«Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմութեան ամենաողբերգական ժամանակներից մէկը. Արցախը հայաթափուած է, իսկ Հայաստանը բռնել է թուրքացման ճանապարհը»,- Ազգային ժողւում յայտարարութիւնների ժամին ասաց ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը։
Նա նշեց, որ թուրք-ազերիական հրոսակաները հերթական անգամ աշխարհի անտարբեր հայեացքի ներքոյ, բայց այս անգամ արդէն Հայաստան պետութեան աչքի առաջ, իրակագործեցին հայերի նոր ցեղասպանութիւն։
«Հիմա, փոխանակ պատասխան տան, թէ ինչու ցեղասպանուող եւ արիւնահոսող Արցախի ժողովրդին թողեցին միայնակ իրենցից բազմակի գերազանցող ազերի հրոսակների դէմ- յանդիման, փորձում են Արցախում իշխանութեան օր-օրի ծանրացող բեռից փախուստի դիմածներին փոխարինման եկածներին եւ ժողովրդին անտէրութեան չմատնելու համար այդ բեռի տակ մտածներին մեղաւոր կարգել։ Չի ստացուի, քանի որ Արցախի ժողովուրդը լաւ գիտի՝ ով, ով է, նա է միայն դատաւորը, ոչ թէ դուք»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը։
Ըստ նրա, այս իշխանութեան վարած քաղաքականութիւնն աւելի աղէտաբեր հետեւանքներ է ունենալու եւ դա դեռ առջեւում է։
«Տանք Արցախը, որ փրկէնք Հայաստանը» թեզով Արցախը հայաթափեցիք, հերթը հասաւ Հայաստանի թուրքացմանը։ Արցախը յանձնուեց եւ Հայաստանը ոչ միայն չի փրկուել, այլեւ յայտնուել է Ադրբեջանի դրած միւս վերջնագրերի կատարման պահանջի առջեւ։ Դրանք կան եւ առաւել յստակ կդրսեւորուեն առաջիկայում եւ որոնք կը ներկայացուէն Հայաստանին հիմնականում հետեւեալ ուղղութիւններով՝
-Ադրբեջանի պայմաններով սահմանազատում եւ սահմանագծում, որով կ’որոշուէն, թէ ինչքան տարածք է մէզ հասնում,
-անկլաւների վերադարձ, որով կուերահսկէն մեր միջպետական գլխաւոր ճանապարհները,
-մեր ինքնիշխանութեան էական սահամանափակումներով կապ Նախիջեւանի հետ,
-ազերի փախստականների վերադարձ մինչեւ 1988 թուականը իրենց կողմից զբաղեցրած բնակավայրեր։ Իհարկէ, ոչ հաւասարութեան սկզբունքով, այլ այս ընթացքում նրանց բնական աճն նկատի ունենալով,
-Հայաստանին ներկայացուող առնուազն 100 միլիարդ դոլարի ռեպառացիայի պահանջ՝ փոխհատուցելու Ադրբեջանի, այսպէս կոչուած կորուստները սկսած 1988 թուականից։
Սրանք առաջացանելու են լրջագոյն սպառնալիքներ ուղղուած մեր ինքնիշխանութեանը, տարածքային ամբողջականութիւնը եւ որ չափազանց կարեւոր է դէմոգրաֆիական անվտանգութանը»,- ասաց Ռուստամեանը։
Նա ընդգծեց, որ այս վարչախումբը սա ներկայացնելու է որպէս մեր կադաստրի թուղթը եւ որպէս կատարեալ խաղաղութիւն եւ անվտանգութիւն, սակայն որի երաշխաւորը, ցաւօք, լինելու են ոչ թէ մենք, այլ Ադրբեջանը։
«1988 թուականի սումգայիթեան ցեղասպանութիւնը մեր աւագ սերնդին սթափեցրեց եւ մղեց մէզ համախմբուելու եւ պաշտպանուելու, եւ մենք յաղթեցիքն այդ նոյն թշնամուն։ Հիմա, այս նոր ցեղասպանութիւնը, որ աւելի մասշտաբային էր, եթէ մէզ չսթափեցնի, կկորցնենք ամէն ինչ»,- ասաց Արմէն Ռուստամեանը։