Հայաստանի նկատմամբ Հաւաքական անվտանգութեան պայմանագիրը չի կատարուել, ուստի Երեւանը սառեցրել է իր մասնակցութիւնը կազմակերպութեանը (ՀԱՊԿ): Այս մասին յայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը «France24» հեռուստաալիքին տուած հարցազրոյցում:
«Մեր կարծիքով՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարուել, յատկապէս 2021-2022 թուականներին, եւ դա չէր կարող աննկատ մնալ մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցութիւնն այդ պայմանագրին։ Տեսնենք, թէ ինչ կը լինի յետոյ», — ասել է նա։
Միաժամանակ Փաշինեանը նշել է, որ օրակարգում չկայ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնուելու հարցը։ Բացի այդ, Հայաստանի վարչապետը յատուկ մտահոգութիւն է յայտնել «Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առեւանգման կապակցութեամբ»:
«Մենք չենք կարող անօրինական գործողութիւններ հանդուրժել մեր տարածքում», — ասել է նա՝ զգուշացնելով, որ հետեւանքներ կը լինէն, եթէ Երեւանի պահանջներն անպատասխան մնան:
ՀՀ կառավարութեան ղեկավարը նաեւ յայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստւում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողութիւնները: Նա ուշադրութիւն է հրաւիրել Բաքուի կողմից տարածուող այն նարատիւի վրայ, որ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան «Արեւմտեան Ադրբեջան»:
Նրա խօսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոչ թէ տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչման վրայ հիմնուած խաղաղութեան պայմանագրի է ձգտում, այլ աւելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրաւման:
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերով, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է»,- ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: