ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնն ադրբեջանցիների կողմից առեւանգուած արցախցի Վագիֆ Խաչատրեանի առեւանգման փաստի առթիւ նամակներ է յղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպէս նաեւ ՀՀ ԱԺ միջխորհրդարանական յանձնաժողովներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպութիւններին։
Խմբակցութեան անունից ուղղուած նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումը եւ մարդկութեան հիմնարար սկզբունքների բացայայտ անտեսումը, նշւում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրաւունքներն ու արժանապատուութիւնը, այլեւ խաթարում է Միջազգային Կարմիր Խաչի կողմից մարդասիրական գործողութիւններին օժանդակելու գործում ներդրուած ջանքերին։ Ակնյայտ է, որ այս արարքն ուղղուած է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան շրջանում յուսահատութիւն տարածմանը, այլեւ Կարմիր Խաչի համբաւն արատաւորելուն եւ կարեւոր մարդասիրական առաքելութեան իրականացման խոչընդոտմանը։
Խմբակցութիւնը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անյապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրեանի անվտանգ եւ արագ վերադարձն իր ընտանիք եւ պատասխանատուութեան ենթարկել նրա առեւանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրաւունքի։
«Հայաստան» խմբակցութիւնը նաեւ յորդորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի յետագայ վատթարացումը եւ տարածաշրջանում մարդասիրական իրաւունքի ոտնայարման դէպքերը։