Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան օրը սեպտեմբեր 21-ը, դրսեւորուեց իշխանութեան, մասնաւորապէս
ոստիկանութեան կողմից գործադրուած անբարոյ վարքագծով, աննախադէպ բռնութեամբ: Եռաբլուրից վայրագութեամբ եւ ապօրինաբար բերման ենթարկուեցին Հայրենիքի պաշտպանութեան համար իրենց կեանքը զոհած մեր զինուորների ու սպաների ծնողները, հարազատները: Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխուած 37 քաղաքացիներից ոմանք մարմնական վնասուածքներ են ստացել, այդ թւում` բռնութեան ենթարկուել ոստիկանութիւնում:
Ոստիկանների նման վարքագիծը ոչ միայն չի բխում նրանց լիազօրութիւններից, այլ ակնյայտօրէն պայմանաւորուած էր Նիկոլ Փաշինեանի` Եռաբլուր այցից առաջ ճանապարհը «մաքրելուէ յանձնառութեամբ:
Յանցաւոր գնահատելով իշխող կուսակցութեան ներկայացուցիչների կողմից ոստիկանական բռնութիւնների արդարացման փորձերը, դրանք դիտարկելով որպէս անարգանք հայ ժողովրդի, մեր հերոսների յիշատակի եւ նրանց հարազատների նկատմամբ,
-խստօրէն դատապարտում ենք տեղի ունեցածը, այն գնահատում ենք որպէս իշխանութիւնների` մեր երկրի պաշտպանութեան եւ նուիրական արժէքների նկատմամբ որդեգրած վերաբերմունք,
-մէկ անգամ եւս արձանագրում ենք, որ այս իշխանութիւնները ոչ միայն անկարող են դիմագրաւել երկրի գոյաբանական մարտահրաւէրների առջեւ, այլեւ սպառնալիք են մեր պետականութեանն ու ազգային միասնականութեանը,
-համոզումով, որ ոստիկանութիւնը կոչուած է ծառայելու հանրային եւ ոչ օրուայ քաղաքական մեծամասնութեան շահերին, հետամուտ ենք լինելու որպէսզի բոլոր մեղաւորները ենթարկուեն պատասխանատուութեան:
«Հայաստան» խմբակցութիւն