Արցախի ղեկավարութեան յանցաւոր պայմանաւորւածութեան եւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրոյթները խախտելու հետեւանք է Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումը: Հայաստանի իշխանութիւնն էլ այս պահին ձեռքերը լւացել է Արցախից, որպէսզի ցոյց տան հանրութեանը, թէ իրենք կապ չունեն այս ամենի հետ, բայց ինչպէ՞ս կարող է Հայաստանը, որն Արցախի անվտանգութեան երաշխաւորն է, մի կողմ կանգնի այս իրավիճակում, սա կոչւում է սաբոտաժ։ Յանցաւոր անգործութեան հետեւանքով մենք հերթական պարտութիւնն ունեցանք: «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ է յայտնել «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը:
Պատգամաւորն արձանագրում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան մէջ խօսք չկայ Բերձորի եւ Աղաւնոյի յանձման մասին, այնտեղ միայն Շուշին շրջանցող նոր ճանապարհի մասին է նշւում.
«Բայց, որ Աղաւնոն եւ միւս երկու բնակավայրերը պէտք է յանձնւեն խօսք չկայ դրա մասին, որտե՞ղ է գրւած նման բան»,- ասաց նա:
Հարցին՝ այս պահին կա՞յ ինչ-որ տարբերակ Բերձորի եւ Աղաւնոյի յանձնումը կանխելու համար, Վահէ Յակոբեանը պատասխանեց՝ պէտք է Արցախում դիմադրութեան շարժում սկսւի, որպէսզի միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեն խնդրի վրայ.
«Արցախոմ պէտք է առաջինը սկսեն պայքարը, յետոյ միւս ուժերը սատարեն: Արցախը պէտք է դիմադրի եւ փորձի միջազգային հանրութեան ուշադրութիւնը վերջապէս սեւեռել մեր հարցի վրայ: Կոսովոյում էլ է նոյն խնդիրը, բայց Կոսովոյի անկախութիւնը մի շարք երկրներ ճանաչել են, բա Արցախն ինչո՞ւ չեն ճանաչում, դնենք մի կողմ, որ Հայաստանը չի ճանաչում, վատն է ՝չի ճանաչում, բա դուք ինչո՞ւ չէք ճանաչում։ Այստեղ մենք վերադառնում ենք մեր հին թեմային՝ նաւթ, գերպետութիւնների հետաքրքրութիւն, գեոպոլիտիկ իրավիճակ, սա է ողջ խնդիրը»,-ասաց Յակոբեանը:
Այս օրերին յաճախ են ընդդիմութեան հասցէին մեղադրանքներ հնչում, որ որեւէ քայլ չի ձեռնարկում՝ նոր տարածքների յանձնումը կանխելու համար, ընդհակառակը, այս իրավիճակում «ժամանակաւոր դադար» է յայտարարել ընդդիմութիւնը:
Արձագանգելով այս մեղադրանքներին՝ Վահէ Յակոբեանն ասաց՝ ընդդիմութեան դադարը վերաբերւում է միայն հանրահաւաքների անցկացմանը, բայց դաշինքը եւ ֆրակցիան իր ակտիւ գործունէութիւնը չի դադարեցնում, իսկ վաղը իրենց հերթական գործողութեան մասին կը տեղեկացնեն։
«Ես չեմ հասկանում մեզ մեղադրողներին, մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել եւ շարունակելու ենք։ Հիմա ժամանակն է, որ դադար վերցնենք, շունչ քաշենք, բնակիչների մի մասը երկրում չէ, եղանակը շոգ է, առհասարակ, բոլոր տեղերում օգոստոսին քաղաքական իրադարձութիւնները դադարում են:
Մենք մեռանք ասելով, որ եթէ այս կառավարութիւնը մնայ, զիջումներն ու պարտութիւնները շարունակւելու են, տեսա՞ք, էլի ենք ասում, որ եթէ իրենք մնան, շարունակելու ենք պարտւել՝ մինչեւ մեր պետականութեան կորուստը։ Մենք էլ ի՞նչ կարող էինք անել։ Ընդդիմադիրներից շուրջ 150 հոգի քրէական մեղադրանքներով են անցնում, նրանց շինծու մեղադրանքներով պահում են փակի տակ՝ կալանավայրերում, մենք էլ ինչ անենք:
Իսկ, ով մեզ մեղարդրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարութեան դիմացն էլ է ազատ, տեղն էլ գիտեն, թող գնան եւ իշխանափոխութիւն անեն, եթէ մեզանից լաւ կարող են անել, մենք այսպէս ենք ճիշտ գտնում»,- եզրափակեց Վահէ Յակոբեանը: