Օգոստոսի 31-ին, 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանէ վանքում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի է ունեցել կրթութեան մշակների օրհնութեան կարգը: Այս մասին տեղեկանում են Մայր աթոռի տեղեկատւական ծառայութիւնից:
Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից յայտնում են, որ արարողութեանը ներկայ էին կրթական կառոյցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրէններ եւ մանկավարժներ:
Oրհնութեան կարգի աւարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրապետական օրհնութիւնն ու գնահատանքն է փոխանցել կրթութեան ոլորտի երախտաւորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակութիւն ունի կրթութեան մշակների ներկայութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթութիւնը։
«Գիտութիւնն ու մարդկային հնարաւորութիւնները մեր օրերում արագ են զարգանում, եւ առաւել քան երբեւէ, այսօր կարեւորւում են ուսումն ու կրթութիւնը։ Բոլոր ժամանակներում, սակայն, գլխաւորը մարդկային ոգին ու նկարագիրը կրթելն է, այն ճշմարտութեան եւ բարու մէջ հաստատելը։ Արդարեւ, գիտելիքը արարելու ուժ ու զօրութիւն է, բայց այն բարիք է դառնում, երբ հաստատւած է հոգեւոր արժէքների ու բարոյական հիմքերի վրայ»,-ասել է Նորին Սրբութիւնը՝ կարեւորելով կրթութեան մշակների առաքելութիւնը ազգի զաւակներին ոչ միայն ժամանակին համահունչ գիտելիք ու փորձառութիւն փոխանցելու, այլեւ նրանց միտքը վարժեցնելու՝ խորհելու արդարն ու ճշմարիտը եւ գործելու բարին, սովորեցնելու ճանաչել ու սիրել Հայրենիքը, մեր Սուրբ Եկեղեցին, կրթելու գիտակից, պատասխանատու անհատներ եւ օրինայարգ քաղաքացիներ։
Իր խօսքում Վեհափառ Հայարապետն ընդգծել է, որ համաշխարհայնացման եւ արժեհամակարգի նենգափոխման մերօրեայ յորձանուտում անտեսւում եւ յետ են մղւում իրական արժէքները՝ ազգերին ու հասարակութիւններին կանգնեցնելով հակասութիւնների եւ գոյաբանական խնդիրների առջեւ․ «Ազգային մեր կեանքում նման մարտահրաւէրները յաղթահարելի են մնայուն արժէքներ եւ ամուր ինքնութիւն, հայրենասիրութեան ու ազգանւիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դէպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների եւ իմացութեան եւ միեւնոյն ժամանակ քաջատեղեակ են իրենց պատմութեանն ու հայրերի ժառանգութեանը»։
Անդրադառնալով մատաղ սերնդի կրթութեան ու դաստիարակութեան գործում Հայ Եկեղեցու առաքելութեանը՝ Հայոց Հայրապետը փաստել է, որ անկախ պետականութեան հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետութեան կրթադաստիարակչական գործունէութեանը եւ նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակութեամբ եւ հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։
«Այս կարեւոր նպատակին էր ուղղւած նաեւ «Հայ Եկեղեցու պատմութիւն» առարկան, որն այլեւս չի դասաւանդւելու։ Ցաւ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամէն ջանք գործադրւում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նոյն դպրոցից, փորձ է արւում արժեզրկել հայ ժողովրդի կեանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպէս նաեւ ազգային արժէքների եւ ինքնութեան պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելութիւնը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխւած եւ աղճատւած ներկայացնելով նրա պատմութիւնը։
Պատմութիւնը պէտք է վերանայել սխալները ճանաչելու եւ ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականութեան ապահով ներկան եւ, մանաւանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստւած մեր հաւատին եւ աւանդներին ու դրանցով ներշաղախւած մեր ազգային նկարագրին հարազատ ու հաւատարիմ մնալով։ Սա է մեր պատմութան մատուցած գլխաւոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,-նշել է Հայոց Հովւապետը՝ պատգամելով ուսուցիչներին սիրով, նախանձնախնդրութեամբ ու հաւատով նւիրւել իրականութիւն դարձնելու կենսունակ ու արդար հասարակութիւն եւ ինքնիշխան ու հզօր պետութիւն կերտելու ազգային մեր երազանքը։
Վերջում Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելութեան նւիրեալների գովարժան ծառայութիւնը, հայցել է Երկնաւորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանաւոր սերունդների կրթութեան եւ գիտութեան ասպարէզում նորանոր ձեռքբերումների։
Յաւարտ օրհնութեան կարգի ի պատիւ հրաւիրեալների՝ տեղի է ունեցել ընդունելութիւն: