են կրճատում սոցիալական ծախսէրի աւելացման իրական հնարաւորութիւնները։

2023թ․-ին կառավարութեան պարտքի տոկոսների վճարները կազմել են տուեալ տարուայ պետական բիւջէի հարկային եկամուտների շուրջ 11%-ը, ընդհանուր ծախսէրի՝ շուրջ 10%-ը, իսկ սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին յատկացուած ընդհանուր ծախսէրի՝ 36%-ը։

Փաստօրէն՝ ինչպէս բազմիցս հիմնաւորել եւ կանխատեսել ենք․ այս իշխանութիւնները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաեւ մեր երկրի ապագայ երկարաժամկէտ զարգացման ռեսուրսը, թռիչքաձեւ աճող պարտքի բեռը թողնելով սերունդների ուսերին։

Զուգահեռաբար՝ խորանում են մեր երկրի տնտեսութեան իրական հատուածի բացասական միտումները, աճում են պլանաւորուած հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանութիւնը համատարած նախաձեռնել է փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի էական բարձրացում եւ այս ոլորտի հարկային արտօնութիւնների վերացում։

Share