Եթէ փորձ արուի արժեւորելու Փաշինեանի գլխաւորութեամբ ներկայ իշխանութեան գրեթէ վեցամեայ գործունէութիւնը, ապա այլ գնահատական չի կարող լինել, քան ամբողջական ձախողումը: Արցախի կորուստն ու Հայաստանի ներկայ քաղաքական վիճակը ասուածի անվիճելի ապացոյցն են: Խօսքը, սակայն, միայն արտաքին քաղաքականութեանը չի վերաբերում, այլեւ ներազգային, տնտեսական եւ այլ ոլորտներին:
Ի՞նչ իրավիճակում ենք ներազգային առումով: Հայաստանում հասարակութիւնը յուսալքուած է այն չափով, որ չի հաւատում, թէ ունակ է իր ուժերով ինչ-որ բան փոխելու սեփական ճակատագրի հարցում: Պառակտուած հանրութեան տարբեր ճամբարները իրար դէմ տրամադրուած են թերեւս աւելի սեւեռուն եւ խոր անհանդուրժողութեամբ, քան թշնամու, որը նստած է երկրի ներսում եւ ի լուր աշխարհի բարձրաձայնում է իր անյագ յաւակնութիւնների մասին, յայտարարում է, թէ Հայաստանը՝ մայրաքաղաքով հանդերձ, ատրպէյճանական տարածք է: Գիտական ու արժէքային բոլոր չափանիշները խախտած իշխանութիւնների քաղաքականութիւնը անընդունելի է գիտական-մտաւորական խաւերի համար: Անհանդուրժողութիւնն ու ագրեսիւ, սադրիչ պահուածքը հայոց ազգային եկեղեցու հանդէպ, Արցախը կործանման հասցնելն ու Հայաստանը կործանման ճամբով տանելը պատճառ են դարձել, որ եկեղեցականները բարձրաձայնեն ազգային-հոգեւոր, մշակութային եւ պատմական արժէքներին պատերազմ յայտարարած իշխանութեան նկատմամբ իրենց սկզբունքային հակադրութեան մասին:
Կարելի է հետեւել տարբեր հարթակներում իշխանաւորների եւ նրանց հետեւորդների խօսքին՝ համոզուելու համար Արցախի եւ արցախցիների նկատմամբ նրանց ատելութեան մէջ: Հայ ժողովրդին աննախադէպ ողբերգութիւններ բերած իշխանութեան համար Արցախն ու նրա հայ բնակչութիւնը եղել եւ մնում են բեռ, որից նրանք փորձեցին ազատուել եւ շարունակում են ազատուելու փորձեր անել ատրպէյճանցիների օգնութեամբ: Հայաստանում սեփական ազգային ինքնագիտակցութիւնն ու պահանջները դրսեւորելու արցախահայութեան բնական իրաւունքը բախւում է իշխանութեան կատաղի հակաքարոզչութեանը, շանտաժին, բացայայտ եւ ոչ բացայայտ սպառնալիքին, արգելքներին եւ իշխանութիւնների տիրապետած այլ լծակների:
Իշխանութիւնը հետեւողականօրէն իրականացնում է երկրով մէկ եւ վերեւից ներքեւ իշխանական-վարչական ողջ համակարգի կուսակցականացումը, իսկ այս համակարգում օրինական ճանապարհով տեղ գրաւողները ենթարկւում են դատական եւ այլ բնոյթի ճնշումների ու հալածանքների մինչեւ կամաւորապէս կամ պետական լծակների միջոցով համակարգից դուրս կը մղուեն: Այս պրակտիկան կիրառւում է ոչ միայն քաղաքական-վարչական համակարգում, այլեւ գիտական, կրթական եւ կենսագործունէութեան մնացած բոլոր բնագաւառներում: Պաշտօններից ազատւում են գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների աշխատողները՝ տնօրէններից մինչեւ ամենակրտսեր վարչական աշխատողները: Ըստ էութեան, ողջ ժողովուրդը՝ բացառութեամբ սեփական թայֆայի, իշխանութեան համար դիտւում է որպէս վտանգ եւ պոտենցիալ ընդդիմութիւն: Ինչ վերաբերում է երկրի իրական, քաղաքական ընդդիմութեանը, ապա դատական եւ այլ կարգի հետապնդումները՝ քրէական շինծու գործերի յարուցումն ու տարբեր ժամանակահատուածներով բանտարկութիւնները, Նիկոլ Փաշինեանի ռեժիմի