Ժուլիեթ Դաւթեան
Սոյն թուի մարտի 20ին, ՀՀ Հանրային ալիքի եթերի «Հարցազրոյց» հաղորդաշարում սփռուեց Նատոյի նախկին գլխաւոր քարտուղար՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հարցազրոյցը խաղաղութեան գործընթացի մասին։ Հարցազրոյցի ընթացքում եղան ուշագրաւ յայտարարութիւններ և հաստատումներ։
Հարցազրոյցի 5։05 րոպէում պրն. Ռասմուսենին յիշեցնում են նախորդ այցի ժամանակ իր հնչեցրած այն մտքի մասին թէ՝ «Ղարաբաղում էթնիկ զտումները կարմիր գիծ կը լինեն արևմուտքի համար»:

Հիմա «դուք ընդունում է՞ք, որ դուք սխալուեցիք», հարցնում է հաղորդավարը։ Ռասմուսենը պատասխանում է՝, « Ես, իհարկէ առաջիններից մէկը կը լինեմ, որ կընդունէի որ Եւրոմիութիւնը, միջազգային համայնքը չարձագանքեցին այնպէս ինչպէս ես կը ցանկանայի որ արձագանքեն; Այն պահին երբ Ադրբեջանը յարձակուեց Լեռնային Ղարաբաղի վրայ, ես հասկացայ որ սխալ էի պատկերացնում միջազգային համայնքի արձագանքը ․․․ »:
Ցեղասպանութիւնները, զանգուածային ջարդերը, տեղահանումները ունենում են իրենց անժխտելի, անհետաձգելի հետքերը հասարակական/հաւաքական կեանքի, մշակոյթների, և հոգեբանական ապրումների և յիշողութիւնների վրայ։ Առիթից օգտուելով ես կուզենայի իւրաքանչիւր հայ անհատի յիշեցնել 20րդ դարի սկզբի հայկական, ասիրեան և յունական կոտորածներից ու ցեզասպանութիւնից յետոյ բոլոր այն անգամները, երբ միջազգային համայնքը «սխալ պատկերացումներ» է ունեցել ու նախընտրել է ականատես լինել, բայց լռել կամ ահաւոր դանդաղ արձագանքել մարդու՝ մարդու դէպ կատարուած ոճրագործութիւններին՝ զանգուածային սպանութիւններ, տեղահանումներ, ցեղասպանութիւն, յուսալով որ իւրաքանչիւր հայ անհատ իր անձնական պարտքը կը համարի տէրը կանգնելու իր հայրենիքի, մշակոյթի և ժառանգութեանը, յոյս չկապելով որևէ արտաքին ոյժի, կառոյցի, պետութեան կամ կազմակերպութեան։
Այսպիսով՝․
- *Յոյների ցեղասպանութիւն (1914-1923)*. Օսմանեան կայսրութիւնը սպանել է մօտ 350,000-750,000 յոյների: Միջազգային հանրութիւնը չկարողացաւ միջամտել։
- *Հայոց ցեղասպանութիւն (1915-1923)*. Օսմանեան կայսրութիւնը սիստեմատիկ կերպով սպանել է մօտ 1,5 միլիոն հայերի: Միջազգային հանրութիւնը տեղեակ էր վայրագութիւնների մասին, սակայն չկարողացաւ միջամտել;
- *Ասորիների ցեղասպանութիւն (1915-1920)*. Օսմանեան կայսրութիւնը և քրդական ցեղերը սպանեցին մօտ 250,000-500,000 ասորի քրիստոնեաների:
- *Ուկրաինական Գոլոդոմոր (1932-1933)*. Խորհրդային Միութեան բռնի սովը սպանեց մօտ 3-5 միլիոն ուկրաինացիների: Միջազգային հանրութիւնը դանդաղեց այդ վայրագութեան իրողութիւնը հաստատելու հարցում:
- *Հոլոքոստ (1933-1945)*. Նացիստական Գերմանիան իրագործեց վեց միլիոն հրեաների և միլիոնաւոր այլ մարդկանց սիստեմատիկ սպանութիւններ: Աշխարհը ի յարկինս չարձագանքեց՝ նոյնիսկ Վատիկանը լռեց:
