Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի հետեւողական աշխատանքների, կոնգրէսականներին մշտապէս Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու եւ ամերիկահայ համայնքին Հայ դատի յանձնախմբի առաջնեհերթութիւնների շուրջ համախմբելու արդիւնքում` ԱՄՆ բարձրաստիճան օրէնսդիրները շարունակում են անդրադառնալ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային։
Մասնաւորապէս, Սենատի ռազմական ծառայութեան յանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը թուիթերեան գրառմամբ դատապարտելի է համարել Ադրբեջանի զինուժի գործողութիւնները, իսկ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էլ օրեր առաջ էր անդրադարձել ադրբեջանական գործողութիւններին՝ պնդելով, որ ադրբեջանական ուժերը պէտք է դուրս բերուէն Արցախի շրջաններից եւ կասեցուէն նրանց վայրագութիւններն ընդդէմ Արցախի ժողովրդի։
Ադրբեջանական գործողութիւնները դատապարտել են նաեւ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի հանրապետական անդամ Մարկոյ Ռուբիոն, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիերը, Ներկայացուցիչների տան հետախուզութեան յանձնաժոովի նախագահ Ադամ Շիֆը, կոնգրէսականներ Քեթրին Քլարկը, Աննայ Էշոն, Ռաջայ Քրիսնամըրֆին, Բրենդայ Լորենսը, Լինդայ Սանչեսը, Յան Շակովսկին, Բրեդ Շերմանը եւ Լորի Թրահանը։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբն ամենօրեայ ծաւալուն եւ բազմաոլորտ աշխատանքով շարունակում է Արցախի շահերի պաշտպանութեանն ուղղուած աշխատանքները՝ ի թիւս այլնի հիմնական քաղաքական առաջնահերութիւն ունենալով Ադրբեջանին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկումը։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
10.08.2022 թ.