գլխաւոր քաղաքական գործիքն են ներքաղաքական փոխյարաբերութիւնների ասպարէզում: Ի հարկէ, ընդդիմութեան ազատ գործունէութիւնը խափանելու իշխանութեան գործիքները շատ աւելի բազմազան են եւ ընդգրկում են շանտաժի, կաշառքի, մարդկանց պաշտօններով եւ այլ միջոցներով գնելու, դրանով ընդդիմութեան ուժերին թուլացնելու, նրա հնարաւորութիւնները սահմանափակելու մեթոդները: Ասուածի վերջին եւ ակնյայտ օրինակներից է դաշինք կազմած եւ որպէս իշխանական թիմի մաս քաղաքապետարան անցած խմբակցութեան «յանկարծակի» հրաժարումը իր հիմնադիր ղեկավարից:
Իշխանութեան վերաբերմունքը Սփիւռքի նկատմամբ ուղղակիօրէն հետեւեալը եղաւ եւ է. «Ովքեր կը պարեն տուտուկիս տակ, նրանց էլ կը ճանաչեմ որպէս Սփիւռք եւ Սփիւռքի ներկայացուցիչներ»: Բնականաբար, այս քաղաքականութիւնը դարձաւ հայրենիքի եւ Սփիւռքի միջեւ կապերի եւ յարաբերութիւնների խզման պատճառ: Աւելին, իր հակազգային ու բռի գործելակերպը շարունակելով՝ Հայաստանի իշխանական-վարչական ամբողջական համակարգը տնօրինող անձը յանդգնեց «պատժել» նաեւ սփիւռքահայերին: Այլ կերպ չի կարելի կոչել հայրենիքով ապրող, այդ հայրենիքի ճակատագրին կեանքը նուիրած մարդկանց անցանկալի անձ յայտարարելն ու նրանց առջեւ հայրենիքի դռները փակելը: Ասուածի վառ օրինակն է Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրատ Փափազեանի պարագան: Մուրատ Փափազեանը, սակայն, չհաշտուեց այս անօրինականութեան հետ եւ հարցը վիճարկեց հենց Հայաստանի իրաւական համակարգում:
Ամիսներ շարունակ, թէ՛ երկրի Ազգային անվտանգութեան ծառայութիւնը եւ թէ՛ այլ մարմինները բերանները ջուր առած՝ պապանձուեցին՝ չկարողանալով որեւէ պատճառ, իսկ աւելի ճիշդ՝ պատճառաբանութիւն ներկայացնել, թէ ինչո՞ւ եւ ի՞նչ իրաւունքով են հայ մարդու առջեւ փակւում հայրենիքի դռները:
Աւելին, ակնյայտ դարձաւ, որ Սփիւռքի տարբեր համայնքներում իշխանութեան համար անցանկալիների ցուցակներ էին կազմուել: Դատական քաշքշուքներից յետոյ նիկոլական խուժանապետութեան ներքոյ գործող դատարանն անգամ քաջութիւն գտաւ իր մէջ՝ վերացնելու այս խայտառակ ու անօրինական արգելքը: Իշխանական համակարգի մանկլաւիկներն ու սազանդարները շարունակում են լռել, կարծես ոչինչ էլ չի պատահել: Մնաց, սակայն, տեղի ունեցածի բարոյական, քաղաքական հետեւանքը՝ երկրի, հայրենի եւ Սփիւռքի հայութեան, ինչպէս եւ օտարների աչքին Հայաստանի, որպէս պետութեան, հեղինակազրկումը: Հետեւանքը եղաւ նաեւ սփիւռքահայ գործչի եւ գործիչների ծանր ապրումները, հայրենիք գալու եւ հայրենիքին օգտակար լինելու հնարաւորութեան կասեցումը: Բայց մենք իրաւունք ունենք հարցնելու՝ ո՞վ է պատասխան տալու տեղի ունեցած անօրինականութեան համար: Ո՞վ է պատասխան տալու այն բոլոր զինուորական, քաղաքական, վարչական եւ այլ ոլորտների գործիչների համար, որոնց բարոյական վարկին եւ ֆիզիքական կեանքին վնաս հասցնելով՝ ամիսներ եւ նոյնիսկ տարիներ շարունակ բանտերում փակեցին ու նախապէս յայտարարուած մեղադրանքները չհաստատելով՝ բաց թողեցին: Ո՞վ է պատասխան տալու բժիշկ հասարակական գործչի համար, որը չդիմանալով իրաւական-դատական հետապնդումներին ու քաշքշուքներին՝ մահացաւ դատարանի դահլիճում:
