Արայիկ Յարութիւնեանն իր բոլոր քայլերի, նաեւ՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանութիւններին, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանին:
Այս մասին 24 News-ին տուած հարցազրոյցում ասել է Արցախի խորհրդարանի նախկին ղեկավար Աշոտ Ղուլեանը։
«Քանի որ Արայիկ Յարութիւնեանը գտնւում է Բաքուի բանտում, ես չէի ցանկանայ խօսել այս մասին՝ մտածելով, որ նա կուերադառնայ եւ կը տայ բոլոր հարցերի պատասխանները, սակայն, քանի որ խնդիրը դարձել է օրակարգային, պէտք է նշեմ, որ Արայիկ Յարութիւնեանն իր բոլոր քայլերի, նաեւ՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանութիւններին, այդ թւում՝ Նիկոլ Փաշինեանին։
Հայաստանի իշխանութիւնները տեղեակ են եղել Արցախի անկումից 3-4 օր առաջ տեղի ունեցած բոլոր գործընթացներին, եւ նրանցից ոչինչ գաղտնի չի պահուել»,-ասել է նա։
Ինչ վերաբերւում է Արցախ վերադարձի մասին հնարաւորութիւններին, Ղուլեանը նշել է, որ Հայաստանի իշխանութիւնները խնդիրը պէտք է օրակարգային պահէն, ինչը, ցաւօք սրտի, չէն անում, որովհետեւ անգամ այդ պարագայում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ-ն հանդէս կը գայ առաւել ակտիւ դիրքերից։