Յակոբ Սեւան․ Հայաստանը պէտք է ճնշում գործադրի Իսրայելի վրայ «Կովերի այգու» հարցում

Յակոբ Սեւան․ Հայաստանը պէտք է ճնշում գործադրի Իսրայելի վրայ «Կովերի այգու» հարցում

Հայաստանը պէտք է օգտագործի դիւանագիտական ուղիները եւ ճնշում գործադրի Իսրայելի վրայ՝ հասնելու այս խնդրի պատշաճ լուծմանը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրոյցում ասել է Երուսաղեմի Հայ դատի գրասենեակի ներկայացուցիչ Յակոբ Սեւանը` մեկնաբանելով «Կովերի այգու» տարածքում ստեղծուած իրավիճակը։

Նա նշել է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը նոյնպէս մասնակցել է բողոքի ցոյցերի առաջին օրերին եւ ծանօթ է բոլոր մանրամասներին։

Յակոբ Սեւանը չի համաձայնուել այն կարծիքին, որ Երուսաղեմի հայ համայնքի վիճակն անմխիթար է, հարցը կապուած է պատրիարքարանի հետ։

«Համայնքն ինքնին՝ իր կառոյցներով, շատ կազմակերպուած է։ Մենք պատրիարքարանի հետ միասին, դիմակայում ենք այս գործարքին։ Իսրայելը միշտ նպատակ է ունեցել օգտագործել այս տարածքը, սակայն պատրիարքարանը միշտ մերժել է դրա հետ կապուած ցանկացած նախաձեռնութիւն։ Այժմ պատրիարքարանը եւս չեղեալ է յայտարարել գործարքը։ Սակայն իսրայէլական ընկերութիւնը փորձում է ուժով ձեռք բերել այդ հողերն օգտագործելու հնարաւորութիւնը։ Սակայն հայերը 24 ժամ հերթապահում են այս տարածքում, որպէսզի իսրայէլական ընկերութիւնը չկարողանայ իրականացնել իր յաւակնութիւններն այս հողերի նկատմամբ»,- յաւելել է «Հայ դատի» գրասենեակի ներկայացուցիչը։

Յիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը «Կովերի այգու» տարածքը 99 տարով վարձակալութեան էր տուել  հրէայ ձեռներէցին։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել, եւ երկար պայքարից յետոյ գործարքը չեղարկուեց։

Սակայն երկու շաբաթ առաջ բուլդոզերները սկսեցին քանդել վիճելի տարածքի մի մասը: Երբ ցուցարարները փորձեցին կանգնեցնել այն, յայտնուեցին զինուած իսրայէլցի հրէայ վերաբնակիչներն ու փորձեցին ցրել ցուցարարներին, սակայն անյաջողութեան մատնուեցին։

Share