- *Բիաֆրաններ Նիգերիայում (1967-1970)*. Նիգերիայի կառավարութիւնը վայրագութիւններ կատարեց Բիաֆրանի բնակչութեան դէմ, ներառեալ համատարած սպանութիւններն ու սովամահութիւնը: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ դանդաղ արձագանքելու համար։
- *Արևելեան Թիմորի բնակիչների ջարդը Ինդոնեզիայում (1975-1999)*. Ինդոնեզիայի զինուորականները վայրագութիւններ իրականացրեցին Արևելեան Թիմորի բնակչութեան նկատմամբ, այդ թւում՝ համատարած սպանութիւններ և բռնի տեղահանումներ։ Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ ոչ բաւարար արձագանքի համար։
- *Ռուանդայի ցեղասպանութիւն (1994)*. Մօտ 800,000 մարդ, հիմնականում թութսի էթնիկ խմբից, սպանուեց 100 օրուայ ընթացքում: Միջազգային հանրութիւնը չկարողացաւ միջամտել՝ չնայած մօտալուտ ցեղասպանութեան մասին նախազգուշացումներ եղել էին:
- *Կամբոջայի ցեղասպանութիւն (1975-1979)*. Կարմիր քմերների ռեժիմը մօտ 8 միլիոն բնակչութիւնից սպանեց մօտ 1,7-2,2 միլիոն մարդու՝ մահապատժի, յարկադիր աշխատանքի և սովի միջոցով:
- *Հազարների ջարդը Աֆղանիստանում (1990-2000-ականներ)*. Թալիբանը և ծայրահեղական այլ խմբաւորումները թիրախաւորել են Հազարա փոքրամասնութեանը, դաժանութիւններ գործելով շատերին ստիպել են փախչել: Միջազգային հանրութիւնը հիմնականում անտեսել է խնդիրը։
- *Բոսնիայի ցեղասպանութիւն (1992-1995)*. բոսնիացի սերբերի ուժերը Սրեբրենիցայում սպանել են մօտ 8000 բոսնիացի (բոսնիացի մահմեդական) տղամարդու և տղաների: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ հակամարտութեանը դանդաղ արձագանքելու համար:
- *Դարֆուրի ցեղասպանութիւն (2003-2004)*. Սուդանի կառավարութիւնը և Ջանջավիդ աշխարհազորը սպանեցին մօտ 300,000 մարդու և միլիոնաւորի տեղահանել:
- *Ղպտիների ջարդը Եգիպտոսում (2011-2013)*. Ղպտի քրիստոնեաները ենթարկուեցին հալածանքների և բռնութիւնների, ներառեալ եկեղեցիների ռմբակոծութիւններ և համայնքների վրայ յարձակումներ: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ ոչ բաւարար արձագանքի համար։
- *Եզդիների ջարդը Իրաքում (2014 թ.)*․ ԴԱԻՇ-ի գրոհայինները թիրախաւորել են եզդի փոքրամասնութեանը, սպանելով հազարաւորների և ստրկացնելով շատերին: Միջազգային հանրութիւնը դանդաղ արձագանքեց, թողնելով եզդիներին միայնակ։
- *Ռոհինջայի ցեղասպանութիւն (2016-2017)*. Մյանմարի զինուորականները և բուդդայական ծայրահեղականները սպանեցին հազարաւոր ռոհինջա մուսուլմանների և հարիւր հազարաւորներին տեղահանեցին՝ հանգեցնելով փախստականների զանգուածային ճգնաժամի:
- *Ալաւիների սպանութիւնները Սիրիայում (2025)*. Ալավիների վերջին սպանութիւնները տեղի ունեցան սոյն թուի մարտի սկզբին, ժամանակաւոր կառավարութեան ոյժերի ձեռքով։

Ժուլիեթ Դաւթեանը ներկայիս պաշտօնավարում է ԱՄՆ Արդարադատութեան – ներգաղթեալների վերանայման գործադիր գրասենեակում` անցկացնելով իր թեկնածուական (PhD) հետազօտութիւնը հասարակական/մշակութային հոգեբանութեան ոլորտում Հայաստանի Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանում։