Միացեալ Նահանգների Գաղտնի ծառայութեան ղեկավար Քիմբերլի Չիթլը հրաժարական տուեց այն բանից յետոյ, երբ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցութիւնները քննադատեցին իր ղեկավարած դաշնային գործակալութիւնը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դէմ մահափորձը չկանխելու համար, յայտնում են CNN-ը, Reuters-ը եւ Bloomberg-ը:
ԱՄՆ նախագահ Ջոյ Բայդէնն ընդունել է Չիթլի հրաժարականը՝ շնորհակալութիւն յայտնելով նրան տասնամեակներ շարունակ պետական ծառայութեան համար։ Նա նաեւ յայտնել է, որ Թրամփի դէմ մահափորձի հանգամանքների հետաքննութիւնը շարունակւում է,:
ԱՄՆ-ի ներքին անվտանգութեան դէպարտամենտի ղեկավար Ալեխանդրոյ Մաեօրկասի խօսքով՝ Գաղտնի ծառայութեան գործադիր տնօրէն Ռոնալդ Ռոուն կը զբաղեցնի ղեկավարի ժամանակաւոր պաշտօնը։
Երկուշաբթի՝ յուլիսի 22-ին, Քիմբերլի Չիթլը զեկուցել է Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ յանձնաժողովին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դէմ մահափորձի վերաբերեալ։ Նա հրաժարուել է պատասխանել կոնգրէսականների հարցերին, թէ ինչ անվտանգութեան միջոցներ են ձեռնարկուել Փենսիլուանիայում Թրամփի հանրահաւաքում։
Կոնգրեսի մի քանի անդամներ Չիթլին կոչ են արել հրաժարական տալ: Քիմբերլի Չիթլն ասել է, որ Գաղտնի ծառայութիւնը կրում է ողջ պատասխանատուութիւնը Թրամփի դէմ մահափորձը չկանգնեցնելու համար՝ միջադէպն անուանելով ծառայութեան ամենամեծ ձախողումը 1981 թուականին այն ժամանակուայ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դէմ մահափորձից ի վեր։
Յուլիսի 13-ին Փենսիլուանիայում Թրամփի նախընտրական հանրահաւաքի ժամանակ հնչած կրակոցներից նախագահի թեկնածուն վիրաւորուեց, իսկ աջակիցներից մէկը սպանուեց։
azatutyun.am