Աճել է արցախցիների հանդէպ ատելութեան խօսքը

Աճել է արցախցիների հանդէպ ատելութեան խօսքը

Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհուրդը յայտարարութիւն է տարածել․ «Լրատուամիջոցների յարգելի՛ ներկայացուցիչներ, Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի մարտի 29-ի մեծ հանրահաւաքից յետոյ անհանգստութեամբ արձանագրում ենք արցախցիների հանդէպ ատելութեան խօսքի տագնապալի աճը։ Յատկապէս մտահոգիչ է, որ այս երեւոյթի գերակշիռ մասը տեղ է գտնում հէնց լրատուամիջոցների հրապարակումների մեկնաբանութիւններում։

Կոչ ենք անում Ձեզ՝

1. Անյապաղ ուժեղացնել հրապարակումների մեկնաբանութիւնների մոդերացիան.

2. Առանց յապաղման հեռացնել ատելութեան խօսք պարունակող բոլոր մեկնաբանութիւնները.

3. Անհնարինութեան դէպքում՝ ժամանակաւորապէս փակել մեկնաբանութիւնների հնարաւորութիւնը:

Յիշեցնում ենք, որ Արցախից բռնի տեղահանուած հազարաւոր մեր հայրենակիցները հետեւում են Ձեր լրատուամիջոցներին եւ ստիպուած են ականատես լինել իրենց հասցէին ուղղուած վիրաւորանքներին ու ատելութեան դրսեւորումներին։ Այս երեւոյթն էլ աւելի է խորացնում նրանց բազմաշերտ տրաւման եւ առաջացնում նոր հոգեբանական խնդիրներ։

Ձեր պատասխանատու մօտեցումը ոչ միայն կնպաստի առողջ լրատուական դաշտի ձեւաւորմանը, այլեւ կօգնի կանխել հասարակական պառակտման խորացումը այս ծանր ժամանակաշրջանում։ Խնդրում ենք այս հարցին մօտենալ բարձրագոյն պատասխանատուութեամբ»։

Share