Ո՞վ է պատասխան տալու պատերազմի մասնակից յայտնի գեներալին սայլակի վրայ ամիսներ շարունակ դատարանի դահլիճներ բերելու ու պարբերաբար բանտարկելու համար մինչեւ ուժերի սպառումն ու մահը: Ո՞վ է պատասխան տալու երկրի վարչապետի ծառայողական մեքենայի սպանած յղի կնոջ համար, ո՞վ է պատասխան տալու հակահրդեհային եւ հակասանիտարական խայտառակ պայմաններում փակուած զինուորների ողջ-ողջ այրուելու համար, ո՞վ է պատասխան տալու զինուորական ծառայութեան ընթացքում անհեթեթ պատճառներով մահացած ու սպանուած զինուորների եւ վերջապէս կանխաւ պարտուած, երկու պատերազմներում նահատակուած հազարաւոր անմեղ զոհերի համար: Կարծում ենք՝ բոլորի համար էլ պարզ է, թէ ով է ամէնից առաջ պատասխան տալու:
Հայաստանի գործող իշխանութիւնն՝ իր առաջնորդի գլխաւորութեամբ, պատերազմ է յայտարարել ոչ միայն ապրող հայութեանը, այլեւ նախորդող սերունդներին, ազգային ինքնութեանը, հայ ժողովրդի պատմութեանը, մշակույթին ու անգամ… երազանքներին: Նիկոլ Փաշինեանի համար չկայ հայ ժողովրդի պատմութիւն, այլ կայ միայն Հայաստանի պատմութիւն, հայրենիքը Հայաստանի Հանրապետութեան այն հատուածն է, որտեղ ինքը դեռ կարող է պտտուել: Թէեւ վայ ղեկավարի համար ներկայ պետութիւնը նոյնպէս կորցրել է արժէքը, նա պատրաստւում է ոչ միայն պետութեան հիմքը՝ Սահմանադրութիւնը, փոխել, այլեւ առհասարակ հրաժարուել այս պետութիւնից եւ ստեղծել չորրորդ հանրապետութիւն: Եթէ երբեւէ ասուէր, թէ Հայաստանին նման ապագայ է սպասւում, պատմողին խելագարի տեղ կը դնէին:
Խելագա՞ր է, թէ՞ խելագար չէ պետութեան գլխին նման խաղեր մոգոնողը: Գուցէ նա մի օր, իսկապէս, խելագար ձեւանայ պատասխանատուութիւնից խուսափելու համար, սակայն պոլշեւիկօրէն երկիրը քանդելու եւ նրա տեղը նորը շինելու խելացնորութիւնը աւելի քան լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Ի հարկէ, շատերը անմիջապէս հասկացան, որ այս ամէնը թուրք-ատրպէյճանական պահանջ է, ինչը պատրաստւում են Հայաստանի ղեկավարները կատարել իշխանութիւնը պահպանելու համար արտաքին երաշխիքներ ստանալու նպատակով: Բայց, հաւանաբար, միակ պատճառը սա չէ: Նիկոլ Փաշինեանը բազմիցս ոտնահարելով պետութեան հռչակագիրն ու Սահմանադրութիւնը՝ պետական կարգի դէմ թոյլ է տուել ոտնձգութիւններ, եթէ չասենք, դաւաճանութիւն:
Նոր Սահմանադրութիւնն ու նոր հռչակուող հանրապետութիւնը թերեւս մոռացնել տան նախկինի մասին, դատարկ նոր էջ բացելով նաեւ երրորդ հանրապետութիւնը կործանողի կենսագրութեան մէջ, եւ գուցէ նախկին ամէն ինչի՝ պետութեան, հայրենիքի, պատմութեան ու մշակոյթի ու անգամ ազգային ինքնագիտակցութեան հարցում բացուի այդ դատարկ էջը: Ուզում ենք կրկնել այն միտքը, որը Փաշինեանի կառավարման առաջին տարիներին գրել է «Դրօշակը»: Նիկոլ Փաշինեանը գնում է այն մոլագարի ճանապարհով, որը մէկ անգամ ոճիր գործելուց յետոյ ստիպուած է անընդհատ նոր ոճիրներ գործել նախորդների համար պատասխանատուութիւնից խուսափելու նպատակով: Կը յաջողուի՞ արդեօք դա նրան: Կարծում ենք՝ սա չէ գլխաւորը, այլ այն, թէ կը յաջողուի՞ սատանայական շրջանից դուրս բերել եւ փրկել երկիրը կործանումից: Սա մի հարց է, որի լուծման համար պատասխանատու են բոլորը, իսկ աւելի շատ պատասխանատու են նրանք, ովքեր յաւակնում են նման պատասխանատուութեան:
«Դրօշակ» թիւ 1, 2024 թ.