Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի յանձնախմբերի Կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանին եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի գլխաւորած պատւիրակութեանը։ Պատւիրակութեան կազմում էին նաեւ Ֆրանսիայի Սենատի պատգամաւորներ։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնը եւ պատւիրակութեան անդամները քննարկեցին Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրաւէներին առնչւող հարցեր՝ կարեւորելով հայրենական կեանքում ազգային միասնականութիւնն ու ջանքերի մէկտեղումը առկայ խնդիրների յաղթահարման գործում։
Իր խօսքում Հայոց Հովւապետն անդրադարձ կատարեց Հայաստանի եւ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան անհրաժեշտութեանը եւ այդ ուղղութեամբ Ֆրանսիայի իշխանութիւնների կողմից ներդրւող ջանքերին։ Այս առիթով Նորին Սրբութիւնն իր գնահատանքը բերեց Ֆրանսիայի Սենատի պատգամաւորներին շարունակական զօրակցութեան համար։
Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց պատւիրակութեան անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան եւ հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարւող աշխատանքներին։
arfd.am