Երեկ, 100 տարեկանում մահացել է Միացեալ Նահանգների նախկին պէտքարտուղար Հենրի Քիսինջերը: Այդ մասին հաղորդել է երկարամեայ ազդեցիկ պետական-քաղաքական գործչի խորհրդատուական ընկերութիւնը:
Քիսինջերը 1938 թուականին նացիստական Գերմանիայից Միացեալ Նահանգներ փախուստի դիմած հրէայների ընտանիքից էր, Հարուարդի համալսարանի շրջանաւարտ:
Հանրապետական Քիսինջերն ամերիկեան դիւանագիտական գերատեսչութիւնը ղեկավարել է 1973-1977 թուականներին՝ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի օրօք, աւելի վաղ եղել է Ազգային անվտանգութեան խորհրդի խորհրդական, 2002-2003 թուականներին նախագահել է «Սեպտեմբերի 11»-ի յանձնաժողովը:
Հենրի Քիսինջերը ղեկավարել է ամերիկեան արտաքին քաղաքականութիւնը Վիետնամից ԱՄՆ զօրքերը դուրս բերելու եւ Չինաստանի հետ Միացեալ Նահանգների յարաբերութիւններում առկայ անջրպետները վերացնելու ժամանակաշրջանում, նաեւ Խորհրդային Միութեան հետ յարաբերութիւնների լիցքաթափման քաղաքականութեան նախաձեռնողներից է: 1973 թուականին արժանացել է Խաղաղութեան Նոբելեան մրցանակի:
Ականաւոր գործիչն այս տարուայ մայիսի 27-ին էր նշել իր 100-ամեայ յոբելեանը:
«Ազատութիւն»