Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նիւսոմը ստորագրել է 2022-2023 թուականների պետական բիւջեն՝ 10 միլիոն դոլարի նոր ֆինանսաւորմամբ Գլենդել քաղաքում ներկայումս կառուցուող Հայ-Ամերիկեան թանգարանի համար: Սոյն յատկացումով Կալիֆորնիայի նահանգի ընդհանուր ներդրումները այս մշակութային եւ կրթական կենտրոնին հասնում է 19.8 միլիոն դոլարի:
Նահանգապետ Նիւսոմն առաջին անգամ առաջարկել է թանգարանի նոր ֆինանսաւորումը Կալիֆորնիա նահանգի մայիսի վերանայուած բիւջէի առաջարկով: Անցած շաբաթ նահանգապետը պետական բիւջէի ստորագրմամբ պաշտօնականացրել է լրացուցիչ ֆինանսաւորումը։
«Մենք մեր անկեղծ երախտագիտութիւնն ենք յայտնում նահանգապետ Գեւին Նիւսոմին՝ Հայ-Ամերիկեան թանգարանին իր աննկուն աջակցութեան և ամուր ղեկավարութեան համար», — յայտարարեց գործադիր նախագահ Պերջ Կարապետեանը: «Մենք նաեւ մեր յատուկ շնորհակալութիւնն ենք յայտնում սենատոր Էնթօնի Պորտանտինոյին նախագծին աջակցելու նրա երկարամեայ հովանաւորութեան համար» աւելացրեց Կարապետեանը:
